...

Հայաստանն իմ ՍՊԸ-ն է, ժողովուրդն իմ վարձու աշխատողներն են․․․

Հայաստանն իմ ՍՊԸ-ն է, ժողովուրդն իմ վարձու աշխատողներն են․․․

Երևի ավելի ազնիվ կլիներ, եթե Նիկոլ Փաշինյանի «Հայաստանը իմ օջախն է, ժողովուրդն իմ ընտանիքն է» կարգախոսը վերաձևակերպվեր այսպես․ «Հայաստանը իմ հիմնարկն է, ժողովուրդը իմ վարձու աշխատողներն են»։ Ավելի ազնիվ կլիներ, որովհետև Նիկոլ Փաշինյանի «հայրենասիրության նոր մոդելի» հիքում բացառապես բիզնես-տրամաբանությունն է, նա երկիրը ղեկավարում է՝ ինչպես կղեկավարեր որևէ ՍՊԸ։ Ոչ թե այն իմաստով, որ նա սահմանափակ պատասխանատվություն է կրում երկրի հետ կատարվող ամեն ինչի համար (նա ընդհանրապես հրաժարվում է որևէ պատասխանատվություն կրել), այլ որովհետև ամեն ինչի հիմքում դնում է միայն կոնկրետ նյութական շահը կամ «զուտ շահույթը», պարզ ասած՝ «քյարը»։ Եվ իր «վարձու աշխատողներից» էլ պահանջում է առաջնորդվել նույն մոտեցմամբ, այսինքն՝ կատարել սեփական աշխատանքային պարտականությունները (վճարել հարկերը), ժամանակին աշխատավարձ ստանալ, և վերջ։ Ավելին՝ որևէ այլ արժեք չունենալն անգամ նյութապես է խրախուսվում։ Օրինակ՝ արտոնյալ գյուղատնտեսական վարկեր ու գրանտներ են տրվում այն համայնքներին, որտեղ մարդիկ համաձայնվում են «կտրել իրենց պապերի տնկած ծառերը» և ավելի շահութաբեր բիզնես-ծրագրեր իրականացնել (կարծես թե հնարավոր չէ այդ ծրագրերն իրականացնել առանց հին ծառերը կտրելու)։

Բայց «հայրենասիրության այս նոր մոդելը» Նիկոլ Փաշինյանին հարմար է ոչ միայն այն առումով, որ նրա համար գերագույն արժեքը փողն է։ Նրան ձեռնտու է, որ ՀՀ քաղաքացիները Հայաստանն ընկալեն որպես մասնավոր ընկերություն, իսկ իրենց՝ վարձու աշխատողներ, և ոչ թե այդ ընկերության բաժնետերեր։ Որովհետև որևէ ընկերության վարձու աշխատողներին ընկերության երկարաժամկետ շահերն առանձնապես չեն հետաքրքրում, նրանց պահանջը ղեկավարից, որպես կանոն, սա է՝ «բարի եղիր ժամանակին վճարել աշխատավարձերը, որտեղից ուզում ես՝ ճարիր, մեր գործը չի, չկա՝ մի բան վաճառիր, պարտք արա, թե չէ գործից դուրս կգանք, կգնանք ուրիշ ֆիրմա»։ Ու իրենք իրենց վարձու աշխատողներ համարողներից շատերն այդպես էլ վարվում են․ աշխատավարձը ձեռք չի տալիս՝ «գործից դուրս են գալիս ու գնում ուրիշ ֆիրմա», այսինքն՝ արտագաղթում են։ Եվ սա շատ ձեռնտու է օրվա իշխանություններին։ Ինչպե՞ս են վարվում, օրինակ, Ֆրանսիայի կամ Գերմանիայի ֆերմերները, եթե դժգոհ են լինում կառավարությունից։ Պահանջում են կարգավորել իրենց խնդիրները՝ հակառակ դեպքում սպառնալով բողոքի ցույցերով հասնել իշխանափոխության և նոր կառավարության ձևավորման։ Իսկ ինչպե՞ս են վարվում Հայաստանում։ Ճիշտ է, կառավարությունից պահանջում են լուծել իրենց խնդիրները՝ հակառակ դեպքում սպառնալով հեռանալ երկրից։ 

Ու քանի որ Նիկոլ Փաշինյանն ինքն էլ Հայաստան կոչվող ՍՊԸ-ն ղեկավարում է ոչ թե որպես սեփականատեր, այլ որպես գործադիր տնօրեն, «վարձու աշխատողների» պահանջները հիմնականում կատարում է՝ հաշվի չառնելով «ընկերության» երկարաժամկետ շահերը։ Անընդհատ ինչ-որ բաներ է վաճառում (կապ չունի՝ «նշաձողե՞ր», օդային տարա՞ծք, թենիսի կորտեր կամ «Սպարտակ» մարզադա՞շտ, թե՞ որևէ այլ բան), անընդհատ պարտքեր է անում (իր իշխանության տարիներին՝ միջին հաշվով տարեկան մոտ 600 միլիոն դոլար), և այլն։ Չէ՞ որ ինքն ընդամենը «գործադիր տնօրեն» է, գործից հանեն՝ ոնց էլ լինի, կհասցնի ծլկել ու այլ ընկերությունում (երկրում) տեղավորվել։

Ի դեպ՝ կարճաժամկետ բիզնես-տրամաբանությունը ենթադրում է նաև հրաժարում բոլոր այն ստորաբաժանումներից, որոնք կոնկրետ նյութական արժեք չեն գեներացնում, պարզ ասած՝ փող չեն բերում։ Օրինակ՝ բանակից, որը, բիզնես-տրամաբանությամբ, միայն «անիմաստ ծախս» է։ Ուրիշ բան, որ այս իշխանությունները գտել են նաև բանակով փող աշխատելու ձևը՝ եթե բանակը փող չի բերում, բանակից խուսափե՛լը կարող է փող բերել։ Բայց սա արդեն այլ թեմա է։ 

Մարկ Նշանյան

ՎԱՐԿԱՆԻՇ

   389 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ