...

«Գժականով»՝ բրյուսելյան հանդիպմանն ընդառաջ

«Գժականով»՝ բրյուսելյան հանդիպմանն ընդառաջ

Կառավարության նիստում Նիկոլ Փաշինյանը նեղսրտել էր, թե Հայաստանը բազմիցս տարբեր խողովակներով Ադրբեջանին տեղեկացրել է, որ համաձայն է ներկայացված 5 կետերին, բայց նրանք համառորեն ձևացնում են, թե ոչ մի պատասխան էլ չեն ստացել։ Մոտավորապես հայտնի անեկդոտի նման, որտեղ չուկչան նեղսրտում է, թե «էս երկրաբաններն ի՞նչ հիմար մարդիկ են, հազար անգամ բացատրում եմ, որ իմ կինը իրենց կինը չի՝ չեն հասկանում»։ Ու ևս մեկ անգամ հայտարարեց, թե «Հայաստանի համար ընդունելի է փոխադարձաբար տարածքային ամբողջականության և սահմանների անխախտելիության ճանաչման սկզբունքը»։ 

Նիկոլ Փաշինյանն, իհարկե, կարող է ձևացնել, թե չի հասկանում Ադրբեջանի այդ տարօրինակ պահվածքը (պարզ ասած՝ կարող է ևս մեկ անգամ «իրեն գժի տեղ դնել»), բայց դրանից հազիվ թե որևէ բան փոխվի։ Փաստն այն է, որ Ադրբեջանը պահանջում է բանակցություններ վարել ոչ թե «ընդլայնված օրակարգով», այլ միայն այդ 5 կետերի շուրջ, առանց Արցախի կարգավիճակի կամ արցախահայության իրավունքների հիշատակման։ Այսինքն՝ ըստ էության վերջնագիր է ներկայացրել, և ցանկացած լրացուցիչ կետի ներառում ընկալում է որպես վերջնագրի մերժում։ Նիկոլ Փաշինյանն էլ, նկատենք, այս անգամ ոչ մի լրացուցիչ կետ չհիշատակեց։ Այսինքն՝ փաստացի ընդունեց վերջնագիրը։

Գործնականում սա նշանակում է, որ ինչպես Լևոն Տեր-Պետրոսյանն էր ասել՝ եթե Ռոբերտ Քոչարյանը ժամանակին Արցախը դուրս թողեց բանակցային գործընթացից, հիմա Նիկոլ Փաշինյանը Հայաստանն է դուրս բերում այդ նույն գործընթացից։ Որովհետև փոխադարձաբար միմյանց տարածքային ամբողջականությունը ճանաչելուց հետո Արցախի ինքնորոշման իրավունքի հարցն, իհարկե, մնալու է, բայց լավագույն դեպքում՝ մնալու է ռուս-ադրբեջանական տիրույթում, իսկ Հայաստանի դերը սահմանափակվելու է ընդամենը միջազգային կառույցներում մարդասիրական բնույթի հարցեր բարձրացնելով։ Ընդ որում՝ Ռուսաստանը, ցանկանա էլ, չի կարողանալու այդ հարցը կարգավորել հօգուտ Արցախի։ Ինչո՞ւ պիտի հանուն Արցախի փչացնի հարաբերությունները «ռազմավարական գործընկերներ» Ադրբեջանի ու Թուրքիայի հետ, առավել ևս՝ ռազմական գործողություններ իրականացնի։ 

Հենց սա է պատճառը, որ Ադրբեջանն այսօր շտապում է «փաստաթղթավորել» միմյանց տարածքային ամբողջականությունը ճանաչելը՝ առանց Արցախի հիշատակման։ Որովհետև դրանից հետո Արցախը հայաթափելը «տեխնիկայի հարց է»։ Ռուս խաղաղապահների թվակազմի ավելացում թույլ չեն տա, «միջազգային օրենքների շրջանակներում» կպահանջեն Արցախի «ապօրինի զինված կազմավորումների զինաթափում» (սովորության համաձայն՝ նույն ռուս խաղաղապահների միջոցով), ժամանակ առ ժամանակ կփակեն Գորիս-Ստեփանակերտ ճանապարհը ու բացելու դիմաց սահմանային անցակետ կտեղադրեն, ռուսներն էլ լավագույն դեպքում մի քանի տարի անց հերթական անգամ «կփրկեն բազմաչարչար հայ ժողովրդին»՝ Ստեփանակերտից կէվակուացնեն վերջին հային ու խաղաղապահներին կտեղափոխեն Սյունիք։ Համենայն դեպս՝ Ադրբեջանն այսպես է պատկերացնում «խաղաղության դարաշրջանի բացումը», ու Նիկոլ Փաշինյանի իշխանությունը կարծես թե դեմ չէ։ Կարևորը՝ որ մեղքն ուրիշների վրա բարդելու անսահմանափակ հնարավորություններ կունենա։ Ռուսներին կմեղադրի, խոստումները դրժած Ադրբեջանին կմեղադրի, անտարբեր ու տմարդի միջազգային հանրությանը կմեղադրի, թալանչի նախկիններին կմեղադրի, արցախահայությանը կմեղադրի, որ մինչև վերջին մարդը չեն զոհվել, և այլն։ Վերջում էլ աչքերը կլորացրած կասի «դե հիմա ես ի՞նչ անեմ, որ այդ ագրեսորները որպես կոնտրիբուցիա մի 100 միլիարդ դոլար են ուզում կամ դրա դիմաց Սյունիքն են պահանջում, ո՞ւմ մտքով կանցներ»։

Մարկ Նշանյան

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   5185 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ