ՀՀ նախկին փոխվարչապետ, ԱՆԻՖ-ի տնօրենների խորհրդի նախագահ Տիգրան Ավինյանը գրել է. «Ինձ անհասկանալի պատճառներով մի շարք անձինք ու ԶԼՄ-ներ ինտենսիվորեն պատրաստվում են Երևանի ավագանու արտահերթ ընտրություններին։ Եվ այդ համատեքստում չհայտարարված «պատերազմի» են դուրս եկել` առիթ-անառիթ գրեթե ամենօրյա ռեժիմով հորինվածքներ և մանիպուլյացիաներ հյուսելով ու տարածելով։
Քաղաքական ավելի ակտիվ շրջանում մտադիր եմ հանգամանալից կերպով անդրադառնալ որոշ հարցերի, որպեսզի մանիպուլյացիան անընդհատ կրկնելով ճշմարտություն չդառնա»:
«ՉԻ». Լավ, լավ, համեստություն մի արա: Ամեն իշխանություն ունենում է իր գորշ կարդինալը: Այսինքն՝ այն մարդը, որը հրապարակավ քիչ է երևում, բայց որը մեծ ազդեցություն ունի քաղաքական և տնտեսական գործընթացների վրա: Հիմա, այդպես է ստացվել, որ այդ ստվերային պաշտոնը Ավինյանին է բաժին հասել:
Քաղաքականի մասով չգիտենք, իսկ ահա տնտեսական ոլորտում Տիգրան Ավինյանին արդեն վաղուց կարելի է գորշ Հռոմի պապ էլ համարել: Որտեղ մի հատ յուղոտ, չալաղաջ բիզնեսի հոտ է գալիս, ետևում, չգիտես ինչու, Ավինյանի ականջներն են երևում:
Ամուլսար, Երևանի կենտրոնում նոր թաղամասի շինարարություն, Ֆլայ-ֆստան ավիաընկերություն, հիմա էլ՝ «Ղարաբաղ-Տելեկոմ»: Գիտեք երևի, որ «Վիվասելին» հեռացրին Արցախից և «Ղարաբաղ-Տելեկոմը» մենաշնորհային իրավունքներով մնաց մենակ: Էլի Ավինյանի անունն են տալիս:
Բնական է, որ նման ազդեցություն ունեցող գործչի դեմ տարբեր ուժեր պայքարում են: Բայց ինչն է հետաքրքիր. արմատական ընդդիմադիր մամուլը գործնականում երբեք Ավինյանի մասին չի գրում, չի հիշատակում: Դա նշանակում է, որ շատ գորշ է:
Հուսով ենք, որ էս, ինչ որ գրում ենք, Ավինյանը սքրին արած կդնի իր պատին: Ումի՞ց ենք պակաս: