...

Հաշմանդամությունը  կարգով չի որոշվում, բայց դրանից հաշմանդամի վիճակը չի փոխվում

Հաշմանդամությունը  կարգով չի որոշվում, բայց դրանից հաշմանդամի վիճակը չի փոխվում

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի աթոռին դեռ չհասած, Արսեն Թորոսյանը ցուցաբերում է, այսպես ասած, ՔՊ-ական ճկունություն` ներկայանալով իր իրական դեմքով ու բացահայտելով ատելությունը մարդկանց, առանձնապես օգնության ու աջակցության կարիք ունեցողների հանդեպ: Նորաթուխ նախարարի հրահանգով թերևս, այս օրերին նախարարությանն առընթեր բժշկասոցիալական փորձաքննության ծառայության հանձնաժողովներում հիվանդության ու հաշմանդամության կարգ ունեցողներին անխնա զրկում են նպաստներից: Մասնավորապես երկրորդ կամ երրորդ աստիճանի քաղցկեղ ունեցող հիվանդները, կամ ի ծնե երկկողմանի կոքս-արտրոզով (երկկողմանի կաղություն) հաշմանդամություն ունեցող մարդը, պարզվում է, կարող է առողջ համարվել, եթե ինքնուրույն տեղաշարժվում է: Չնայած ճշմարտության դեմ չմեղանչելու համար ասենք, որ հանձնաժողովներում երբեմն նաև բարեկամաբար խորհուրդներ են տալիս, ասենք` ի ծնե հաշմանդամին (երկկողմանի կաղություն ունեցողին) 56 տարեկան հասակում առաջարկում են վիրահատվել: Իհարկե, եթե վիրահատությամբ հարցը լուծվում է, դեռ մի տեղ կարելի է հասկանալ, բայց հաշմանդամության կարգը որոշող հանձնաժողովների քաղաքականության փոփոխության միտումը նախարարական աշխատանքի հեղափոխական իմիտացիայի է նման. Ինչ կա՞, որ, մարդն ուզում է դուր գալ իր հեղափոխական առաջնորդին` «տեսեք` ոնց եմ բյուջեն լցնում»։

Հ.Գ. Այսօր կառավարության հերթական նիստից հետո ՉԻ-ն փորձեց մեկնաբանություն ստանալ նորանշանակ նախարարից նպաստների կրճատումների՝ Շիրակի մարզի Ախուրյան խոշորացված համայնքի մեզ հասած դժգոհությունների մասով: Ի պատասխան՝ Արսեն Թորոսյանն ասաց. «Նպաստը տրվում է ոչ միայն վիճակով, այլև համադրվում են իր ապրելու պայմանները, որոշվում է իր կենսագործունեության խաթարման աստիճանը, և դրանցով էլ որոշվում է՝ ինքը ունի միջի՞ն, խո՞րը, թե՞ ծանր ֆունկցիոնալության խանգարում, որով էլ նշանակվում է նպաստը: Շատ ինդիվիդուալ է: Հիմա հնարավոր չի նայել մարդու դիագնոզը և միանգամից ասել, թե նա ինչ նպաստ պետք ա ստանա: Ներդրվել է ֆունկցիոնալության գնահատման նոր համակարգ (մի քանի տարի է արդեն), և լինում են դեպքեր, որ նախկինում տեղի ունեցած փորձաքննությունները նորից են տեղի ունենում նոր համակարգով: Այլ տեսակի համակարգ է, ոչ թե․․․ Նախկինում եթե դու գիտեիր, որ ունեիր այդ դիագնոզը և գիտեիր, որ կստանաս առաջին, երկրորդ, կամ երրորդ կարգ, հիմա դրանք փոխվել են՝  և կոչվում են՝ միջին, խորը, և ծանր աստիճանի ֆունկցիոնալության խանգարումներ, ի դեպ, անհատական վարման ծրագրերով: Մենք մարդու հիվանդությունը գնահատում ենք իր ամբողջության մեջ»:

Այսինքն՝ մարդը մասնավորապես հաշմանդամություն ունի, իսկ ընդհանրապես՝ ո՞չ։ Կամ, եթե հաշմանդամությունը կարգով չեն որոշում, այլ աստիճանով ու դրանից աշխատանքի արդյունավետությունը չի երևում:  Ասել, թե Արսեն Թորոսյանը մեր հարցին գոնե մեկ ադեկվատ պատասխան տվեց, նշանակում է ոչինչ չասել: Այն, որ հաշմանդամություն ունեցող մարդը մի քանի տարի առաջ ավելի մեծ ֆունկցիոնալություն կունենար, քան մի քանի տարի հետո, առավել քան փաստ է, իսկ նորանշանակ նախարարի վերաբերմունքը այս հարցին՝  աբսուրդի ոլորտից:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   301 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ