...

Հաջորդ մեղավորը ժողովրդավարությունն է

Հաջորդ մեղավորը ժողովրդավարությունն է

Որքան էլ քաղաքական ուժերը ՏԻՄ ընտրությունների արդյունքները ներկայացնեն որպես իշխող կուսակցության լիակատար ձախողում կամ հակառակը, միևնույն է՝ ակնհայտ է, որ այդ ընտրությունները քաղաքականության հետ առանձնապես կապ չունեն, դրանք ընդամենը այս կամ այն համայնքում իշխանական լծակներից օգտվելու համար մղվող տեղական նշանակության մարտեր են։ Փոխվել է միայն այն, որ նախկինում տեղական «հեղինակությունները», «տասովչիկները» և ուժային կառույցները Քոչարյանի կամ ՀՀԿ-ի համար էին աշխատում, հիմա՝ ՔՊ-ի։ Մեթոդները նույնպես չեն փոխվել՝ վարչական ռեսուրսի կիրառում, ահաբեկումներ, ընտրակաշառք և այլն։ Ու երևի միանգամայն անկեղծ է Նիկոլ Փաշինյանը, երբ հայտարարում է, թե «ընտրությունների այս որակը մեր վաղեմի երազանքն է՝ ի կատար ածված»։ Բա իհարկե, մարդը հո չէ՞ր երազում վերացնել այդ համակարգը, նա ընդամենը երազում էր, որ այդ համակարգն իրեն ծառայի, ու շատ տեղերում լավ էլ ծառայեց։ Համենայն դեպս՝ բազմաթիվ «նախկին թալանչի» համայնքապետեր ստիպված եղան անցնել իր թրի տակով ու դառնալ ՔՊ-ական։ Որտեղ էլ ընտրությունների միջոցով չստացվեց՝ հետո կստացվի քրեական գործեր հարուցելու միջոցով։ Այսինքն՝ գործում է ընտրակեղծարարության շատ ավելի կատարելագործված համակարգ, որի դեպքում ԿԸՀ արձանագրված տոկոսներն առանձնապես կարևոր չեն․ քաղաքական որ ուժն էլ հաղթի՝ հաղթողի ներկայացուցչին «կզըցնելու» երաշխավորված ձևեր կգտնվեն, ու կարևորը՝ «թղթերով ամեն ինչ կարգին կլինի»։ Սա Սերժ Սարգսյանի վրայով կարված կոստյումի թևերից մեկն է, որը շատ է դուր եկել Նիկոլ Փաշինյանին, ու ինչ էլ անես՝ հագից չի հանի։ Որովհետև իր վաղեմի երազանքն է՝ ի կատար ածված։

Հասկանո՞ւմ է արդյոք Նիկոլ Փաշինյանը, թե ինչ վտանգներով է հղի իր «վաղեմի երազանքը»։ Այո, հասկանում է։ Ինքն է ասում, չէ՞, որ «հենց ընտրությունների կեղծման երկարատև պրակտիկան է քայքայել 90-ականների սկզբին ձևավորվող պետական դիմակայունության համակարգը և շղթայական ռեակցիաներով հանգեցրել անվտանգային աղետների»։ Հասկանում է, բայց շարունակում է նույնն անել ավելի կատարելագործված մեթոդներով։ Որովհետև իրեն ոչ թե «պետական դիմակայունությունն» է հետաքրքրում, այլ այն, որ ընտրակեղծարարության համակարգի վերացումն անձամբ իր համար հանգեցնելու է «անվտանգային աղետների»։

Բայց ամենաուշագրավը նրա մեկ այլ խոստովանությունն է՝ «գիտեմ և հասկանում եմ տեսակետը, թե ավելի լավ է ընտրությունները կեղծվեին, բայց անվտանգության ավելի բարձր մակարդակ ունենայինք»։ Գործնականում նրա ասածը մոտավորապես սա է․ «դե հա, գիտեմ, եթե իմ փոխարեն երկիրը նորմալ մարդ ղեկավարեր, էս օրը չէինք ընկնի, բայց ժողովուրդն ինձ է ընտրել, ու ինձ համար դա շատ ավելի կարևոր է, քան պետության անվտանգության մակարդակը, ու եթե հիմա այդ մակարդակը շատ ցածր է, ժողովուրդն է մեղավոր, թող ուրիշին ընտրեր։ Կամ էլ՝ նախկին իշխանություններն են մեղավոր, որ ժողովրդին թույլ տվեցին հասնել արտահերթ ընտրությունների։ Եթե գիտեին, որ ինձ նման մեկն է գալու իշխանության, ինչո՞ւ թույլ տվեցին, ինչո՞ւ մինչև վերջ չդիմադրեցին»։ 

Մի խոսքով, քայլ առ քայլ մոտենում ենք Նիկոլ Փաշինյանի՝ «գնդակահարության պատի տակ» արտասանելիք վերջին խոսքի տեքստի շեշտադրումների հստակեցմանը։ Ըստ երևույթին՝ հիմնական շեշտադրումն այնուամենայնիվ լինելու է ամեն ինչի մեղքը ժողովրդավարության վրա բարդելը։ Ինքն ի՞նչ մեղավոր է, որ ժողովրդին խաբել է, խաղի կանոններն էին այդպիսին, իսկ ժողովուրդը թող չխաբվեր։  

Մարկ Նշանյան

ՎԱՐԿԱՆԻՇ

   2197 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ