...

«Հարատև փոցխերի» ճանապարհը

«Հարատև փոցխերի» ճանապարհը

Նկատե՞լ եք, որ Արցախի կորստից հետո Հայաստանում ներքաղաքական կյանք չկա, փաստացի գոյություն չունի։ Պատճառը շոկը չէ, այլ այն, որ 30 տարի շարունակ Հայաստանի ներքաղաքական կյանքը խարսխված է եղել «Արցախը ծախել-չծախելու» խոսույթի վրա, դա՛ է եղել եղած-չեղած բովանդակությունը, ու հիմա, բնականաբար, չկա Արցախ՝ չկա բովանդակություն։ «Քաղաքական դերակատարները» լավագույն դեպքում դինջ-դինջ, չուզենալով փնթնփթում են, թե իրենց համար Արցախի էջը փակված չէ, թե պետք է պետական ինստիտուտները պահել, որ հետո կորցրածը վերականգնենք և այլն, իսկ իրականում սպասում են ներքաղաքական կյանքի հաջորդ «բովանդակությանը», որ նորից աշխուժանան՝ այս անգամ երևի «Սյունիքը ծախել-չծախելու» խոսույթով։

Հընթացս, բնականաբար, նույնքան դինջ-դինջ միմյանց մեղադրում են Արցախը կործանելու համար, բայց դա արդեն ընդամենը ցուցադրական լեզվակռիվ է՝ հանդիսատեսի (տվյալ դեպքում՝ հասարակ ժողովրդի) համակրանքը շահելու համար, որովհետև քաղաքական դերակատարներից յուրաքանչյուրն իրականում շատ լավ գիտակցում է մեղքի իր բաժինը։ Կարևորը՝ որ լեզվակռիվ-շոուն հնարավորինս դիտարժան լինի, շեղի մարդկանց ուշադրությունը և թույլ չտա փնտրել Արցախի կորստից հետո պարզաբանման արժանի ամենաառանցքային հարցի պատասխանը՝ ի վերջո 1997-ին ո՞ր ճանապարհն էր ճիշտ՝ արժանապատիվ խաղաղության գնա՞լը, թե՞ առավելապաշտությունն ու ստատուս-քվոյի պահպանումը (դիտմամբ անուններ չենք նշում, որովհետև մեր ժողովուրդը, որպես կանոն, անուններ լսելիս միանգամից ցնցումների մեջ է ընկնում ու մոռանում հարցի բովանդակությունը)։

1997-ին մեզ զգուշացնում էին, որ կա երկու ճանապարհ, որոնցից մեկով հնարավոր է ինչ-որ բաներ զիջելով հասնել տևական և արժանապատիվ խաղաղության, իսկ մյուսով առաջ շարժվելու դեպքում դաշնակիցներ չենք ունենալու, ճանապարհին էլ, պատկերավոր ասած, անընդհատ փոցխեր ենք տրորելու և տարբեր կողմերից հարվածներ ստանալու։ Հետագա 25 տարիների մեր քաղաքականությունն ըստ էության այդ հարվածներին տրված արձագանքներն էին։ Առաջին փոցխը տրորելուց հետո՝ «վա՛յ քու, արա, էս ի՞նչ էր», երկրորդից հետո՝ «կարկուտը ծեծած տեղն ա ծեծում», երրորդից հետո՝ «դե հո զոռով չի, հայերին չեն սիրում», չորրորդից հետո՝ «ո՛վ մարդկային արդարություն, թող ես թքեմ քո ճակատին», հինգերորդից հետո՝ «եկեք ազգովի համախմբվենք ու մի հատ ամուր կասկա առնենք», և այլն։ Եվ՝ ոչ մի առարկայական քննարկում այն թեմայով, որ գուցե 1997-ին այնուամենայնիվ սխա՞լ ճանապարհով ենք գնացել։

Այս քննարկումն այսօր նույնպես չափազանց կարևոր է։ Որովհետև եթե ի վերջո մեծամասնությունը եզրակացնի, որ 1997-ին սխալվել ենք՝ ընտրելով «հարատև փոցխերի» ճանապարհը, այդ դեպքում բոլոր նրանք, ովքեր երկիրը տարել են այդ սխալ ճանապարհով, պիտի փասա-փուսաները հավաքեն և առմիշտ թողնեն քաղաքական դաշտը։ Իսկ եթե մեծամասնությունն այսօր էլ համարի, որ 1997-ին ճիշտ ճանապարհ ենք ընտրել, ու սխալը հետագայում ինչ-որ պահից է եղել, այդ դեպքում թող շարունակի ռազմահայրենասիրական լեզվակռիվը՝ այդ «ինչ-որ պահը» հստակեցնելու թեմայով։ Բայց այդ դեպքում էլ ստիպված պիտի լինի արձանագրել, որ մեծ հաշվով՝ Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի և Նիկոլ Փաշինյանի միջև առանձնապես տարբերություն չկա։ Պարզապես նախորդ երկուսն ուզում էին Հայաստանի և հարևանների միջև հարաբերությունները կարգավորել Ռուսաստանի օգնությամբ (որովհետև, ինչպես Քոչարյանի գաղափարական հայրերն էին ասում, «Հայաստանը 4 հարևաններից 3-ի հետ ունի ոչ թե սահման, այլ ճակատ»), իսկ հիմա Նիկոլը փորձում է այդ նույնն անել Արևմուտքի օգնությամբ։ Ու մեծ է հավանականությունը, որ ինչպես ռուսներն «օգնեցին»՝ Արցախը թողնելով բախտի քմահաճույքին, այնպես էլ Արմուտքն է «օգնելու»՝ նույն ճակատագրին արժանացնելով Սյունիքը։ 

Մնացածը նույնն է․ նախկիններն էլ էին թալանում, հիմիկվաններն էլ, նախկիններն էլ էին ոստիկանական մահակներով պահպանում իշխանությունը, հիմիկվաններն էլ, նախկիններն էլ էին ամեն ինչում մեղադրում իրենց նախորդներին, հիմիկվաններն էլ։ Իսկ անընդհատ փոցխեր տրորելը նրանց չի հուզում։ Չէ՞ որ ամեն մեկն իր «ինդիվիդուալ կասկան» ունի։

Մարկ Նշանյան

Читать на русском

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   1420 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ