...

Քոչարյան-Փաշինյան․ «սիամական զույգերի» կյանքից

Քոչարյան-Փաշինյան․ «սիամական զույգերի» կյանքից

Որ ասում ենք Ռոբերտ Քոչարյանն ու Նիկոլ Փաշինյանը սիամական զույգեր են՝ չեք հավատում։ Քոչարյանը հայտարարել է, թե 44-օրյա պատերազմը «հրահրվեց մեր կողմից, հայերի կողմից, հայկական իշխանության կողմից», դրանից ընդամենը հինգ օր առաջ էլ Նիկոլ Փաշինյանն էր հայտարարել, թե Խնածախի բնակելի տների գնդակոծությունը Ադրբեջանի պատասխանն էր Երևանի կենտրոնում այդ երկրի դրոշն այրելու սադրանքին։ Ուշադրություն դարձրեք՝ ոչ միայն բառապաշարն է նույնը, այլև այն, որ երկու դեպքում էլ Ադրբեջանի գործողությունները փաստացի արդարացվում են։ Ավելին՝ երկու դեպքում էլ «սիամական զույգերը» թշնամի երկրի օգտին հայտարարություններ են անում հանուն սեփական ներքաղաքական շահերի։ Քոչարյանը սեփական ժողովրդին «պատերազմի հրձիգ» է որակում ՔՊ-ական իշխանություններին հարվածելու համար, Նիկոլ Փաշինյանն էլ փորձում է ցույց տալ, թե իբր իր խոստացած «խաղաղության դարաշրջանը» ձախողվել է ոչ թե սեփական տխմար քաղաքականության պատճառով, այլ որովհետև Հայաստանում Ադրբեջանի դրոշ են այրել, այ եթե չայրեին՝ խաղաղությունը վաղուց հաստատված կլիներ։

Ռոբերտ Քոչարյանն ու Նիկոլ Փաշինյանը նման են նաև այն առումով, որ երկուսն էլ ղարաբաղյան խնդրի կարգավորումն ընկալել են զուտ սեփական քաղաքական շահերի տեսանկյունից։ Համաձայնվեք՝ մեծ տարբերություն չկա Քոչարյանի «մենք Ղարաբաղի հարցը վաղուց լուծել ենք» և Փաշինյանի՝ «Արցախը Հայաստան է, և վերջ» արտահայտությունների միջև։ Ընդ որում՝ Քոչարյանը դա ասում էր, որովհետև ցանկացած կարգավորում ենթադրում էր փոխզիջումներ, այսինքն՝ իր «վոյինական» վարկանիշի անկում, հետևաբար՝ նախընտրելի էր ձևացնելը, թե իբր ոչ մի հարց էլ չկա, իսկ Փաշինյանը հույս ուներ կրկնել Քոչարյանի արածը՝ «բանակցությունները սկսել սեփական կետից» և այդպիսով ևս տասը տարի ձգել՝ ճիշտ և ճիշտ իր «սիամական զույգի» պես։ Ավելին․ պատերազմը սկսվելուն պես Փաշինյանը հայտարարեց, թե «եկեք պայմանավորվենք, որ ինչ էլ լինի՝ մենք մեզ պարտված չենք համարելու» (այսինքն՝ կարևորը ոչ թե պատերազմի արդյունքն է, այլ դրա գնահատականը), հետո էլ հայտարարեց, թե «եթե ընդունեի կարգավորման ծրագիրը՝ ինձ դավաճան կանվանեին» (այսինքն՝ կարևորը ոչ թե արդյունքն էր, այլ իր վարկանիշը)։

Հիմա՝ 70-80-ականների զինատեսակների «ավելի արդյունավետ և հուսալի» լինելու մասին։ Իրականում դրանք ոչ թե ավելի արդյունավետ ու հուսալի էին, այլ ավելի էժան, իսկ Քոչարյանի համար փողը կարևոր էր, շա՛տ կարևոր։ Դրանով կարելի էր Հյուսիսային պողոտա կառուցել, տաք ծովերում կղզի-բան առնել, որպես սեփական քաղաքական հենարան՝ քրեաօլիգարխիկ համակարգ հզորացնել, դրա համար էլ նրա օրոք հայկական բանակը համարյա նույն՝ Լևոն Տեր-Պետրոսյանի օրոք ստեղծված բանակն էր։ Իսկ ահա Ադրբեջանը չէր հասկանում, որ հին սպառազինությունն ավելի արդյունավետ ու հուսալի էր, և «էշ-էշ» ժամանակակից «անհուսալի ու անարդյունավետ» սպառազինություն էր ձեռք բերում։ Նիկոլ Փաշինյանի համար էլ բանակն ընդամենը փիառվելու միջոց էր, ու քանի որ նա իր քաղաքական հենարանն էր համարում «լյումպենը»՝ իրեն պետք էր ոչ թե ժամանակակից սպառազինություն, այլ ընդամենը «տուշոնկա գողացող գեներալներ», ելակ ուտող զինվորներ ու մի քանի տասնյակ միլիոն դոլարանոց ինքնաթիռներ՝ հատուկ սելֆի անելու համար (դրանց այլ կիրառման վերաբերյալ առ այսօր տեղեկություններ չկան)։

Ահա այդպես էլ «սիամական զույգը» Հայաստանը հասցրեց այսօրվա վիճակին։ Իսկ Սերժ Սարգսյանին չենք անդրադառնում, որովհետև սովորաբար բնության մեջ «սիամական եռյակներ» չեն լինում։ Ցանկության դեպքում կարող եք համարել, որ զույգերից մեկը երկգլխանի է։

Մարկ Նշանյան

ՎԱՐԿԱՆԻՇ

   401 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ