...

Գողություն չենք արել, գողություն

Գողություն չենք արել, գողություն

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը Irakanum.am-ի հետ զրույցում անդրադարձել է ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանի կողմից 280 հազ. դոլարով առանձնատուն գնելու փաստին և դա համեմատել հանրապետականների հետ կապված կոռուպցիոն քրգործերի հետ: Նա ասել է. «Էս պահին դատարաններում գտնվող, դեռևս չապացուցված, չարաշահումներ, յուրացումներ, էդ բոլորի ֆինանսական գումարները որ գումարում ես իրար, ստացվում է նախագահ Սերժ Սարգսյանի իշխանության 10 տարվա ընթացքում մեր ռազմական բյուջեի 0,0... ու թվեր տոկոսն է կազմում: Սա ամենախոսուն թիվն է»:

«ՉԻ». Սա լրիվ «Մարալիկ, Մարալիկ, քիփիլիկ քաղաք է, էլի» սերիայից է: Ասում է՝ հա, կոռուպցիա, յուրացում, բան, մեր օրոք եղել է, բայց դա ընդամենը ռազմական բյուջեի 0,0 եսիմ քանի տոկոսն է: Էն էլ 10 տարվա: Յանի, թալանածը ի՞նչ է: Հա, եթե համեմատում եք ռազմական բյուջեի հետ:

Մենք ձեզ օգնենք, որ ընդհանրապես փակեք կոռուպցիայի թեման: Ասեք, որ ձեր օրոք թալանածը կազմում է վերջին 30 տարվա ռազմական բյուջեների ընդամենը 0,0000 քանի տոկոսը: 

Իսկ եթե ցանկանում եք, որ մի հատ էլ շնորհակալություն հայտնեն, որ այդքան ասկետ, համարյա ազնիվ ժողովուրդ եք եղել, հայտարարեք, որ ձեր օրոք թալանածը եթե համեմատում ենք Առաջին, Երկրորդ, Երրորդ Հանրապետությունների ռազմական, առողջապահական, կրթական բյուջեների հետ, էս տեքստում 0-ների համար տեղը քիչ կլինի: 

Որ այդպես է, Արարատ Միրզոյանից որևէ պարտք ու պահանջ չպիտի ունենաք. 280 հազար դոլարը մեր ռազմական բյուջեի քանի՞ տոկոսն է կազմում.... դուք հաշվեք: Ամոթ չի՞, որ դրա համար շուխուր եք գցել: 

Եթե այդքան լավ հաշվել գիտեք, մի հատ էլ հաշվեք՝ ձեր օրոք թալանի, յուրացումների ծավալը միջին աշխատավարձի քանի՞ կրկնապատիկն է: Կարծում ենք՝ այդտեղ զրոներն ավելի շատ կլինեն:

Ծանուցում. Ենթադրյալ թալանի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա թալանի չափը չի գերազանցում ՀՀ ռազմական բյուջեի 0,1%-ը:

ՎԱՐԿԱՆԻՇ

   496 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ