Մի քանի դիտարկումներ Ռոբերտ Քոչարյանի ասուլիսի վերաբերյալ։
Առաջին՝ նա միանգամայն արդարացիորեն Նիկոլ Փաշինյանի մինչպատերազմյան քաղաքականությունն անվանեց արկածախնդրություն ու հայտարարեց, թե 2019-ին համանախագահներն ընդունելի առաջարկներ էին ներկայացրել (խոսքը «Լավրովի պլանի» մասին է), և դրանց շուրջ բանակցելու փայլուն հնարավորություն կար, բայց նա չարեց։ Ճիշտ է ասում։ Հիշեցնենք, որ ըստ այդ պլանի՝ հայկական կողմը պիտի վերադարձներ 5 շրջանները, իսկ Արցախի կարգավիճակը պիտի թողնվեր ապագային՝ զուգակցվելով ևս երկու շրջանների վերադարձի հետ։ Պարզապես հարց է ծագում՝ բա եթե, ըստ Քոչարյանի, դա ընդունելի տարբերակ էր, ինչո՞ւ ինքը 1997-ին դրա համեմատ շատ ավելի հայանպաստ տարբերակը մերժեց ու այդ պատրվակով Հայաստանում հեղաշրջում իրականացրեց։
Կարող է, իհարկե, բացատրություն հնչել, թե բա գիտե՞ք, 1997-ի և 2019-ի իրավիճակները տարբեր էին, ուժերի հարաբերակցությունը փոխվել էր և այլն, ու դա նույնպես ճիշտ կլինի։ Բայց այդ դեպքում էլ ուրիշ հարց կառաջանա՝ իսկ այն ժամանակ ո՞վ էր հայտարարում, թե «Հայաստանը ևս 100 տարի կարող է զարգանալ շրջափակման պայմաններում», ո՞վ էր Հայաստանն անվանում «կովկասյան վագր» և ո՞վ էր հեգնում, թե «եթե Կարս-Ախալքալաք-Թբիլիսի երկաթուղու կառուցման վերաբերյալ փաստաթուղթ է ստորագրվել՝ դա դեռ չի նշանակում, թե այդ երկաթուղին կկառուցվի»։ Եվ, ի դեպ, այն ժամանակ ձեզ զգուշացնող չկա՞ր, որ ժամանակի ընթացքում ուժերի հարաբերակցությունն անխուսափելիորեն փոխվելու է Ադրբեջանի օգտին։ Զգուշացնող կար, լսո՛ղ չկար։
Եվս մի դիտարկում։ Նույն ասուլիսում Ռոբերտ Քոչարյանը, ի դեպ՝ դարձյալ միանգամայն իրավացիորեն, հայտարարեց, որ այսօր աշխարհակարգը փոխվում է՝ այնպես, ինչպես փոխվել է Խորհրդային միության փլուզումից հետո, և այս վտանգավոր իրավիճակում պետք է խելամիտ իշխանություններ ունենալ։ Բայց այդպես էլ լեզուն չպտտվեց՝ ասի «այն ժամանակ Հայաստանի իշխանությունները հենց այդպիսին էին, դրա համար էլ հաղթանակներ ունեցանք»։ Որովհետև եթե այդ անհերքելի իրողությունն արձանագրեր՝ հարց կառաջանար․ «բա այդ դեպքում ինչո՞ւ հեղաշրջում իրականացրեցիր»։
Ինչո՞ւ ենք ասում այս ամենը։ Որովհետև որևէ քաղաքական ուժ, որը (և դարձյալ՝ միանգամայն իրավացիորեն) համարում է, որ երկիրն այս վիճակից դուրս բերելու համար իշխանափոխությունն անհրաժեշտություն է, և հավակնում է լծվել այդ գործին, պարտավոր է անկեղծ լինել ժողովրդի հետ և ընդունել սեփական սխալներն ու պատասխանատվության սեփական բաժինը։ Ոչ թե հանուն «վերացական» արդարության, այլ որովհետև առանց դրա պարզապես ժողովրդի աջակցությունը չի ստանա։
Ահա այդ անկեղծությունն էր բացակայում ասուլիսում, թե չէ՝ հիմնականում ճիշտ-ճիշտ բաներ էր ասում։
Մարկ Նշանյան