...

Եւ մի տանիր զմեզ ի հայհոյախոսութիւն․․․

Եւ մի տանիր զմեզ ի հայհոյախոսութիւն․․․

Քաղաքական վերլուծություն՝ մինչև հուլիսի 5-ը պարականոն բառապաշարից և հայհոյախոսությունից հրաժարվելու շուրջ ձեռք բերված կոնսենսուսի շրջանակներում։

Հետևելով ՀՀ մեծարգո վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարություններին և գործողություններին՝ հանրության մի զգալի հատվածի մոտ կայուն համոզմունք է ձևավորվել, որ նրա նախնիներն առաջին անգամ Հայկական բարձրավանդակում են հայտնվել մոտավորապես 10-րդ դարում՝ Ալթայից։ Փոխարենը՝ նրա արտաքին և ներքին քաղաքականությունը ջերմ հավանության է արժանանում Հայաստանի արևելյան և արևմտյան հարևանների մայրաքաղաքներում։ Մեծարգո վարչապետի այս քաղաքականությունը, սակայն, նորություն չէ։ Ավելին՝ ակնհայտ է, որ Նիկոլ Փաշինյանը ժամանակ առ ժամանակ ոգեշնչվում է հայոց պատմության և մեր հերոսական անցյալի փառահեղ էջերով։ Վարանդայի Մելիք Շահնազար 2-րդը, օրինակ, (ի դեպ՝ նա նույնպես մայրական կողմից ալթայան ծագում ուներ) մելիքական տիտղոսի հարցում լեգիտիմության խնդիրներ ունենալով (դրան հասել էր եղբորն ու նրա ընտանիքի անդամներին սպանելով) և ողջամիտ կասկածներ ունենալով, որ Արցախի մյուս 4 մելիքներն իրեն դրա համար պատասխանատվության կենթարկեն ու կկանգնեցնեն գնդակահարության պատի տակ, օգնության էր կանչել արևելյան բարեկիրթ հարևան Փանահ խանին և օգնության դիմաց նրան նվիրել Շուշին՝ այդպիսով սկիզբ դնելով բուն Արցախում նրանց հաստատմանը։ Որոշ քաղաքագետների պնդմամբ՝ նույնպիսի մարտավարական նպատակներով էլ Նիկոլ Փաշինյանն է սկզբունքորեն կողմ, որ Հայաստան վերադառնան մոտ 300 հազար ադրբեջանցիներ։

Ինչ վերաբերում է ներքաղաքական խնդիրներին, ապա մեծարգո վարչապետը գերադասում է իր հիմնական ընդդիմախոսների դեմ կիրառել բացառապես ֆինանսա-տնտեսական և այլ բիզնես-կառույցների սեփականատերերի փոփոխության ընթացակարգերը՝ միաժամանակ խոստանալով, որ մոտ ապագայում բողոքի հնարավոր ակցիաների մասնակիցների և չմասնակցողների սոցիալական և իրավական կարգավիճակների միջև էական խզում կլինի։ Ու թեև հանրության պատկառելի մասն այսօրինակ գործողությունները պիտակավորում է ոչ ավանդական սեռական կողմնորոշում ունեցողների հոգեկերտվածքը բնորոշող մակդիրներով, այնուամենայնիվ՝ մարտավարությունն առայժմ հաջողվում է։ Ի դեպ՝ հաջողության պատճառներից մեկն էլ այն է, որ իշխանական լրատվամիջոցների և սոցկայքային շահառուների զգալի մասին հաջողվում է իրենց գործունեության մեջ հրաշալիորեն համատեղել առաջին և երկրորդ հնագույն մասնագիտությունների համար պահանջվող որակները։

Հաջողության մյուս պատճառն էլ այն է, որ տիտղոսակիր ընդդիմության մեծարգո առաջնորդներն իրենց հերթին ժամանակին լավ չեն պատկերացրել պետական և իրենց անձնական բյուջեների միջև առկա նուրբ անջրպետը, ինչի արդյունքում էլ այդ ֆինանսական միավորներն իրենց ծավալներով դարձել են միանգամայն համադրելի։ Հասարակության զգալի մասն էլ, բնականաբար, չի մոռացել ոչ միայն դա, այլև այն, որ ժամանակ առ ժամանակ իր դեմ իրականացվել են, այսպես ասենք, իրավաչափության առումով կասկածելի և կյանքի հետ անհամատեղելի միջոցառումներ։

Այսպիսով՝ հերթական խորհրդարանական ընտրություններից մոտ մեկ տարի առաջ ունենք մի իրավիճակ, երբ հասարակության բացարձակ մեծամասնությունը գերադասում է և՛ իշխանություններին, և՛ տիտղոսակիր ընդդիմությանը ցույց տալ այն, ինչը մի քանի օր առաջ մեծարգո վարչապետը ցանկանում էր ցույց տալ Ամենայն Հայոց Կաթողիկոսին։

Մարկ Նշանյան

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   197 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ