...

Եվս մի «սխալվելու վճռականություն» կամ «անիծվի էն սհաթը․․․»

Եվս մի «սխալվելու վճռականություն» կամ «անիծվի էն սհաթը․․․»

Տեղ հասանք։ Նիկոլ Փաշինյանի իշխանությունն արդեն «տարածաշրջանում որպես հարևան և գործընկեր դիրքավորվելու» շրջանակներում հայտարարում է, թե Թուրքիան երբեք մեզ չի սպառնացել, ավելին՝ դեռ մի բան էլ ինքն է մեզ որպես սպառնալիք ընկալում, որովհետև Հայաստանում ռուսական ռազմաբազա կա։ 

Թուրքիան, ի դեպ, հարյուր տարի շարունակ ճիշտ նույն կերպ է բացատրում անցած դարասկզբի՝ իրենց բնորոշմամբ «ցավալի իրադարձությունները»։ Դե իհարկե, նրանք հո չէի՞ն ուզում կոտորել հայերին, պարզապես հայերն աջակցում էին ռուսներին, այդպիսով սպառնալիք էին դարձել թուրքական պետության համար, և իրենք ստիպված էին վերացնել այդ «սպառնալիքը»։ Այլ կերպ ասած, ռուսները չլինեին՝ իրենք հայերի հետ ոչ մի պրոբլեմ չէին ունենա։ Հարյուր տարի անց Նիկոլի իշխանությունը նույն բանն է ասում․ ՀՀ տարածքում ռուսական ռազմաբազաներ չլինեն՝ Թուրքիան Հայաստանի հետ ոչ մի պրոբլեմ չի ունենա։ 

Թուրքիան, ի դեպ, ուղղակիորեն Հայաստանին սպառնալու կարիքը չունի։ Դրա փոխարեն կարող է սուսուփուս իրականացնել սպառնալիքը (օրինակ՝ 44-օրյա պատերազմում իր բացահայտ աջակցությամբ ապահովելով Ադրբեջանի հաղթանակը)։ Եվ հետո՝ եթե Ադրբեջանը սպառնում է գրավել Հայաստանի առնվազն կեսը, իսկ Թուրքիան հայտարարում է, թե բոլոր հարցերում աջակցում է և կօգնի Ադրբեջանին, ի՞նչ է դա, եթե ոչ սպառնալիք։

Բայց վերադառնանք «տարածաշրջանում որպես հարևան և գործընկեր դիրքավորվելու գործընթացին»։ ՔՊ-ական պատգամավորներից մեկը, ակնհայտորեն ներկայացնելով իշխանությունների «ռազմավարական գլխավոր գիծը», փակագծերը փոքր-ինչ ավելի է բացում, քան դա կաներ Նիկոլ Փաշինյանը, և միանգամից արժանանում է անեծքների ու հայհոյանքների։ Մինչդեռ անիծելու և հայհոյելու փոխարեն պետք է փաստերով և տրամաբանական փաստարկներով հիմնավորել, թե ինչու է սխալ այդ «ռազմավարական գլխավոր գիծը» և ինչու է անխուսափելիորեն հանգեցնելու աղետալի հետևանքների։ Իսկ ավելի կոնկետ՝ ինչո՞ւ է այս իրավիճակում խիստ վտանգավոր, պայմանականորեն ասած՝ 3500-անոց ռուսական ռազմաբազան եվրոպացի 400 քաղաքացիական դիտորդներով փոխարինելու քաղաքականությունը։

Արցախի դեպքում ամեն ինչ հասկանալի է։ Արևմուտքին այդ հարցն ընդհանրապես չի հետաքրքրում։ Անգամ Իրանին չի հետաքրքրում, որովհետև անկախ նրանից՝ Արցախում հայեր կապրեն, թե ադրբեջանցիներ, դրանից տարածաշրջանի «միջազգային սահմանները» չեն փոխվի։ Հայկական բնակչությամբ Արցախը հետաքրքրում է միայն մեզ և Ռուսաստանին (որպես սեփական ռազմական ներկայության հիմնավորում)։ Իսկ ահա Հայաստանի դեպքում իրավիճակն ավելի դրամատիկ է։ Ե՛վ Ռուսաստանին, և՛ Արևմուտքին Հայաստանն իր ներկա տարածքով հետաքրքրում է այնքանով, որքանով այդ Հայաստանը կլինի իր «ֆորպոստը»։ Մեծ հաշվով՝ Արևմուտքի համար ավելի լավ է Հայաստան ընդհանրապես գոյություն չունենա, քան շարունակի գոյություն ունենալ որպես ռուսական ֆորպոստ։ Ռուսաստանի դիրքորոշումը նույն տրամաբանության մեջ է, բայց՝ փոքր-ինչ մեղմ․ ավելի լավ է Հայաստանը լինի, ասենք, 10 հազար քառակուսի կիլոմետր տարածքով, բայց՝ մնա իր ֆորպոստը, քան լինի 29,8 հազար քառակուսի կիլոմետր տարածքով, բայց՝ ՀԱՊԿ-ից դուրս և վերջնականապես դեպի Արևմուտք թեքված։

Պարզ ասած՝ Հայաստանը հայտնվել է աստվածաշնչյան առակի մանկան վիճակում, որի համար երկու կանայք վիճում են, դատավորն էլ առաջարկում է կիսել մանկանն ու այդպիսով պարզում է, թե ով է իրական մայրը։ Այն տարբերությամբ, որ մեր դեպքում՝ դատավոր չկա, երկու «մայրերն» էլ կեղծ են ու դեմ չեն կիսել մանկանը՝ «ոչ ինձ, ոչ քեզ» սկզբունքով։ Ի՞նչ պիտի անի մանուկն այդ իրավիճակում՝ կիսվելուց խուսափելու համար։ Ճիշտ է, պիտի թույլ չտա, որ իր համար վիճեն, ու գերադասի մնալ այն «մոր» խնամքի տակ, որտեղ եղել է նախկինում՝ գիտակցելով հանդերձ, որ նա խորթ մայր է և «մայրություն է անում» բացառապես շահադիտական նկատառումներով․․․ Բայց եթե այլընտրանքը մեջտեղից կիսվելն ու ոչնչանալն է՝ ընտրություն պարզապես չկա։ 

Որովհետև անհատների դեպքում «մահ իմացեալն» ընտրելը կարող է հասկանալի ու պատվաբեր լինել, բայց պետության դեպքում դա ոչ թե ընտրություն է, այլ արկածախնդրություն։

Մարկ Նշանյան

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   476 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ