...

«Համավարակը հետաձգեց իմ ծրագրերը, բայց ոչ՝ նպատակները». Արթուր Ալեքսանյան

«Համավարակը հետաձգեց իմ ծրագրերը, բայց ոչ՝ նպատակները». Արթուր Ալեքսանյան

Հունահռոմեական ոճի ըմբիշ, Աշխարհի եռակի, Եվրոպայի հնգակի, Եվրոպական և Օլիմպիական խաղերի բազմակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը անկախ Հայաստանի ամենաշատ հաղթանակների արժանացած մարզիկներից է:

Արթուրը ըմբշամարտում իր առաջին քայլերը սկսել է ութ տարեկան հասակում հոր՝ Հայաստանի վաստակավոր մարզիչ Գևորգ Ալեքսանյանի գլխավորությամբ: Գյումրիի այն մարզադպրոցը, որտեղ մարզվել է չեմպիոնը, ի պատիվ Արթուրի արդեն իսկ անվանակոչել են նրա անունով:

«ՉԻ»-ն Արթուր Ալեքսանյանի հետ զրուցել է իր ընտրած մարզաձևի, անցած ճանապարհի, համավարակի պայմաններում սահմանափակումների ու ի հայտ եկած դժվարությունների մասին:

- Արթուր, դեռ մեկ տարի առաջ ոգևորությամբ էիր սպասում ամառային 32-րդ օլիմպիական խաղերին՝ Տոկիո 2020-ին: Մարտ ամսին այդ խաղերը համավարակի պատճառով հետաձգվեցին մեկ տարով: Այդ հետաձգումը ինչպես է անդրադարձել քո մարզական վիճակի վրա: Այս մասին քո դիտարկումներն ինչպիսի՞ն են: Այդ հանգամանքը որոշակի հոգեկան տրամադրվածության պատճառ կարո՞ղ է դառնալ:

- Ճիշտն ասած, Տոկիոյի օլիմպիական խաղերին նախապատրաստվելու այդ ժամանակահատվածում ես լավ մարզավիճակում էի: Մինչ այդ մասնակցել էի Եվրոպայի առաջնությանը, մեծ առավելությամբ հաղթանակ էի տարել և բարձր տրամադրությամբ վերադառնալով Հայաստան՝ պատրաստվում էի Տոկիոյի օլիմպիական խաղերին:

Սակայն համավարակը հետաձգեց իմ բոլոր ծրագրերը: Ճիշտ է, մի փոքր հիասթափություն եղավ, քանի որ մի քանի ամիս էր մնացել օլիմպիական խաղերին, և ես էլ ֆիզիկական պատրաստվածությունից բացի, նաև հոգեբանորեն էի նախապատրաստվել, բայց դա մի պահ էր միայն: Հիմա կրկին լավ մարզավիճակում եմ բոլոր առումներով: Ոչինչ չի փոխվել, բնականոն կերպով շարունակում եմ մարզումներս: Ծրագրերի հետաձգումից նպատակներս չեն փոխվել:

- Կազմակերպիչները չեն բացառում, որ խաղերը կարող են անցկացվել առանց հանդիսականների: Ի՞նչ կասեիր այս մասին:

- Ճիշտն ասած այդ լուրերը դեռ խոսակցությունների մակարդակի են: Կարծում եմ՝ դեռ հստակ որոշված չէ, թե ինչ ձևաչափով պետք է անցկացվեն խաղերը, բայց նորություն ասած չեմ լինի, եթե ասեմ, որ հանդիսականների ու երկրպագուների ներկայությամբ ընթացող առաջնությունները բոլորովին ուրիշ են: Երկրպագուների և հանդիսականների ներկայությունը բոլորովին ուրիշ զգացողություն է հաղորդում:

- Քովիդ 19-ի պայմաններում ինչպե՞ս է փոխվել քո առօրյան: Ինչպե՞ս ես վերաբերվում սահմանափակումներին և ինչպե՞ս ես պատկերացնում ըմբշամարտի ապագան քովիդից հետո:

- Այս օրերին փոխվել է ինչպես բոլորի, այնպես էլ մյուս մարզիկների ու նաև իմ առօրյան: Սահմանափակումներով պայմանավորված՝ բավական շատ աշխատանքներ հետաձգվել են, քանի որ հետաձգվել է առաջնությունների անցկացումը: Ծաղկաձորի մարզական համալիրում օրերս տեղի ունեցավ առաջին հավաքը, որտեղ մարզիկները հնարավորություն ունեցան բավական ակտիվ մարզվել: Հիմնական շեշտադրումը գորգային աշխատանքների վրա էր, և կարծում եմ, որ բավականին արդյունավետ էր: Հավաքի հիմնական նպատակը մարզիկների ֆիզիկական պատրաստվածությունը բարելավելն էր: Ինչ վերաբերում է արտակարգ իրավիճակով պայմանավորված սահմանափակումներին, ապա պետք է ասեմ, որ չնայած դրանք որոշ չափով «ռիթմից գցել» են մարզիկներին, բայց ըմբշամարտը սպորտաձև է, որն անկախ ցանկացած մարտահրավերից միշտ եղել է, կա ու կմնա իբրև դյուցազնական մարզաձև:

- Արթուր, ավելի լավատե՞ս ես, թե՞ հոռետես, ինչպիսի՞ բնավորություն ունես: Քեզ կարելի՞ Է համարել հավասարակշռված անձնավորություն:

- Ինձ բոլոր ճանաչողները գիտեն. ես երբևէ չեմ մտածում, որ հաղթանակները, որոնք արձանագրվել են իմ մրցապայքարի արդյունքում, միայն իմն են: Ես այդ հաղթանակները համարում եմ իմ հայրենիքինը, իմ երկրինը, որոնք ձեռք եմ բերել թիմային աշխատանքի ու հրաշալի մարզիչների աշխատանքի շնորհիվ: Իսկ ընդհանուր առմամբ, անուղղելի լավատես եմ, հավատում եմ, որ վաղը ավելի լավն է լինելու, քան այսօրը, հավատում եմ, որ ցանկացած դժվարություն կարելի է հաղթահարել, եթե կողքիդ ունես պրոֆեսիոնալ ու սրտացավ մարդիկ:

- Հայրդ՝ Գևորգ Ալեքսանյանը, քո ուսուցիչն է մարտարվեստում: Եթե որդի ունենաս, կցանկանա՞ս, որ որդիդ էլ ընտրի քո ճանապարհը: Կցանկանա՞ս լինել նրա մարզիչը:

- Եթե որդի ունենամ, իհարկե կցանկանամ, որ ինքն էլ ընտրի իմ մարզաձևը՝ հունահռոմեական ըմբշամարտը: Սակայն ես կդառնամ նրա ուսուցիչը միայն այն պարագայում, երբ ինքը ցանկություն ունենա զբաղվել ըմբշամարտով: Միայն այդ դեպքում: Մարդը պետք է սիրի սպորտը, որպեսզի լավ սպորտսմեն դառնա, խորհուրդներով ու ստիպելով սպորտսմեն չեն դառնում: Մարդն ինքը պետք է ձգտում ունենա, և ես դա իմ օրինակով կարող եմ հաստատել: Հայրս ինձ ընդամենը հարցրել է՝ ուզո՞ւմ ես սպորտսմեն դառնալ և եթե ուզում ես, ո՞ր մարզաձևն ես նախընտրում: Ցանկացած գործ արդյունավետ է, եթե այն անում ես սիրով: Ասեմ նաև, որ անգնահատելի է հորս դերն իմ հաղթանակների մեջ, այն ճանապարհի մեջ, որը ես հաղթահարել եմ նրա շնորհիվ: Ես ուրախ եմ, որ նրա ջանքերն իզուր չեն անցել, և արդեն 20 տարի զբաղվում եմ իմ նախընտրած ու սիրած սպորտաձևով:

- Արթուր, Ի՞նչ զգացողություններ ես ունենում ամեն անգամ, երբ տարածդ հաղթանակն ստիպում է միջազգային հարթակներում բարձրացնել հայկական դրոշը և հնչեցնել Հայաստանի օրհներգը:

- Բառերով անհնար է նկարագրել զգացողությունները, որ ունենում եմ այդ պահին: Անհնար է նկարագրել այն հպարտությունը, որ անցնում է քո երակներով, տիրապետում քո ամբողջ էությանը, երբ տեսնում ես՝ մի ամբողջ դահլիճ ոտքի կանգնած ծափողջյուններով նշում է քո հաղթանակը, բարձր պահելով երկրիդ պատիվը: Բայց կուզեմ, որ յուրաքանչյուր մարզիկ իր կյանքում գոնե մեկ անգամ ապրի այդ զգացողությունները։

- Ո՞ր գոտեմարտերն են Արթուրի համար ամենաբարդը, որո՞նք կցանկանայիր առանձնացնել:

- Չեմ կարող առանձնացնել որևէ մրցաշար կամ գոտեմարտ, որն առանձնահատուկ կարևորում եմ: Ճիշտ է, սպորտում ընդունված է համարել, որ առանձնահատուկ են օլիմպիական խաղերը, բայց միանշանակ պնդել, թե մյուսները կարևոր չեն, ճիշտ չէ, քանի որ ամեն մի մրցաշար իր դերն ու խորհուրդն ունի:

- Ունե՞ս անձնական նորություններ, որի մասին կուզենայիր բարձրաձայնել:

- Ինչպես տեսնում եք, ոչ մի անձնական նորություն չունեմ, ամբողջ օրը զբաղված եմ մարզումներով: Եթե ունենայի, ապա անպայման կիմանայիք:

- Ի՞նչ ծրագրեր, նպատակներ ունես, որ կցանկանայիր՝ իրագործվեին:

- Ինձ հիմա հաճախ են հարցնում, թե ինչն է ինձ մոտիվացնում: Այդ հարցին միանշանակ մեկ պատասխան ունեմ: Ես հասել եմ իմ բոլոր նպատակներին: Իրականություն են դարձել այն բոլոր ծրագրերը, որ դրել էի իմ առջև, բայց այդուհանդերձ այդ հանգամանքը ինձ հետ չի պահում և չի փոխում ցանկությունս՝ նոր հաղթանակներ գրանցել՝ իմ երկրի, իմ հայրենիքի պատիվը արժանապատվորեն բարձր պահելով:

Մելանյա Ծառուկյան

ՎԱՐԿԱՆԻՇ

   54574 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ