...

Հողատու-տու-տու...

Հողատու-տու-տու...

ՀՀ ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանը «Արցախի Հանրապետության միջազգային ճանաչման հրամայականը» թեմայով համաժողովի ժամանակ ասել է. «Հիշո՞ւմ եք՝ ինչ-որ պահի Փաշինյանն ասաց՝ պետք է խորանամ Մադրիդյան փաստաթղթի մեջ, որովհետև դրույթներ կան, որ անհասկանալի են և այլն: Փաշինյանին մոտ կանգնած մարդկանց ասացի՝ փոխանցեք ձեր ղեկավարին, որ հեղինակն այստեղ է, կարող է կանչել ինձ ու խորհրդակցել: Եթե Փաշինյանն ինձ կանչած լիներ, հետևյալ հորդորը կանեի. հաշվի առնելով իր բարձր հեղինակությունն այդ օրերին, լայն աջակցությունը, նա ուներ այն հնարավորությունը, որ կարողանար իր վրա վերցներ պատասխանատվությունն ու աներ լրացուցիչ մի քանի զիջումներ, որ նախկին նախագահները չուզեցին կամ չկարողացան անել, և հասներ Արցախի հարցի հայանպաստ կարգավորմանը»:

«ՉԻ». Սպանում ա: Կարդում ես, ու սպանում ա: Մարդը, որը 10 տարի արտգործնախարար է եղել և ոտքը դնելով ոչմիթիզականության «պեդալին»՝ հայտարարել՝ «Հայաստանը երբեք չի գնա ղարաբաղյան բանակցային գործընթացում զիջումների, մենք առանց դրա էլ կզարգանանք և կդիմանանք շրջափակման, թեկուզ 100 տարի», հիմա հանկարծ պարզվում է՝ զիջումների թույն մասնագետ է եղել:

Ուշադրություն դարձրեք մի հանգամանքի. ասում է՝ Նիկոլին կհորդորեի լրացուցիչ մի քանի զիջում անել: Դե թող մի հատ ասի, թե այդ ինչ լրացուցիչ զիջումների մասին է խոսքը, և եթե այդ լրացուցիչ զիջումների տեղը գիտեր, ինչի՞ չի ինքն արել: 

Ու սրա պատասխանն էլ ունի. որ նախկին նախագահները չուզեցին կամ չկարողացան անել: Այսինքն՝ ինքը Քոչարյանի օրոք մեխի գլուխ է եղել, ոչ թե արտգործնախարար: Տեր-Պետրոսյանի օրոք, օրինակ, ինքը փոխարտգործնախարար էր, փուլային տարբերակի կողմնակից, Քոչարյանի օրոք... թե որ Քոչարյանն ասել է՝ ոչմիթիզական, ուրեմն ինքն էլ է ոչմիթիզական, որովհետև շեֆն է ասել: Ու հիմա, երբ այսպես զիջումներից է խոսում, ստացվում է, որ շատ լավ հասկացել է, թե ղարաբաղյան հարցի չկարգավորված մնալը ինչ հետևանքներ կարող է ունենալ, բայց ոչ մի անգամ Քոչարյանին չի հորդորել հարցը զիջումներով լուծել, որովհետև իր շեֆն է, ծպտուն անգամ չէր կարող հանել, էլ ուր մնաց՝ հորդոր: Իսկ Նիկոլ Փաշինյանին հավեսով պատրաստ էր զիջումների կոչեր անել: 

Բայց ամենազարմանալին այն է, որ ոչմիթիզականության դրոշակակիրը խոսում է զիջումների, այլ ոչ թե փոխզիջումների մասին: Մեզ հետաքրքիր է՝ քանի՞ դաշնակ, էն էլբակյան-իշխանյան-բան-ման հիմա Օսկանյանին կորակեն հողատու, դավաճան, թուրքի լրտես և այլն: 

Հ.Գ. «Այսօր իրավիճակը փոխվել է և այսօր այդ հնարավորությունը, որ Ղարաբաղն Ադրբեջանի կազմում չի լինելու, լիիրավ տարբերակ է և ամենահեշտ իրականացվելիքը` նաև միջազգային հանրության տեսակետից»: Էս Օսկանյանն է ասել, 2004թ. հոկտեմբերի 11-ին:

ՎԱՐԿԱՆԻՇ

   438 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ