...

Հիմարություններ անելու անսպառ վճռականությունը

Հիմարություններ անելու անսպառ վճռականությունը

Մեր ամենամեծ պրոբլեմը թերևս Նիկոլ Փաշինյանի ու նրա երիտնիկոլական շրջապատի բացարձակ ապիկարությունն ու անմեղսունակությունն է։ Հայաստանն այս թշվառագույն վիճակին հասցնելը նրանք համարում են փոքր-ինչ անհաջող արկած կամ շատ-շատ՝ ծաղկաման ջարդած երեխայի չարաճճիություն, որի համար բարկանալ չարժե՝ դե հիմա ո՞ւմ հետ չի պատահում։ Իսկ անձամբ Նիկոլ Փաշինյանն իր անցած քառամյա ուղիով հիշեցնում է հայտնի անեկդոտի շիկահեր կնոջը։ Գինեկոլոգը հարցնում է՝ կյանքում քանի՞ սեռական պարտնյոր եք ունեցել, սա էլ ասում է «երեք»։ «Ընդամենը երե՞ք»,- զարմանում է բժիշկը։ «Հա, վայ, մի հատ է՛լ խնդալու դեպք հիշեցի։ Տասնյոթ»,- ծիծաղելով պատասխանում է կինը։

Նիկոլ Փաշինյանն, իհարկե, ձևացնում է, թե իր այդ պահվածքի պատճառը ոչ թե սեփական արարքների համար պատասխանատվության իսպառ բացակայությունն է և անձնական իշխանությունից բացի ամեն ինչի վրա թքած ունենալը, այլ «ամուր նյարդերը»։ Իբր՝ իրականում ինքը ցավում է այս իրավիճակի համար, ահավոր նեղվում է, որ չի կարող երկիրը դուրս բերել այս վիճակից, բայց «տղամարդավարի» ատամները սեղմած դիմանում է, որովհետև «ամուր նյարդեր են պետք»։ Արդեն մեկ տարի է, ինչ նա հենց այդ պատճառաբանությամբ է կուլ տալիս անձամբ իր և Հայաստանի նվաստացման ցանկացած փորձ։ Իրեն անվանում են «հարբած ծաղրածու»՝ ինքը դրական ազդակներ է տեսնում, իր ղեկավարած երկրի բանակին ծաղրում են՝ ինքը «տևական խաղաղության դարաշրջանից» է խոսում, և այլն։ Մեկ-մեկ էլ խոստովանում է, որ որոշ հարցերում սխալվել է, բայց չարժե խստորեն դատել. չէ՞ որ նախօրոք զգուշացրել էր։ 44-օրյա պատերազմից բառացիորեն մի քանի օր առաջ էր, չէ՞, գրել «սխալվելու վճռականության» մասին իր հոդվածը։ Այն ժամանակ ո՞ւմ մտքով կանցներ, որ իրականում խոսքը ոչ թե սխալվելու, այլ հիմարություն անելու վճռականության մասին էր։ Որովհետև սխալվելն այն է, երբ կատարում ես քայլ, որը կարող էր նաև հաջողությամբ պսակվել, բայց ինչ-ինչ պատճառներով անհաջողության է մատնվում, իսկ երբ անում ես մի բան, որը հաջողությամբ պսակվելու ոչ մի, անգամ տեսական շանս չունի, դա ոչ թե սխալ է, այլ հիմարություն։ Ընդ որում՝ Նիկոլ Փաշինյանի «հիմարություններ անելու վճռականությունը» ոչ մի կերպ չի նվազում։ Ու խնդիրը նույնիսկ այն չէ, որ «էշին նստելը մի այիբ ա, էշից իջնելը՝ երկու», խնդիրն այն է, որ պացիենտը էշից իջնելու ոչ մի ցանկություն չունի ու դեռ մի բան էլ՝ համարում է, որ ոչ թե էշի վրա է, այլ հրեղեն ձիու։

Ամենատարօրինակը, սակայն, այն է, որ այս իրավիճակը հասկանալով հանդերձ շատերը հարցնում են՝ լա՛վ, ի՞նչ քայլեր պիտի անի, որ չի անում։ Սա իսկապես արտառոց հարցադրում է։ Իսկ ի՞նչ պիտի անի ցանկացած մեկը, որ ինչ-որ գործ է ստանձնել ու չի կարողանում անել։ Բնականաբար՝ պիտի ներողություն խնդրի ու մի կողմ քաշվի։ Պատկերացրեք՝ բժիշկ եք կանչել, իսկ նա հիվանդին զննելու փոխարեն հայտարարում է, որ մի կողմ է դնում ակադեմիական բժշկության հարյուրամյա գիտելիքները, բուժումը սկսելու է իր սեփական կետից, և․․․ հիվանդի գլուխը մտցնում է լվացքի մեքենայի մեջ ու միացնում մեքենան։ Որքանո՞վ տեղին կլինի, որ այդ իրավիճակում հիվանդի հարազատները թույլ տան շարունակել «բուժումը», իսկ իրենք մի կողմ քաշված քննարկեն, թե իսկ իրականում ի՞նչ պետք է աներ «բժիշկը», որ չի անում։ Քննարկելու բան չկա, պետք է ընդամենը երկու հեռախոսազանգ կատարել։ Առաջին՝ նորմալ բժիշկ կանչել, երկրորդ՝ ոստիկանություն կանչել, որ այս պատուհաս-բժշկի թևերը ոլորեն, տանեն։ Նա, իհարկե, կդիմադրի, կգոռգոռա, «քացի կտա», կասի, որ պետք չէ տրվել էմոցիաներին, որ «բուժումն» ամուր նյարդեր է պահանջում և այլն, բայց համաձայնվեք՝ այդ «փաստարկները» լուրջ ընդունել չի կարելի։

Լուրջ ընդունեցին՝ ամուր նյարդերը հիվանդի հոգեհանգստյան արարողության ժամանակ են պետք գալու։

Մարկ Նշանյան

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   2996 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ