...

Հանկարծ չմտածեք, առողջությանը վնաս է

Հանկարծ չմտածեք, առողջությանը վնաս է

Արցախի լիակատար շրջափակման չորրորդ օրը Նիկոլ Փաշինյանը վերջապես «ձեռի հետ» անդրադարձավ այդ հարցին։ Հիմնական ասելիքն էլ հետևյալն էր՝ Ադրբեջանը վատն է, բոլոր պայմանավորվածությունները խախտում է, իսկ մեր հիմնական խնդիրը այդ ամենի մասին աշխարհով մեկ աղմուկ բարձրացնելն է, որպեսզի միջազգային հանրությունը ճնշումներ գործադրի, ու Ադրբեջանը դադարեցնի շրջափակումը։

Սա, իհարկե, փայլուն ռազմավարություն է։ Միայն մի աննշան թերություն ունի՝ հազիվ թե իրականանա, որովհետև միջազգային հանրությունը հայտարարություններից բացի այլ «ճնշումներ» գործադրելու ցանկություն առանձնապես չունի։ Էլ չենք խոսում այն մասին, որ հայությունն առանց Նիկոլ Փաշինյանի ասելու էլ հենց դա էր անում․ լրագրողները, քաղաքական գործիչները, մտավորականները, սփյուռքահայերը, «դրսում կապեր ունեցողները», մի խոսքով՝ բոլորը, ով ինչպես կարողանում էր, փորձում էր ինչ-որ բան անել։ Մեկը ճանապարհին մնացած երեխաների մասին ռեպորտաժներն էր թարգմանում տարբեր լեզուներով ու տարածում, մի ուրիշն «ադրբեջանցի բնապահպանների» կեղծ լինելն էր բացահայտում, երրորդը Հայաստանում ու աշխարհի տարբեր երկրներում դեսպանատների ու միջազգային կառույցների առջև ակցիաներ էր կազմակերպում․․․ Մի խոսքով՝ վարվում էր այնպես, ինչպես կվարվեր պետականություն չունեցող ցանկացած ժողովուրդ, որը հասկանում է, որ ինչ-որ բան պետք է անել, բայց քանի որ հստակ ծրագիր և քաղաքականություն չկա՝ անում է այն, ինչ կարողանում է կամ ինչը ճիշտ է համարում։

Այո, քարոզչությունը, իհարկե, չափազանց կարևոր է, որովհետև արտաքին քաղաքականության մեջ որևէ, թեկուզ՝ ամենափայլուն ծրագիր հնարավոր չէ իրականացնել առանց քարոզչական աջակցության։ Բայց քարոզչությունն այնուամենայնիվ ինքնանպատակ չէ, ընդամենը օժանդակ միջոց է, և եթե ծրագիր չկա՝ քարոզչական ակցիաները հազիվ թե օգուտ տան։ Իհարկե պետք է միջազգային լրատվամիջոցներն ու սոցկայքերը հեղեղել հումանիտար աղետի վերաբերյալ օտարալեզու նյութերով, բայց ենթադրենք՝ Ադրբեջանն այդ ճնշումների տակ մի երկու ժամով բացեց ճանապարհը, որպեսզի կիսված ընտանիքները միավորվեն, դրանից որևէ էական բա՞ն է փոխվելու։ Պետք է խնդիրը լուծել հիմնավորապես, իսկ դրա համար հստակ ծրագիր է պետք։ Եթե ավելի կոնկրետ՝ խնդիրը չի փոխվել, պետք է ձերբազատվել պատրանքներից, իրավիճակը սթափ գնահատելու համարձակություն ունենալ, լուրջ մարդկանց լուրջ քննարկումների (և ոչ թե քարոզչական ղալմաղալի) արդյունքում հասկանալ, թե ստեղծված իրավիճակում որն է հնարավոր ամենապակաս ցավալի լուծումը, համաձայնության հասնել դրա շուրջ և արդեն դրանից հետո համազգային ողջ ներուժն ուղղել այդ լուծումը կյանքի կոչելուն։ 

Բայց մեր համազգային ներուժը, ներառյալ իշխանությունները, առայժմ կենտրոնացած է որևէ լուծում մերժելու ջանքերի վրա՝ այն պարզ հիմնավորմամբ, որ բոլոր լուծումներն էլ ցավոտ են։ Ու քանի որ օրվա «քաղաքական թրենդն» արտաքին աշխարհից աջակցություն ակնկալելն ու երկրի ներսում իրար կոկորդ կրծելն է, մառազմն օրեցօր խորանում է։ Բանն այնտեղ է հասել, որ իմքայլական մի պատգամավոր հայտարարում է, թե բա գիտե՞ք, Ռուսաստանը Հայաստանին ժամանակ էր տվել, որ միանանք Միութենական պետությանը, ժամանակը սպառվել է, նրանք էլ փակել են միջանցքը (եթե նման բան եղել է, ինչո՞ւ պաշտոնապես չի հայտարարվում, կամ եթե «ժամանակը սպառվել է», արդյո՞ք դա չի նշանակում, որ ոչ թե կտրուկ մերժել եք, այլ «մտածելու համար ժամանակ խնդրել»), Արցախի խորհրդարանի մի ընդդիմադիր պատգամավոր էլ հայտարարում է, թե բա գիտե՞ք, Ալիևն ասել է, որ գազը ոչ թե իրենք են փակել, այլ Հայաստանը, ու ամենայն հավանականությամբ՝ ճիշտ է ասել։

Հայտնի ֆիլմի հերոսն ասում էր «լավ չեք, հա՞»։ Ջայլամը որ ջայլամ է՝ վտանգի պահին գլուխը խոթում է ավազի մեջ, բայց ուղեղը չի անջատում։ Թե՞ մենք արդեն այդ փուլն էլ ենք հաղթահարել։

Մարկ Նշանյան

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   449 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ