...

Ի՞նչ միջանցք, Նիկոլը պատրաստվում է ամբողջ Սյունիքը հանձնել

Ի՞նչ միջանցք, Նիկոլը պատրաստվում է ամբողջ Սյունիքը հանձնել

Այն, ինչ տեղի է ունենում Հայաստանում 44-օրյա պատերազմին հաջորդած մեկ տարվա ընթացքում, կարելի է ներկայացնել ընդամենը մի նախադասությամբ․ Նիկոլ Փաշինյանը նախապատրաստում է Սյունիքի հանձնումը։ Այո, ոչ թե միջանցքի, այլ հենց Սյունիքի։ Ու թող որևէ մեկն ինքն իրեն չմխիթարի, թե «բայց Ալիևը միայն միջանցքի մասին է խոսում»։ 44-օրյա պատերազմից առաջ էլ միայն 7 շրջանների մասին էր խոսում, բայց Հայաստանի իշխանությունները շատ ավելին տվեցին՝ դավաճանի պիտակից խուսափելու համար։ 

Սցենարը նույնն է, մեթոդները՝ նույնպես։ Ինչո՞վ էին զբաղված Նիկոլ Փաշինյանն ու իր անհայրենիքները 44-օրյա պատերազմին նախորդած ժամանակահատվածում, ինչպե՞ս էին նախապատրաստում «խաղաղության դարաշրջանի հաստատման» առաջին փուլը։ Ճիշտ է, ամեն գնով վարկաբեկում էին բանակն ու զինվորականությունը, պառակտում էին հասարակությունը, ժողովրդին համոզում էին, թե բանակցային ճանապարհով խնդրի կարգավորումը բացառված է (իբր՝ իր նախորդները 25 տարի շարունակ միայն տարածքները հանձնելու շուրջ են բանակցել), հետո գոռգոռում էին, թե իրենք տարածք հանձնող չեն (Արցախը Հայաստան է, և վերջ), արտաքին քաղաքականությունը վստահեցին կիսագրագետ «քայլիստներին», իսկ երբ Ադրբեջանն օգտվեց հնարավորությունից ու հարձակվեց՝ պատերազմ ղեկավարելու փոխարեն սկսեցին շոուներ կազմակերպել, ամեն ինչի համար մեղադրեցին բանակին ու ներկայացան որպես փրկիչներ՝ իբր կապիտուլյացիան ստորագրել են, որպեսզի 30-35 հազար զինվորի կյանք փրկեն։ 

Հիմա ճիշտ նույն բաներն են անում։ Բանակը վարկաբեկվում է (իբր՝ մեր զինվորները տասնյակներով ինքնակամ գերի են հանձնվում), բարձրագույն սպայակազմի ներկայացուցիչներից ամեն մեկի վրա մի քանի քրեական գործ կա, պաշտպանության նախարարը պատահական մարդ է, արտաքին քաղաքականությունն իրականացվում է բացառապես «դեբիլի, բլյա» տիպի արձագանքների արժանի քայլերով, Սյունիքի սահմանները հայտարարվում են «անպետք-անբնակ տարածքներ», առաջնագծի կահավորումն էլ սահմանափակվում է «դոմիկներով» ու վառելափայտի պաշարներով։ Զուգահեռաբար նույն քարոզչությունն է իրականացվում՝ «մենք միջանցք հանձնող չենք» («Սյունիքը Հայաստան է, և վերջ»), «նախկիններն են հանձնել» (բա ինչի՞ սահմանամերձ գյուղերում բնակչություն չկար), և այլն։ Սցենարն էլ է նույնը լինելու։ Նիկոլ Փաշինյանը մի անգամ արդեն իր համար հայտնաբերել է, որ «առանց արյուն հող հանձնողը դավաճան է, արյունով հանձնողը՝ հերոս», ու քանի որ որոշել է մի անգամ էլ Սյունիքը հանձնելով «հերոսանալ»՝ արյունով է հանձնելու։ Ադրբեջանցիները կհարձակվեն, ինքը բունկերից ինչ-որ բաներ կբարբաջի հայրենասիրության ու նոր Սարդարապատի մասին, իսկ առավոտյան կպարզվի, որ նոր կապիտուլյացիոն փաստաթուղթ է ստորագրել (բա հո թույլ չէ՞ր տալու, որ թուրքերը մտնեն խաղաղ բնակիչներին կոտորեն)։ Սա է «խաղաղության դարաշրջանի հաստատման» երկրորդ փուլը, ու դատելով Ադրբեջանի շտապողականությունից՝ այդ փուլի նախապատրաստման համար Նիկոլ Փաշինյանին տրված ժամկետը մոտենում է ավարտին։ Ալիևն ասում է «կոնկրետ ժամկետ նշեք», մեր պաշտպանության նախարարությունն էլ ասում է «մինչև տարեվերջ սահմանի կահավորումն ավարտված է լինելու» (այսինքն՝ «թե մի բան անում եք, արագի մեջ արեք»)։

Նիկոլ Փաշինյանի համար սա ընդամենը իշխանությունը պահելու և վայելելու հարց է, ու նա ակնհայտորեն այդ նպատակով անգամ Ադրբեջանի ու Թուրքիայի հետ «բանավոր պայմանավորվածությունների դաշտ» է մտել։ Վախենալու բան էլ առանձնապես չունի․ եթե Արցախը հանձնելուց հետո ընդամենը իր կեցավայրն էին մտել ու մի երկու բան թռցրել, ինչո՞ւ պիտի Սյունիքը հանձնելու հետևանքներն ավելի ծանր լինեն։ Մխիթարում է միայն այն, որ եթե Արցախը հանձնելը շոկային էր, Սյունիքի դեպքում սցենարը նախապես հայտնի է, հետևաբար՝ կանխելու հնարավորություն կա։ Դեռևս։

Մարկ Նշանյան

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   2732 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ