...

Իսկ ո՞վ ասաց, որ ժողովրդին խաբելու մենաշնորհը Նիկոլինն է

Իսկ ո՞վ ասաց, որ ժողովրդին խաբելու մենաշնորհը Նիկոլինն է

Ադրբեջանը նոյեմբերի 8-ը «հաղթանակի օր» է հռչակել և Ստեփանակերտում զինվորական շքերթ է անցկացնում։ Թե ինչու նոյեմբերի 8-ը՝ հասկանալի է․ իրենք երեք տարի առաջ այդ օրն են վերջնականապես գրավել Շուշին։ Իսկ Նիկոլ Փաշինյանը, հիշեցնենք, հաջորդ օրը դեռ հայտարարում էր, թե «Շուշիի համար մարտերը շարունակվում են»։ Մի խոսքով՝ խաբում էր։

Ինչևէ։ 44-օրյա պատերազմն ընդհանրապես կարելի է խաբեության խորհրդանիշ համարել, որովհետև 44 օր շարունակ հասարակությանը գիտակցաբար խաբում էին՝ է՛լ «գյոռբագյոռ օպերացիա», է՛լ «ոչ ևս» եղած Գյանջա, է՛լ «օդուժի զգետնում»․․․ Բայց խաբեությունը շարունակվեց նաև հետո, երբ Նիկոլ Փաշինյանը կարողացավ պահպանել իշխանությունը՝ «ապագա կա» կարգախոսով և «Հադրութի ու Շուշիի դեօկուպացիա» ու Արցախի համար՝ «անջատում հանուն փրկության» խոստանալով։ Գիտակցաբա՞ր էր խաբում, թե՞ ինքն իր ասածին հավատում էր։ Հաստատ գիտակցաբար էր խաբում, որովհետև վստահաբար՝ ամենալավը ինքն էր պատկերացնում, թե ինչ անդառնալի աղետ է բերել Արցախի ու Հայաստանի գլխին ու ինքն էր «բանավոր պայմանավորվել», որ կարճ ժամանակ անց Որոտանը Էյվազլի է դառնալու, մեր սարերը՝ ամայի-անբնակ, արցախահայությանն էլ «ինտեգրվելու» համար առավելագույնը չորսուկես տարի է տրված։ 

Բայց Հայաստանում հասարակությանը խաբելն ամենաարդյունավետ քաղաքական գործիքն է, եթե ոչ միակը, ու բնականաբար՝ բոլորն են օգտվում այդ գործիքից։ Ընդամենը երկու օրինակ բերենք։ Առաջին՝ Ադրբեջանը համարյա վերջնագրային տոնով պահանջում է վերադարձնել անկլավային 8 գյուղերը։ Ի՞նչ պիտի աներ նման իրավիճակում ադեկվատ քաղաքական դաշտը։ Պիտի արձանագրեր, որ եթե մենք իսկապես ուզում ենք սահմանազատում իրականացնել 1975 թ․ քարտեզներով՝ ապա այո, ստիպված ենք ընդունել, որ այդ անկլավները 1975-ին վարչականորեն պատկանում էին Ադրբեջանական ՍՍՀ-ին, բայց դրանց հանձնումը կարող է տեղի ունենալ միայն այն դեպքում, եթե Ադրբեջանը զուգահեռաբար վերադարձնի Արծվաշենը ու իր զորքերը դուրս բերի ՀՀ ինքնիշխան տարածքից։ Հարց՝ քանի՞ անգամ եք լսել, որ որևէ ընդդիմադիր ուժ նման դիրքորոշում արտահայտի։ Փոխարենը՝ հազար անգամ լսել եք, որ այդ անկլավներն ապօրինաբար են անցել Ադրբեջանին, որ 1929-30 թվականներին ոչ մի անկլավ էլ չկար, որ դրանք հանձնելը դավաճանություն է, և այլն։ Որովհետև ժողովրդին դա՛ է դուր գալիս։ 

Երկրորդը՝ հիմա ընդդիմադիր դաշտում բոլորը խոսում են հարյուր հազար արցախցիներին իրենց հայրենիքը վերադարձնելու «իրատեսական ծրագրերի» մասին։ Որովհետև եթե 2021-ին Նիկոլի՝ «Հադրութի ու Շուշիի դեօկուպացիայի» խոստման տրյուկն աշխատեց, ինչո՞ւ հիմա էլ իրե՛նք չփորձեն։ Ո՞վ է ասել, որ ժողովրդին ստերով կերակրելու մենաշնորհը Նիկոլինն է։ Համ էլ՝ բա հո չե՞ն ասելու, որ տեսականորեն՝ արցախցիների վերադարձի ընդամենը երկու տարբերակ կա․ կամ ռազմական ճանապարհով ազատագրելով, կամ Ադրբեջանի քաղաքացիություն ընդունելով ու «համաներվելով»։ Պարզ ասած՝ վերադարձը հնարավոր է կամ տանկերով, կամ կանաչ անձնագրերով, այլ տարբերակ չկա։ Բայց այդ դեպքում կստացվի, որ ընդդիմությունը կամ բացահայտորեն պատերազմ է քարոզում, կամ ադրբեջանական հպատակություն ընդունում, ընդ որում՝ երկուսն էլ ժողովրդին դուր չի գա։ Հետևաբար՝ նախընտրելին խաբելն է։ 

Նիկոլ Փաշինյանը, ի դեպ, հենց դրանից էլ օգտվում է (չենք ասում «Փաշինյանի քաղաքական թիմ», որովհետև նման բան չկա, 2018-ին Հայաստանում տեղի ունեցածն էլ ընդամենը կերակրատաշտի շուրջ հավաքվածների սովորական ռոտացիա էր)։ Մարկ Տվենն էր, չէ՞, ասում «երբեք մի վիճեք հիմարի հետ, որովհետև նա Ձեզ կստիպի իջնել իր մակարդակին ու կջախջախի փորձի շնորհիվ»։ Հիմա Հայաստանի քաղաքական դաշտում ճիշտ այդ մակարդակի վեճ է, ու Նիկոլ Փաշինյանն էլ հաղթում է՝ և խաբելու փորձի, և՛ ռեսուրսների շնորհիվ։

Մարկ Նշանյան

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   451 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ