...

Ի վերջո ո՞ւմ պրոյեկտն է այս իշխանությունը

Ի վերջո ո՞ւմ պրոյեկտն է այս իշխանությունը

44-օրյա պատերազմից գրեթե երկու տարի է անցել, իսկ Հայաստանի հասարակական-քաղաքական կյանքի հիմնական «դիսկուրսը» մնում է նույնը՝ ի վերջո ի՞նչ է իրենից ներկայացնում Նիկոլի իշխանությունը։ Քաղաքական տհասների խո՞ւմբ է, որն իր կիսագրագետ ու արկածախնդիր առաջնորդի տիեզերական ապիկարության արդյունքում կործանման եզրին հասցրեց Հայաստանը, թե՞ այնուամենայնիվ գործ ունենք օտարերկրյա գործակալական ցանցի հետ, որը մեծ հաջողությամբ իրականացնում է իր առջև դրված խնդիրները։

Եթե երկրորդ տարբերակն է, ապա «Նիկոլ-դավաճան» վանկարկումները թերի են, որովհետև դավաճանությունը ենթադրում է, որ տվյալ անձը (թիմը, քաղաքական խմբակը) գործում է ի վնաս սեփական երկրի՝ հօգուտ այլ պետության, հետևաբար՝ կարևոր է հասկանալ, թե հատկապես ո՞րն է այդ այլ պետությունը։ Պարզ ասած՝ ո՞ւմ պրոյեկտն է Նիկոլ Փաշինյանը։

Տեսականորեն նա կարող է լինել և՛ ռուսական, և՛ արևմտյան, և՛ նույնիսկ թուրք-ադրբեջանական պրոյեկտ, որովհետև նրա քառամյա գործունեության արդյունքները դրական են եղել բոլորի համար՝ բացի Հայաստանից ու Արցախից։ Եվ այնուամենայնիվ՝ արժե երեք տարբերակները քննարկել առանձին-առանձին։

«Թուրք-ադրբեջանական պրոյեկտի» տարբերակը քիչ հավանական է, կարելի է ասել՝ գրեթե անհնարին։ Այդ երկրները, իհարկե, Հայաստանի վրա տասնամյակներով աշխատում էին, բայց հազիվ թե կարողանային իրենց «պրոտեժեին» բերել իշխանության։ «Արևմտյան» տարբերակն ավելի խելքին մոտ է, որովհետև իշխանության հասնելուն պես Նիկոլ Փաշինյանն ու իր մերձավոր շրջապատն անմիջապես սկսեցին փչացնել հարաբերությունները Ռուսաստանի հետ, ընդ որում՝ դա անում էին հրապարակավ, բացահայտ հաճույքով ու գովազդում էին իրենց յուրաքանչյուր քայլը։ Բայց եթե Նիկոլն իսկապես «պայմանական Արևմուտքի» պրոյեկտն էր, ապա պետք է արձանագրել, որ Արևմուտքը սխալ մարդու վրա էր խաղադրույք կատարել։ Որովհետև եթե վերջնանպատակը մեր տարածաշրջանում Ռուսաստանի դիրքերը թուլացնելն էր, ապա Նիկոլի գործունեության արդյունքում տեղի ունեցավ ճիշտ հակառակը․ ռուսական ռազմական ներկայությունն ընդլայնվեց, Հայաստանն էլ ավելի խոր կախվածության մեջ հայտնվեց Ռուսաստանից։ Իսկ ահա «ռուսական պրոյեկտի» տարբերակը, եթե դատելու լինենք արձանագրված արդյունքներով, ամենահավանականն է։ Պարզապես այդ դեպքում կստացվի, որ շատ ավելի բարդ խաղի մեջ ենք ներքաշված եղել։

Հարցին նայենք Ռուսաստանի դիրքերից։ Ենթադրենք՝ այդ երկիրն ուզում է ամրապնդել իր դիրքերը մեր տարածաշրջանում, ռազմական ներկայություն ապահովել Արցախում ու միաժամանակ ջերմացնել հարաբերությունները Թուրքիայի ու Ադրբեջանի հետ, բայց հաստատված ստատուս-քվոն ու «Հայաստանի ռազմավարական դաշնակցի» կարգավիճակը դա թույլ չեն տալիս։ Ի՞նչ պիտի անի Ռուսաստանը։ Ամենաօպտիմալ ճանապարհը՝ Հայաստանում իշխանության բերել իբր արևմտամետ ու հանուն իշխանության ամեն ինչի պատրաստ մեկին, հանձնարարել, որ նա հրապարակավ հակառուսական քայլեր անի (որպեսզի «դավաճանության» հարցը մեջտեղից դուրս գա՝ իբր ոչ թե Ռուսաստանն է դավաճանել իր դաշնակցին, այլ դաշնակիցն է սկսել «խաղեր տալ»), հետո նրա միջոցով նոր պատերազմ հրահրել, հասցնել պարտության ու վերջին պահին «փրկել»։ Վերջ, բոլոր նպատակներն իրագործված են․ Հայաստանը վերջնականապես իր գրպանում է, Արցախում ռազմական ներկայությունն ապահովված է, Թուրքիայի ու Ադրբեջանի հետ ջերմ հարաբերությունները հաստատված են, հետագա առևտրի հարթակն էլ ապահովված է՝ հասկանալի է, «դավաճան» Հայաստանի հաշվին։

Կրկնում ենք՝ սրանք ընդամենը վարկածներ են, որոնք հիմքեր են տալիս եզրակացնելու, որ եթե Նիկոլ Փաշինյանն օտարերկրյա պրոյեկտ է, ապա մեծ հավանականությամբ՝ այդ պրոյեկտի հեղինակը Ռուսաստանն է։ Համենայն դեպս՝ «ո՞ւմ էր դա ձեռնտու» հարցը որևէ մեկը դեռ չի չեղարկել։ 

Մարկ Նշանյան

Հ․ Գ․ Իշխանություններն իրենք ամեն ինչ անում են՝ ապացուցելու համար, որ ճիշտն այնուամենայնիվ առաջին տարբերակն է։ Այսինքն՝ ի՞նչ օտարերկրյա պրոյեկտ, ի՞նչ բան, դավադրապաշտական տեսությունների կարիք չկա, իրենք պարզապես քաղաքական տհասների խումբ են, և վերջ։ Ու պատկերացրեք՝ դա անում են շատ համոզիչ ձևով։

Читать на русском

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   1062 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ