...

«Հաագայի ճակատամարտը»՝ հերթական բարոյական հաղթանակ

«Հաագայի ճակատամարտը»՝ հերթական բարոյական հաղթանակ

Հաագայի դատարանի որոշումը որպես աննախադեպ դիվանագիտական հաղթանակ ու համարյա նոր Ավարայր ներկայացնելը, մեղմ ասած, այնքան էլ ճիշտ չէ, որովհետև շատ արագ կարող է պարզվել, որ դա ընդամենը մեր հերթական «բարոյական հաղթանակն» էր՝ առանց կոնկրետ արդյունքների։ Եվ խնդիրն ամենևին էլ այն չէ, որ նույն դատարանն «ապացուցված չհամարեց», որ Արցախի գազամատակարարումն ու էներգամատակարարումն Ադրբեջանն է դադարեցրել, այսինքն՝ այդ մասով ադրբեջանական կողմին որևէ բան չպարտավորեցրեց։ Սա դեռ մի կողմ թողնենք։ Խնդիրն այն է, թե կոնկրետ ինչպե՞ս պիտի Ադրբեջանը, որպես պետություն, «իրեն հասու միջոցներով» ապահովի Լաչինի միջանցքով անխափան երթևեկությունը, եթե հայտարարում է, թե միջանցքը փակ չէ, ճանապարհի մոտ հավաքվածներն էլ «բնապահպաններ են» և պետության հետ կապ չունեն։ Նիկոլ Փաշինյանը, օրինակ, «կոնկրետ քայլ է հուշում»։ Ասում է՝ Ալիևը պիտի «այսպես կոչված բնապահպաններին կոչ անի բացել ճանապարհը»։ Հասկանալի է, չէ՞, որ եթե անգամ նման կոչ լինի՝ «բնապահպանները» կհրաժարվեն ենթարկվել դրան։ Եվ այդ դեպքում ի՞նչ «հասու միջոցներով» պիտի Ադրբեջանն ապահովի անխափան երթևեկությունը։ Կամ պիտի ռուս խաղաղապահներին թույլ տա ուժ կիրառել «խաղաղ բնապահպանների» նկատմամբ (ինչը չի անի), կամ պիտի ադրբեջանական ոստիկանական ուժեր ուղարկի՝ «բնապահպանների ապօրինի ցույցը ցրելու» համար, ու քանի որ դրանք պարբերաբար կարող են կրկնվել՝ ճանապարհի մոտ ադրբեջանցի ոստիկանների ներկայությունը մշտական կդառնա ու կընդլայնվի։ Եվ դա տեղի կունենա «ի կատարումն Հաագայի դատարանի որոշման»։ 

Սա, իհարկե, չի նշանակում, թե Հաագայի դատարանի որոշումը կարևոր չէր։ Բավականին կարևոր էր ու որոշ ժամանակով կարող է անգամ փոքր-ինչ մեղմել Արցախի շրջափակման ռեժիմը։ Բայց ակնհայտ է, որ դա հարցի լուծում չէ։ Եվ չի էլ կարող լինել, որովհետև Արցախի շրջափակումը ոչ թե պատճառ է, այլ հետևանք, իսկ պատճառը վերացնելու (այսինքն՝ խնդրի ամբողջական կարգավորման) հարցում Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի դիրքորոշումները միանգամայն տարբեր են։ Եթե փոքր-ինչ սխեմատիկ ներկայացնենք, Ադրբեջանին պետք է նոր պատերազմ, Հայաստանին՝ տևական խաղաղություն, իսկ Ռուսաստանին՝ ոչ պատերազմ, ոչ խաղաղություն, կամ, այլ կերպ ասած, մշտական, բայց վերահսկելի լարվածություն։ Տրամաբանորեն՝ շահերի այսօրինակ դասավորվածության պայմաններում Ռուսաստանը կցանկանար «պատժել» և՛ Ադրբեջանին, եթե վերջինս փորձի նոր պատերազմ սկսել, և՛ Հայաստանին, եթե վերջինս լրջորեն փորձի ցանկացած գնով տարածաշրջանում տևական խաղաղության հասնել և «դիքավորվել ոչ թե որպես ֆորպոստ, այլ որպես հարևան և գործընկեր»։ Բայց Ռուսաստանն Ադրբեջանին «պատժելու» ոչ ռեսուրսներ ունի, ոչ էլ ցանկություն (հաշվի առնելով Թուրքիայի գործոնը), իսկ ահա Հայաստանի վրա ճնշումներ գործադրելու լծակների պակաս չկա։ Դրա համար նույնիսկ նոր բան հորինելու կարիք չկա, ընդամենը կարող է կիրառել ճիշտ այն նույն երկու լծակները, որոնք Ադրբեջանն է կիրառում Արցախի դեմ․ ռազմական էսկալացիայի սպառնալիք և շրջափակում։

Ուշադրություն դարձրեք՝ Հայաստանի հասցեին սպառնալիքները հնչեցվում են գրեթե ամենօրյա ռեժիմով, շրջափակման առաջին նախանշաններն էլ արդեն երևում են՝ Հայաստանին մատակարարվող գազի ծավալները նվազել են։ Ընդ որում, հայ-թուրքական սահմանի բացման հետ հույսեր կապելը բացարձակապես անիմաստ է։ Նախ՝ որովհետև Թուրքիան այդ հարցը պայմանավորում է հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմամբ (բնականաբար՝ ադրբեջանական պատկերացումներով), և երկրորդ՝ հայ-թուրքական սահմանը նաև ԵԱՏՄ-ի և Մաքսային միության սահմանն է, այսինքն՝ Հայաստանից և Թուրքիայից բացի այլ վերահսկողներ էլ կան։

Մի խոսքով, տարածաշրջանային իրողություններն անտեսելն ու միջազգային ատյաններում արդարություն փնտրելը շատ հրապուրիչ է, բայց իրական լուծումները, ցավոք, այլ հարթությունում են։

Մարկ Նշանյան

Читать на русском

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   1059 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ