Բոլոր նրանց համար, ովքեր լրջորեն հավատում են, որ Հայաստանում հնարավոր է ինչ-որ բան փոխել ընտրությունների միջոցով, ներկայացնենք Գյումրիում տեղի ունեցած ընտրությունների վերաբերյալ մի քանի փաստեր։
1․ Գյումրիում ավելի շատ ընտրող կա, քան բնակիչ։ Ընտրողների պաշտոնական թիվը մոտ 111 հազար է, իսկ առկա բնակչությունը՝ ներառյալ երեխաները, ընտրելու իրավունք չունեցողները և այլն, մոտ 110 հազար։
2․ Որպես «ընդդիմության հաղթանակ» ներկայացվող ընտրություններում առաջին տեղը զբաղեցրել է իշխող կուսակցությունը՝ հավաքելով նույնքան ձայն, որքան երկրորդ և երրորդ տեղերը զբաղեցրած ուժերը՝ միասին։ Թե ինչ մեթոդներով՝ այլ հարց է։
3․ Իբր համամասնական (կուսակցական) ընտրություններում երկրորդ տեղը զբաղեցրել է մի կուսակցություն, որի գոյության մասին Գյումրիում վաղուց մոռացել էին, ու վստահաբար՝ մի քանի օր անց նորից մոռանալու են, այդ թվում՝ նաև Վարդան Ղուկասյանը։
4․ Կոմունիստական կուսակցությունը ստացել է 4,5 անգամ ավելի շատ ձայն, քան եվրոպամետների դաշինքը։
5․ ՔՊ-ն ոմն Սարիկի գլխավորած ցուցակով Գյումրիում ստացել է երկու անգամ ավելի շատ ձայն, քան 4 տարի առաջ, երբ այդ նույն համայնքում նույն կուսակցության ցուցակը գլխավորում էր Նիկոլ Փաշինյանը։
6․ Անցողիկ շեմը հաղթահարել են 5 ուժեր, որոնցից մեկը Նիկոլ Փաշինյանի կուսակցությունն է, իսկ մյուս 4-ն ուղղակիորեն կամ անուղղակիորեն վայելում են Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի աջակցությունը։ Այս երեք ուժերը, հիշեցնենք, միմյանց մեղադրում են Արցախը կորցնելու և Հայաստանն անդունդի եզրին հասցնելու մեջ, և մեծ հաշվով՝ երեքն էլ իրավացի են։
7․ Քվեարկությանը նախորդել են բազմաթիվ խախտումներ, վարչական ռեսուրսի չարաշահման և կրիմինալի ներգրավվածության ապացույցներն ակնհայտ են եղել, իրականացվել են ընդդիմադիր թիմերի ներկայացուցիչների ձերբակալություններ և այլն, իսկ քվեաթերթիկները հաշվելու ժամանակ բազմաթիվ տեղամասերում հոսանքն անջատվել է։
8․ Անկախ ընտրությունների արդյունքներից՝ Գյումրիի քաղաքապետի անձը որոշվելու է ըստ երկու հանգամանքների․ առաջին՝ կկարողանա՞ն Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանն իրար հետ «լեզու գտնել», և երկրորդ՝ թե որքանո՞վ արդյունավետ «կաշխատեն» դատախազությունն ու հակակոռուպցիոն կոմիտեն։
Մարկ Նշանյան
Հ․Գ․ Հայաստանի տիպի երկրներում ընտրություններով իշխանափոխության գործընթացը ոչ թե սկսվում է, այլ ավարտին հասցվում։ Իսկ բուն իշխանափոխությունը տեղի է ունենում ավելի վաղ։