...

Հայաստանը պաշտոնապես դրվեց աճուրդի․ մեկնարկային գինը հայտնի է

Հայաստանը պաշտոնապես դրվեց աճուրդի․ մեկնարկային գինը հայտնի է

Նկատե՞լ եք, որ Հայաստանի իշխանությունների արտաքին-քաղաքական բոլոր շրջադարձային քայլերի արդյունքում միայն Ադրբեջանի միջազգային կշիռն ու կարևորությունն է ավելանում։ Ամենաթարմ օրինակը Հայաստան-Եվրամիություն-ԱՄՆ բրյուսելյան հանդիպումն է։ Դրան նախորդած մի քանի օրերի ընթացքում երկու կարևոր իրադարձություններ տեղի ունեցան։ Առաջինը՝ ՀԱՊԿ-ը հայտարարեց, որ իր պատասխանատվության գոտի է համարում Հայաստանի և հարևանների հետ երկկողմանի կարգավորված սահմանները, ինչը փաստացի նշանակում է, որ մեր տարածաշրջանում ՀԱՊԿ պատասխանատվության գոտու սահմաններն Ադրբեջանն է որոշում․ կճանաչի ՀՀ սահմանները՝ դա կհամարվի ՀԱՊԿ պատասխանատվության գոտի, չի ճանաչի՝ չի համարվի։ Երկրորդը՝ բրյուսելյան հանդիպումից առաջ և՛ Բլինքենը, և՛ Ֆոն դեր Լայենը հեռախոսազրույց ունեցան Ալիևի հետ ու քննարկեցին Հայաստանի հետ հանդիպման օրակարգը, այսինքն՝ համարեցին, որ առանց Ադրբեջանի «դաբրոյի» Հայաստանի հետ կապված որևէ ծրագիր իրականացնել չեն կարող։ 

Հասկանալու համար, թե ինչու է Հայաստանի «արևմտյան ինտեգրման» ճանապարհն անցնում Բաքվով, և ինչու է բանակցությունների բրյուսելյան սեղանի շուրջ Ադրբեջանը փաստացի ավելի «ներկա», քան Հայաստանը՝ պետք է մի կողմ դնել քարոզչական ճամարտակություններն ու հասկանալ, թե ինչ է տեղի ունենում իրականում։ 

Իսկ տեղի է ունենում հետևյալը՝ Արևմուտքը երկար նախապատրաստություններից հետո վերջապես փորձում է բացել Ռուսաստանը շրջանցող «միջին միջանցքը»։ Բանն այն է, որ Հայաստանի իշխանությունները տևական ժամանակ «նվնվում էին», թե Ռուսաստանից պոկվելու ուղղությամբ ավելի համարձակ քայլեր չեն կարող անել, որովհետև Ռուսաստանը կարող է և՛ տնտեսապես խեղդել Հայաստանը (որովհետև չափազանց մեծ է Հայաստանի կախվածությունն ինչպես ռուսական էներգակիրներից, այնպես էլ արտահանման շուկաներից), և՛ անվտանգության սպառնալիքներ ստեղծել՝ Ադրբեջանին հրահրելով հարձակվել ՀՀ ինքնիշխան տարածքի վրա։ Եվ ահա Արևմուտքը փորձում է «կտրել այդ մահանաները»։ Խոստանում է բարձրացնել Հայաստանի տնտեսական դիմակայունությունը՝ որոշակի հասանելիություն տրամադրելով արևմտյան շուկաներին և տեխնոլոգիաներին, ինչը տեսականորեն պիտի կոմպենսացնի Ռուսաստանի հետ «տնտեսական պորտալարը կտրելու» բացասական հետևանքները։ Ինչ վերաբերում է «անվտանգության պորտալարին», ապա այս հարցում Արևմուտքը միայն մի բան է խոստանում․ հորդորել Ադրբեջանին, որ «ռուսների թելը չթելի» ու չհարձակվի Հայաստանի վրա։ 

Ալիևի հետ երկու հեռախոսազրույցների իմաստը հենց դա էր, Բաքվում էլ շատ լավ հասկացան դա ու բարձրաձայնեցին գինը՝ «ներառականություն» (ինչը նշանակում է «եթե Հայաստանին տանում եք Արևմուտք՝ ուրեմն մեզ էլ տարեք, թե չէ թույլ չենք տա») և էներգետիկ մասշտաբային ծրագրերի շարունակականություն ու ընդլայնում։ Արևմուտքը երկուսն էլ խոստացավ։ Իսկ Ռուսաստանը դեռ նախօրեին էր նույն Ադրբեջանին այլ բան խոստացել՝ տարածքներ ՀՀ-ից։ Որովհետև ՀԱՊԿ պատասխանատվության գոտու «սահմանումը» հենց դա էր նշանակում․ «որ տարածքները ձերն եք համարում՝ վերցրեք, մենք ձայն չենք հանի, բայց՝ շատ չոգևորվեք»։

Մեծ հաշվով՝ Հայաստանի համար «բրյուսելյան շրջադարձի» ռիսկայնությունը հենց այն է, որ դրա հաջողվելը կամ ձախողումը ոչ թե մեզանից է կախված, այլ նրանից՝ Ադրբեջանն Արևմուտքի՞ գայթակղիչ առաջարկը կընդունի, թե՞ ռուսների՝ նույնքան գայթակղիչ «դաբրոն»։ Իսկ Հայաստանի իշխանություններն ընդամենը խաղադրույք են կատարել առաջին տարբերակի վրա ու հիմա ստիպված պիտի լինեն շունչները պահած հետևել Արևմուտքի ու Ռուսաստանի հետ Բաքվի սակարկությունների ընթացքին։ Դրանից է կախված լինելու՝ Հայաստանը խաղաղության խաչմերո՞ւկ կդառնա, թե՞ պատերազմի թատերաբեմ։

Մարկ Նշանյան

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   500 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ