...

Հայությունը ոտքի կանգնի, որ ի՞նչ անի

Հայությունը ոտքի կանգնի, որ ի՞նչ անի

Հայաստանի և Արցախի այսօրվա վիճակը հաճախ են համեմատում 1991-92 թվականների վիճակի հետ, ու դա, որպես կանոն, անում են առանձնահատուկ պաթոսով՝ մոտավորապես «արցախյան առաջին պատերազմում հայությունը ոտքի կանգնեց և կարողացավ բարդ պայմաններում հաղթանակ կերտել» ոճի մեջ։ Ու քանի որ միտքն ընդհանուր առմամբ գեղեցիկ է հնչում՝ բովանդակության վրա որևէ մեկը չի կենտրոնանում։

Իրականում հայությունը (կամ որևէ այլ «ություն») ոտքի կանգնելով պատերազմ չի հաղթում, և դա նորմալ է։ Ժողովուրդները, որպես կանոն, ոտքի են կանգնում անկախ պետականություն ունենալու համար, սահմանում են այդ պետության հիմնական նպատակները, ընտրում են այն ուժին, որը լավագույնս կիրագործի դրանք, ու վերջ․ այդ պահից սկսած՝ պատասխանատուն պետությունն է։ Արցախյան առաջին պատերազմի ժամանակ, ի դեպ, նույնպես այդպես էր։ Այո, «հայությունը ոտքի էր կանգնել», բայց պատերազմը (որին, ի դեպ, հայկական կողմից մասնակցել է առավելագույնը 20-25 հազար մարդ կամ «ոտքի կանգնած հայության» մարտունակ հատվածի 1 տոկոսը) հաղթեց պետությունը։ Կամավորական ջոկատներ նույնպես կային, բայց ականատեսները հաստատ հիշում են, որ Շուշին ազատագրելուց հետո, օրինակ, շենքերի պատերին գրված էին ոչ թե, ասենք, «Կայծակ ջոկատ» կամ «Սաստիկ խրոխտ արծիվներ», այլ «1-ին վաշտ», «2-րդ վաշտ» և այլն, այսինքն՝ բանակային ստորաբաժանումների անվանումներ։ Պետության առջև դրված խնդիրը, ի դեպ, նույնպես հստակ էր․ ստեղծել կանոնավոր բանակ և ապահովել Արցախի ու Հայաստանի սահմանների անվտանգությունը, Արցախի շուրջ ստեղծել անվտանգության գոտի, որի մի մասը վերադարձնելու դիմաց հետագայում հնարավոր կլինի հասնել Արցախի փաստացի անկախության՝ անվտանգության միջազգայնորեն ճանաչված երաշխիքներով։ Եվ այդ լուծումը միանգամայն իրատեսական էր։ Հենց այս նպատակի շուրջ էլ «հայությունը պիտի ոտքի կանգներ», բայց տեղի ունեցավ հակառակը․․․ Մնացածը գիտեք։

Այս հարցերն արդիական են նաև այսօր, որովհետև հիմա է՛լ գեներացվում է այն միտքը, թե բավական է 1991-92 թվականների նման «հայությունը ոտքի կանգնի», և վերջ՝ բոլոր հարցերը միանգամից կլուծվեն։ «Ոտքի կանգնել» իհարկե պետք է, բայց՝ նույն տրամաբանությամբ։ Այսինքն՝ հստակեցնել նպատակը, հաշվարկել, որ դա ոչ թե հեքիաթի ժանրից է, այլ հնարավոր է իրականացնել, որոշել, թե քաղաքական ո՛ր ուժերն են ի վիճակի իրականացնել դա, և «ոտքի կանգնելով»՝ ստիպել, որ օրվա իշխանությունները հեռանան, և իշխանության գան ա՛յդ ուժերը։ Ուշադրություն դարձրեք՝ առաջին պայմանը պարտադիր է։ Որովհետև եթե պետության առջև ոչ թե իրատեսական նպատակ է դրվում, այլ, ասենք, որոշվում է տարածաշրջանի երկրների կեսից ավելին վերացնել ու Տիգրան Մեծի քարտեզով Հայաստան ստեղծել, ինչքան ուզում է՝ «հայությունը ոտքի կանգնի», ոչինչ չի ստացվի, եղածն էլ կկորցնենք։ 

Հիմա հարց՝ կա՞ արդյոք հստակ ձևակերպված իրատեսական նպատակ, որն այս պահին մեր հնարավորությունների առավելագույնն է, և որի համար «հայությունը ոտքի կկանգնի»։ Չէ՞ որ եթե հստակ ձևակերպված նպատակը չկա՝ հնարավոր չէ նաև գտնել այն ուժերին, որոնք լավագույնս կիրականացնեն դա, իսկ եթե այդ ուժերն անհայտ են, «հայությունը ոտքի կանգնի», որ ի՞նչ անի։ Աշխարհով մեկ բողոքի՞ մեր վիճակից։ Բայց դա կարելի է անել նաև համակարգիչների առջև, և մենք, ի դեպ, մեծ հաջողությամբ անում ենք դա։ Այնպես որ՝ պետք է «հայության ոտքի կանգնելու» նախադրյալներ ստեղծել, և ոչ թե նվնվալ ու դժգոհել ոտքի կանգնելու կամքի բացակայությունից։

Մարկ Նշանյան

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   1201 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ