...

Հերթական բարոյական հաղթանակն ու իրական պարտությունը

Հերթական բարոյական հաղթանակն ու իրական պարտությունը

ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի՝ Լաչինի միջանցքին նվիրված քննարկումներից և հնչած ելույթներից Հայաստանի և Արցախի իշխանությունները կարծես թե գոհ են։ Ոմանք դա նույնիսկ դիվանագիտական փոքրիկ հաղթանակ են համարում։ Հայ հասարակությունն էլ, թերևս առաջին անգամ, հնարավորություն ստացավ ուղիղ եթերով հետևել քննարկմանը և «առաջին ձեռքից», առանց հարակից քարոզչական աղմուկի, ծանոթանալ Հայաստանի և Ադրբեջանի պաշտոնական դիրքորոշումներին ու միմյանց հասցեին հնչեցվող մեղադրանքներին։ Ցավոք, հենց այդ փոխադարձ մեղադրանքների ու միմյանց նկատմամբ առաջ քաշվող պահանջների բովանդակությունն էլ բացահայտեց այն կոպտագույն սխալը, որ թույլ են տվել Հայաստանի իշխանությունները բանակցային գործընթացում։ 

Հիմա՝ ավելի հանգամանորեն։ Հայաստանի պահանջների հիմքում մարդասիրական բնույթի խնդիրներն էին, և տվյալ իրավիճակում դա հասկանալի էր՝ աշխարհի համար այդ խնդիրներն ընկալելի են, ու միանգամայն սպասելի էր, որ միջանցքն անհապաղ բացելու կոչի հարցում կոնսենսուս կլինի։ Իսկ ահա Ադրբեջանը ներկայացրեց զուտ քաղաքական դիրքորոշում, որի իմաստը մոտավորապես սա էր՝ իբր իրենք ոչ մի ճանապարհ էլ չեն փակել, մարդասիրական բեռները կարող են անարգել տեղափոխվել, բայց հայերն այդ ճանապարհն օգտագործում են «Ադրբեջանին պատկանող հանքերն ապօրինի շահագործելու» և «Ադրբեջանի տարածքում ապօրինաբար գտնվող հայկական ստորաբաժանումներին զենք-զինամթերք մատակարարելու» նպատակով, ինչն իրենց համար անընդունելի է, դա պիտի դադարեցվի, հասցված վնասն էլ պիտի փոխհատուցվի։ Պրոբլեմն այն է, որ այդ պահանջները, անկախ նրանից՝ արդարացի են, թե ոչ, նույնպես միջազգային հանրության համար ընկալելի են, որովհետև եթե միջազգային հանրությունն Արցախն Ադրբեջան է համարում, ուրեմն, ըստ այդ տրամաբանության, հանքերի շահագործումն իսկապես ապօրինի է։

Հիմա պատկերացնենք այսպիսի իրավիճակ․ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը և՛ Հայաստանի պահանջներն է համարում արդարացի, և՛ Ադրբեջանինը։ Այսինքն՝ Ադրբեջանին ստիպում է անմիջապես բացել միջանցքը, հայկական կողմին էլ ստիպում է դադարեցնել հանքերի շահագործումն ու փոխհատուցել «Ադրբեջանի կրած վնասները»։ Ի՞նչ ենք անելու այդ դեպքում։ Դրանից խուսափելու միակ տեսական հնարավորությունը հետևյալն է՝ փաստական ապացույցներով հիմնավորել արցախյան առաջին և երկրորդ պատերազմներում հայկական կողմի կրած հսկայական վնասները և հարցը ներկայացնել այնպես, որ ԼՂՀ իշխանություններն իրենց տարածքում գտնվող հանքավայրերը պիտի շահագործեն, համալրեն բյուջեն ու այդ միջոցներով վերականգնեն պատերազմի հասցրած վնասները։ Բայց դրա համար միջազգային հանրությունը նախ պիտի ճանաչի Ղարաբաղի՝ սեփական կառավարություն և սեփական բյուջե ունենալու լեգիտիմ իրավունքը, իսկ դա առանց կարգավիճակի (թեկուզ՝ միջանկյալ) հնարավոր չէ։ Իսկ կարգավիճակի հարցը, հիշեցնենք, Հայաստանի իշխանություններն ընդհանրապես երկրորդ պլան են մղել՝ հայտարարելով, որ առաջնայինն անվտանգության խնդիրներն են։ 

Այ հենց սա էր ճակատագրական սխալը։ Որովհետև եթե անգամ ինչ-որ հրաշքով անվտանգության խնդիրները միանգամից լուծվում են (ասենք՝ ՄԱԿ-ի խաղաղապահները լցվում են Արցախ, ամեն հայի բակում հենակետ են տեղադրում, միջանցքն էլ անխափան գործում է), միևնույն է՝ եթե կարգավիճակ չկա, ոչ հանքերի շահագործումն է դադարելու «ապօրինի» համարվել, ոչ էլ Պաշտպանության բանակն է դադարելու համարվել «ապօրինի զինված կազմավորում», ինչն իր հերթին նշանակում է, որ «Ադրբեջանին հասցված վնասի փոխհատուցման» հարցից խուսափել հնարավոր չի լինելու։

Պարզ ասած՝ հայկական կողմն առաջ է քաշում պահանջներ, որոնց կատարման դեպքում Ադրբեջանն առանձնապես ոչինչ չի կորցնի, իսկ ահա ադրբեջանցիներն առաջ են քաշում պահանջներ, որոնց կատարման դեպքում Հայաստանն ահռելի կորուստներ կունենա։ Եվ ուշադրություն դարձրեք՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում համարյա բոլորն ընդունեցին, որ հայկական կողմի պահանջն արդարացի է, բայց ոչ մի ելույթ չհնչեց այն մասին, որ Ադրբեջանի առաջ քաշած պահանջներն անընդունելի են։ 

Հաղթանակ էր դա, թե ոչ՝ ինքներդ որոշեք։

Մարկ Նշանյան

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   1816 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ