...

Հայաստանը՝ «հետևողական սխալների ռազմավարության» փորձադաշտ

Հայաստանը՝ «հետևողական սխալների ռազմավարության» փորձադաշտ

Նիկոլ Փաշինյանին որևէ բան հորդորելը բացարձակապես անիմաստ է։ Ճիշտ այնպես, ինչպես անիմաստ է ապացուցելը, որ այն, ինչ նա ու իր ուսապարկերն այսօր անում են Տավուշում, բացարձակապես սխալ է և աղետալի հետևանքներ է ունենալու։

Անիմաստ է ոչ թե այն պատճառով, որ նա իր սխալ լինելը չի հասկանում, այլ որովհետև նրա գլխում այնպիսի ահավոր շիլաշփոթ է, որ նա վստահ է՝ հենց իր սխալներն են փրկելու Հայաստանը։ Հիմա սա բացառիկ բթամտության արտահայտություն է, թե հոգեկան հիվանդության տեսակ՝ երևի մասնագետները կասեն, բայց փաստն այն է, որ նա ցանկացած իրավիճակում միանգամայն գիտակցաբար ընտրում է հնարավոր ամենասխալ ճանապարհը։ 

Իսկ ինչո՞ւ ենք պնդում, որ նա գիտակցաբար է անում դա։ Որովհետև հենց ինքն էր այդ մասին գրել իր՝ սեփական հոգեխանգարման էպիկրիզի տեսանկյունից թերևս ամենակարևոր հոդվածում․ «Ճիշտ քայլերի փնտրտուքը իշխանության գործունեության տրամաբանության մեջ չափազանց վտանգավոր է»։ Հասկացա՞ք։ Ի՞նչ իմաստ ունի որևէ մեկին հորդորել կամ խորհուրդ տալ ճիշտ քայլեր անել, եթե նա ճիշտ քայլի փնտրտուքը չափազանց վտանգավոր է համարում։ Ավելին՝ մարդը 44-օրյա պատերազմից ընդամենը 9 օր առաջ գրած իր այդ հոդվածում (երբ, վստահաբար, արդեն գիտեր, որ լայնամասշտաբ պատերազմ է սկսվելու, բայց դեռ կանխելու ժամանակ ուներ) բառացիորեն ասում է «․․․ և մենք շարունակելու ենք հետևողական սխալների մեր ռազմավարությունը»։ Ու նաև հասկացնում է իր ուսապարկերին, որ նրանցից յուրաքանչյուրի հավատարմությունը հենց այդ սկզբունքով էլ չափվելու է․ «ՔՊ-ի յուրաքանչյուր ներկայացուցիչ՝ ԱԺ-ում, կառավարությունում, ՏԻՄ-երում, սխալվելու համարձակություն պիտի ունենա, պայմանով՝ որ դրանք գիտակցված սխալներ են․․․»։ Այսինքն՝ չգիտակցված սխալները «հաշիվ չեն», այդպես ով ասես կարող է սխալվել, իսկ ահա իսկական ՔՊ-ական «գաղափարական մարտիկը» պիտի գիտակցվա՛ծ սխալվի, թե չէ կվռնդվի թիմից ու կզրկվի լափամանից։

Այսպիսի հոգեկան կամ մտավոր շեղումները կենցաղում հաճախ են հանդիպում։ Դեռևս խորհրդային տարիներին Երևանում այդպիսի մի «ուստա» կար՝ մի անգամ բռունցքով խփել էր հարևանի փչացած «լամպըվի» հեռուստացույցին, և այն պատահաբար սկսել էր աշխատել, ու դրանից հետո սա սկսել էր հավատալ, որ ինքը քաղաքի ամենահանճարեղ վարպետն է, և մուրճը գրպանում՝ որտեղ ինչ տեխնիկա տեսնում էր, անմիջապես տալիս-փշրում էր (մինչև մի քանի անգամ ծեծ կերավ ու համարյա ցնորվեց, թեև դրանից հետո էլ շարունակում էր մարդկանց առաջարկել իր ծառայությունները)։ Հիմա Նիկոլ Փաշինյանի դեպքն է․ սա լրջորեն հավատացել է, որ եթե մինչև ինքը եղած բոլոր ընդդիմությունները ճիշտ քայլերով չեն կարողացել հասնել հաջողության, իսկ ինքը 2018-ին կարողացել է սխալ քայլեր անելով պատահաբար զավթել իշխանությունը, ուրեմն մնացած բոլոր հարցերում էլ պիտի գիտակցաբար սխալներ անի։ Եթե նախորդները պատերազմ են հաղթել ու հայկական պահել Արցախը՝ ինքը պիտի գիտակցաբար պարտվի, ձեռքերը լվա Արցախից ու հրաժարվի հետագա պայքարից, եթե նախորդներն արտաքին քաղաքականության մեջ դաշնակիցներ են փնտրել՝ ինքն ընդհանրապես պիտի հրաժարվի դաշնակիցների փնտրտուքից, եթե նախկինները փորձել են Ադրբեջանի ու Թուրքիայի հետ հարաբերություններում պաշտպանել հայկական շահերը՝ ինքը պիտի դա համարի ավելորդ ու մի քանի ձևական չեմուչումից հետո կատարի նրանց բոլոր պահանջները, եթե նախկիններն ամրացրել են Հայաստանի սահմանները՝ ինքը պիտի քանդի այդ ամրությունները, և այսպես շարունակ։ 

Նիկոլ Փաշինյանն ինքը սա անվանում է «պարտվելու համարձակություն» և, հիշեցնենք, ինքն իրեն «համարձակ» է հռչակել դեռևս 44-օրյա պատերազմից առաջ։ Ու չորս տարի շարունակ ոչ միայն կարգի չի բերել սեփական ուղեղը, այլև օրեցօր ավելի ու ավելի «համարձակ» է դառնում։ 

Հետաքրքիր է՝ Ադրբեջանի պետական շքանշանների ցանկում «Համարձակության համար» մեդալ չկա՞։

Մարկ Նշանյան

ՎԱՐԿԱՆԻՇ

   2325 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ