...

Իսկ ինչո՞ւ պիտի Նիկոլ Փաշինյանն ինքն իրեն ձախողված համարի

Իսկ ինչո՞ւ պիտի Նիկոլ Փաշինյանն ինքն իրեն ձախողված համարի

Նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության ստորագրումից երեք տարի անց Արցախում այլևս հայկական բնակչություն չկա, ՀՀ տարածքի 200 քկմ-ն օկուպացված է, Հայաստանը շարունակում է գտնվել շրջափակման մեջ, Ադրբեջանը նոր պահանջներ է առաջ քաշում, ու Նիկոլ Փաշինյանը ոչ միայն շարունակում է պաշտոնավարել, այլև իրեն շատ ավելի հարմարավետ է զգում, քան երեք տարի առաջ։ Ավելին՝ համոզված է, որ ստեղծված իրավիճակի համար մեղավոր են ուրիշները, իսկ ինքը երկիրը տանում է ճիշտ ուղղությամբ։

Ամենայն հավանականությամբ՝ նրա այդ համոզվածությունն անկեղծ է․ նա իր կառավարումը ձախողված չի համարում, և այդպես կարծելու «հիմքեր» ունի։ Ո՞րն էր, ի վերջո, ղարաբաղյան հակամարտության կարգավորման նրա «տեսլականը», երբ որպես վարչապետ առաջին անգամ մտել էր կառավարության շենք ու ինքն իրենից զարմացած՝ «լայվով» ցուցադրում էր կաբինետը։ Նա, բնականաբար, իշխանությունը չէր վերցրել ղարաբաղյան խնդիրը կարգավորելու համար, վերցրել էր՝ բացառապես իշխանական վայելքներից օգտվելու համար, իսկ կարգավորման գործընթացի նկատմամբ նրա վերաբերմունքի ձևավորման հիմքում շատ հստակ հաշվարկ կար․ իրենից առաջ Հայաստանն ունեցել էր երեք ղեկավար, նրանցից առաջինը փորձել էր կարգավորել հակամարտությունը և զրկվել էր իշխանությունից, մյուս երկուսը ձգձգել էին գործընթացն ու արդյունքում՝ հանգիստ պաշտոնավարել մինչև ժամկետի ավարտն ու ահռելի հարստություն կուտակել, հետևաբար՝ ինքը պիտի գնա հենց վերջիններիս ճանապարհով։ Այստեղից էլ՝ բանակցությունները «սեփական կետից սկսելու», այսինքն՝ ձգձգելու նոր հնարավորություն ձեռք բերելու քաղաքականությունը։ 

Բայց կարճ ժամանակ անց նա հասկացավ, որ ժամանակ ձգելու ռեսուրսը Քոչարյանն ու Սերժը սպառել են, և իրեն չի հաջողվելու վարվել նրանց նման։ Ու ստիպված եղավ կտրուկ փոխել քաղաքականությունը։ Տարբերակներն ընդամենը երկուսն էին․ կամ ընդունել կարգավորման ռուսական պլանն ու ծանր զիջումների գնալ (բայց այդ դեպքում կարող էր կորցնել իշխանությունը, այսինքն՝ կիսատ թողնել իշխանությունը վայելելու իր «մանկության կապույտ երազանքը»), կամ երկիրը «դուխով» տանել նոր պատերազմի, վերջնականապես ազատվել Ղարաբաղից էլ, ղարաբաղյան հարցից էլ, մեղքը բարդել նախկինների վրա ու պահպանել իշխանությունը։ Նա գիտակցաբար ընտրեց երկրորդ տարբերակն ու «հաջողությամբ» իրականացրեց։ Ճիշտ է՝ ամեն ինչ այնքան էլ սահուն չընթացավ ու տեղի չունեցավ այնպես, ինչպես ինքն էր պատկերացնում՝ «փաթեթային տարբերակով», բայց ի վերջո կարողացավ իրականացնել փուլ առ փուլ։ Նա, ի դեպ, հենց դա էր խոստովանում, երբ ասում էր, որ 2020-ի հոկտեմբերի 19-ին կարող էր կանգնեցնել պատերազմը, և «նույն արդյունքը կունենայինք, իհարկե՝ առանց զոհերի», ու խնդիրն այն չէր, որ իրեն «դավաճան» կասեին, խնդիրն այն է, որ Ղարաբաղից ազատվելու ծրագիրը կիսատ կմնար, իսկ իրեն պետք էր այդ հարցը միանգամից լուծել։ Միանգամից չստացվեց, բայց ի վերջո հաջողվեց երեք տարի անց՝ 2023-ի սեպտեմբերին։ 

Արդյունքում՝ Արցախը չկա, արցախյան խնդիրը չկա, մեղավորների պակաս չկա (ռուսները, նախկինները, «5-րդ շարասյունը», անտարբեր Արևմուտքը և այլն, մի խոսքով՝ ով ասես, բացի իրենից), խաղաղության համաձայնագրի շուրջ բանակցությունները կարելի է ահագին ձգձգել, ինքն էլ շարունակում է վայելել իշխանությունը։ Եվ ուզում եք, որ այսքանից հետո նա ինքն իր կառավարումը ձախողվա՞ծ համարի։ Հակառակը՝ իր առջև դրված բոլոր նպատակներին հասել է։ Ճիշտ է, ընթացքում նոր, «մանր-մունր» խնդիրներ էլ են առաջացել՝ «Զանգեզուրի միջանցք», անկլավներ և այլն, բայց եթե «ինչ ուզում են՝ տամ-պրծնեմ, իշխանությունը վայելեմ» ռազմավարությունն աշխատում է, մտահոգվելու կարիք չունի։ Հո թղթով չի՞ տալու, որ իրեն «դավաճան» ասեն, կռվո՛վ է տալու։ Իսկ եթե չուզեն՝ ավելի լավ․ բանակցություններն անվերջ կձգձգի, ինքն էլ «դեռ 100 տարի կվայելի իշխանությունը շրջափակման պայմաններում»։ Իրեն ու իր շրջապատին հաստատ կհերիքի։

Մարկ Նշանյան

ՎԱՐԿԱՆԻՇ

   412 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ