...

Համատեղ ուժերով էլ կեղծելու են ընտրությունները

Համատեղ ուժերով էլ կեղծելու են ընտրությունները

Ընտրությունները կեղծելու երկու հիմնական տարբերակ կա։ Առաջինը զուտ «մեխանիկական» կեղծիքներն են՝ ընտրակաշառք, թվանկարչություն, վարչական ռեսուրսի չարաշահում, քաղաքական հակառակորդների ձերբակալություններ, տոտալ ահաբեկումներ և այլն։ Երկրորդ տարբերակն ավելի բարդ է, որովհետև պետք է կեղծել ոչ թե ընտրությունների արդյունքները, այլ «նախնական պարամետրերը», օրինակ՝ ընտրողներին համոզել, որ իրենք ընտրություն են կատարելու ոչ թե քաղաքական ուժերի, այլ խաղաղության և պատերազմի միջև։ Նիկոլական իշխանությունները, հասկանալի է, երկու տարբերակներից էլ լիուլի օգտվում են։

Բայց վերջին շրջանում հանրային գիտակցության մեջ ներարկվում է ևս մի կեղծ այլընտրանք։ Դա արտահայտվում է մոտավորապես այսպես․ օրինակ՝ բացահայտ ռուսական կողմնորոշմամբ որևէ (լավ վճարվող) «ազգափրկիչ» ռուսական որևէ լրատվամիջոցի հարցազրույց է տալիս ու հարցը ներկայացնում այնպես, թե Հայաստանը պիտի ընտրություն կատարի իրական անվտանգության ու «Մաքդոնալդսի» միջև, կամ՝ որևէ նիկոլական (առնվազն նույնքան լավ վճարվող) «ազգափրկիչ», ի պատասխան Նիկոլի քաղաքականության արդյունքում Սյունիքի գլխին կախված սպառնալիքների վերաբերյալ ընդդիմության պնդումների, լուսանկարներ է տեղադրում Գորիսից՝ Էյֆելյան աշտարակի մոդելով, սիրուն նստարաններով ու «իրանց ամեն ընչով»։ Այսպիսով ստեղծվում է կեղծ այլընտրանք՝ իբր Հայաստանի դեպքում տարբերակներն ընդամենը երկուսն են․ մենք պիտի լինենք կամ «ռուսների կողմից մի քիչ զաչմարիտ արված, քյասիբ, բայց ապահով», կամ՝ «առանց անվտանգության երաշխիքների, բայց՝ սիրուն ապրող, Մաքդոնալդս ուտող, կոլա խմող, մի քիչ գալուբոյոտ, բայց ազատ ու համաշխարհային քաղաքակրթության անբաժանելի մաս հանդիսացող հանրույթ»։ 

Հարց է ծագում՝ իսկ երրորդ տարբերակ չկա՞։ 90-ականների Հայաստանը, օրինակ, Արևմուտքի կողմից ընկալվում էր որպես «տարածաշրջանում ժողովրդավարության կղզյակ», բայց հրաժարվում էր դառնալ հակառուսականության պլատֆորմ և իսկապես արժանապատիվ հարաբերություններ ուներ Ռուսաստանի հետ, ինչն անվտանգային առումով չափազանց կարևոր էր (դրա շնորհիվ, օրինակ, բացառվեց Թուրքիայի միջամտությունն արցախյան առաջին պատերազմին)։ Ու դա փայլուն արդյունքներ տվեց։ Կարելի է բերել նաև այսօրվա Վրաստանի օրինակը՝ այդ երկիրն ակնհայտ արևմտյան կողմնորոշում ունի, Եվրամիության անդամության թեկնածու է, դինամիկ զարգանում է, բայց իրեն հեռու է պահում արևմտյան արժեհամակարգի «դեգրադացիոն բաղադրիչներից» ու հրաժարվում է դառնալ հակառուսականության ակտիվ պլացդարմ։ Այսինքն՝ իրականում երրորդ տարբերակը լավ էլ հնարավոր է։

Բայց՝ չէ, մեր քաղաքական դաշտը հստակ երկու մասի է բաժանված․ մի մասն ինքնամատուցվում է Արևմուտքին և խնդրում իրեն օգտագործել որպես հակառուսական «բաստիոն», մյուս մասն ինքնամատուցվում է Ռուսաստանին ու խնդրում իրեն օգտագործել որպես «ֆորպոստ»։ Երկու դեպքում էլ արդյունքները կանխատեսելի են․ դառնում ենք կամիկաձե, ընդ որում՝ հայերեն ասած, «չուժոյ պախմել»։ Իսկ ամենասարսափելին այն է, որ ինքնամատուցվող քաղաքական ուժերի այս դիրքավորումները կապ չունեն նրանց սկզբունքների ու արժեհամակարգի հետ, նրանք պարզապես պայքարում են հանուն իշխանության և այդ պայքարում դրսի աջակցություն են մուրում՝ թքած ունենալով, թե դրա դիմաց ինչ գին պիտի վճարի երկիրը։

Մեծ հաշվով՝ ամենավտանգավոր ընտրակեղծիքը հենց սա է, երբ համատեղ ուժերով հասարակությանը համոզում են, թե իբր ոչ մի երրորդ տարբերակ էլ չկա, կամ «գուբերնիա» ենք դառնում, կամ «վիլայեթ»։ Եվ որևէ ուժ, որը կկարողանա ջարդել այս կարծրատիպը, առաջիկա ընտրություններում լուրջ հաջողություններ կունենա։

Մարկ Նշանյան

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   115 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ