Վերջապես հրապարակվեց ԹՐԻՓՓ ծրագրի իրականացման շրջանակը սահմանող փաստաթղթի տեքստը, և բնականաբար՝ քաղաքական ուժերը, մի-մի խոշորացույց առած, սկսելու են ուսումնասիրել այն, մանրամասն հաշվել թվերը, ստացվելիք եկամուտները, փայաբաժինները, տոկոսները և այլն։ Ընդ որում՝ իշխանություններն այդ փաստաթուղթը ներկայացնելու են որպես մեծագույն նվաճում, չտեսնված-չլսված հաղթանակ, որովհետև այնտեղ հստակ արձանագրված է «Հայաստանի լիակատար ինքնիշխանությունը Հայաստանի ինքնիշխան տարածքում ծրագրի ողջ ծածկույթի նկատմամբ» (սա իսկապես շատ կարևոր ձեռքբերում է), ընդդիմությունն էլ փորձելու է բացահայտել փաստաթղթի այն կետերը, որոնք պոտենցիալ ռիսկեր են պարունակում և կարող են Հայաստանի ինքնիշխանությունն այդ տարածքում դարձնել ձևական (ցավոք՝ դրանք նույնպես տեսանելի են)։ Բայց սրանք, ամեն դեպքում, իրավական և տնտեսագիտական լուրջ ուսումնասիրությունների թեմաներ են, իսկ մենք կցանկանայինք ուշադրություն դարձնել այլ, մեր կարծիքով՝ շատ ավելի կարևոր հարցերի վրա։
Բանն այն է, որ ԹՐԻՓՓ ծրագրի իրականացումը տարածաշրջանում տևական խաղաղության հաստատման հետ ուղիղ կապ չունի, դա պարզապես ծրագիր է, որը կարող է կյանքի կոչվել, եթե այդ խաղաղությունը հաստատվի։ Պարզ ասած՝ դա այն կարկանդակն է, որը տարածաշրջանի երկրները կստանան, եթե համաձայնվեն տևական խաղաղություն հաստատել։ Փաստաթղթում, ի դեպ, հենց այդպես էլ գրված է (սա թերևս քաղաքական իմաստով ամենակարևոր հատվածն է)․ «ԹՐԻՓՓ-ի հաջողությունը կախված է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հետագա ինստիտուցիոնալիզացումից, Հայաստան-Թուրքիա ամբողջական կարգավորման առաջընթացից․․․»։ Պարզ ասած, հայ-ադրբեջանական և հայ-թուրքական հարաբերությունները կկարգավորվեն՝ ԹՐԻՓՓ-ը հաջողություն կունենա, չկարգավորվեն՝ չի ունենա։ Այսինքն՝ այդ ծրագրի հաջողվել-չհաջողվելը կախված է Ադրբեջանի և Թուրքիայի կամքից։
Սա, իհարկե, չի նշանակում, թե Ադրբեջանն ու Թուրքիան այդպիսի կամք չեն ցուցաբերի։ Կցուցաբերեն, որովհետև իրենց նույնպես ձեռնտու է։ Այլ հարց է, թե դրա համար ի՞նչ գին կպահանջեն Հայաստանից։ Հիմա Հայաստանի իշխանությունները մեզ պատմում են, որ այդ «կարկանդակը» շատ լավն է։ Ենթադրենք՝ իսկապես էլ շատ լավն է, ենթադրենք՝ նույնիսկ իդեալական է, բայց մեզ ասում են, որ մենք այդ «կարկանդակը» կստանանք միայն այն դեպքում, եթե «ինստիտուցիոնալիզացնենք» Ադրբեջանի հետ խաղաղությունը և կարգավորենք հարաբերությունները Թուրքիայի հետ, Բաքուն ու Անկարան էլ դրա դիմաց նորանոր պահանջներ են առաջ քաշում։ Ընդ որում՝ ըստ հրապարակված փաստաթղթի մեկ այլ կետի, «Հայաստանը հանձնառու է ԹՐԻՓՓ-ի նախաձեռնության հաջողելուն», այսինքն՝ ԱՄՆ առջև հանձն է առել (պարտավորվել է) կատարել Ադրբեջանի և Թուրքիայի պահանջները, որովհետև հակառակ դեպքում ծրագիրը չի հաջողվի։
Իսկ մեր «հանրային-քաղաքական միտքը», մեր վճարելիք գինը քննարկելու փոխարեն, դրած՝ «կարկանդակի» որակական հատկանիշներով է հիանում, կանխավայելում է այն հաճույքը, որը պիտի ստանա դրա 26 տոկոսը կծելիս, հպարտ է, որ կես դար հետո արդեն ամբողջ 49 տոկոսն է կծելու․․․ Մի խոսքով, աղն առած՝ վազում են։
Մարկ Նշանյան