...

Կա պրագմատիզմ, կա «ոչմիթիզականություն», և կա Նիկոլ

Կա պրագմատիզմ, կա «ոչմիթիզականություն», և կա Նիկոլ

Ղարաբաղյան շարժման 34-ամյակի առթիվ տարբեր քաղաքական ուժերի և հանրային դեմքերի պաթոսախառը հայտարարություններն ու փոխադարձ մեղադրանքները ցույց տվեցին, որ մեծ հաշվով ոչինչ չի փոխվել։ Մեր հիմնական պրոբլեմը մնում է այն, որ մեզանում առողջ տրամաբանությունն ու հայրենասիրությունն ընկալվում են որպես տրամագծորեն հակադիր ու նույնիսկ թշնամական բևեռներ։ Մինչդեռ նորմալ երկրներում դրանք նույնական են, ընդ որում՝ շատ պարզ պատճառով․ հայրենասիրությունը հայրենիքին (պետությանը) առավելագույն օգուտ տալն է, իսկ առավելագույն օգուտ տալ հնարավոր է միայն առողջ բանականության (պրագմատիզմի) շնորհիվ, հետևաբար՝ ով ամենապրագմատիկն է, նա էլ ամենահայրենասերն է։

Թվում է՝ այստեղ առանձնապես վիճելու բան չկա, բայց մեզանում իրենք իրենց հայրենասեր անվանողները նույնիսկ ավելի հեռուն են գնում։ Դե եթե իրենք հայրենասեր են, ուրեմն իրենց ընդդիմախոսները ոչ հայրենասերներ են, իսկ հայրենիքը չսիրելուց մինչև «ազգի դավաճան» մի քայլ է, և արդյունքում՝ հանրային գիտակցության մեջ արմատավորվում է այն գաղափարը, թե առողջ տրամաբանությունը նույն դավաճանությունն է։ Մեզանում հայրենասիրության հիմնական տեսակը կոչվում է «ոչմիթիզականություն», և այստեղ նույնպես պրոբլեմ կա։ Մեր իրականության մեջ «ոչմիթիզականությունն» ընկալվում է մոտավորապես այսպես՝ «չի կարելի ոչինչ զիջել, և վերջ»։ Մինչդեռ իրական «ոչմիթիզականությունը» հնչում է այսպես՝ «չի կարելի զիջել որևէ բան, որը հնարավոր է նաև չզիջել»։ Այսինքն՝ իրական «ոչմիթիզականությունը» պետության շահերն առավելագույնս պաշտպանելն է, մինչդեռ դրա հայկական մոդիֆիկացիայի արդյունքում պետությունը (հայրենիքը) միայն նորանոր աղետների մեջ է հայտնվում։

Հայաստանն այսօր հենց այդ վիճակում է։ Օվկիանոսից այն կողմ ապրող հայրենասերները Երևանի շենքերի պատերին Վիլսոնի քարտեզներն են փակցնում, իրենց թալանածը օվկիանոսից այն կողմ փախցրած հայրենասերները տեսախցիկների առջև վերբալ արյան ծով են դարձնում Ստամբուլն ու Բաքուն, մարդիկ էլ հիպնոսացածի պես շարունակում են հիանալ նրանց խիզախությամբ՝ հասկանալի է, ի հակադրություն վախկոտ ու դավաճան պրագմատիկների։ Զարմանալի ոչինչ չկա, այդ մարդկանց 25 տարի շարունակ հիպնոսացրել են։ Հիշո՞ւմ եք, օրինակ, «Սերգո ջան, լավ չես ապրելու» արտահայտության պատմությունը։ «Սերգո ջանը» նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանին հարցրել էր՝ ե՞րբ ենք լավ ապրելու, նա էլ պատասխանել էր՝ մինչև ղարաբաղյան խնդիրը չկարգավորվի, լավ չենք ապրելու։ Դրանից հետո 20 տարի շարունակ քոչարյանա-սերժա-դաշնակցական քարոզչամեքենան խեղաթյուրեց այդ խոսքերը՝ իբր «Լևոնն ասել ա մինչև Ղարաբաղը չտանք՝ լավ չենք ապրելու»։ Չեք հավատում՝ դուրս եկեք փողոց ու հարցրեք մարդկանց․ 10-ից 9-ը կպատասխանեն, որ Տեր-Պետրոսյանը հենց այդպես էլ ասել է։ Դե բա եթե 20 տարի շարունակ քարոզում ու մարդկանց հավատացնում էիք, որ «ղարաբաղյան խնդրի կարգավորումն» ու «Ղարաբաղը տալը» նույն բանն է, հիմա ինչո՞ւ եք զարմանում, որ Նիկոլը հենց այդպես էլ «լուծել է Ղարաբաղի խնդիրը», բայց ժողովուրդը ոչ միայն չի ընդվզում, այլև հավատում է, թե դրա արդյունքում լավ է ապրելու։ Մի զարմացեք, ձեր քարոզչության հետևանքն է։

Նիկոլ Փաշինյանն ինքն, ի դեպ, ոչ պրագմատիկ է, ոչ «ոչմիթիզական»։ Եթե ձևափոխենք հայտնի արտահայտությունը՝ Հայաստանում կան պրագմատիկներ, կան «ոչմիթիզականներ», և կա Նիկոլ Փաշինյան։ Նա ընդհանրապես իզմ-եր չունի, հայրենիքն էլ ոչ թե թիզերով է չափում, այլ իր անձնական կոմֆորտով։ Հարյուր թիզ ուզեն՝ հազարը կտա, հազարն ուզեն՝ երկու հազարը կտա, միայն թե իր կոմֆորտը չխաթարվի։ Միակ բանը, որից նա պատրաստ չէ ոչ մի թիզ զիջել՝ իր իշխանությունն է։ Ու չի էլ զիջելու։ Որևէ մեկը հույս չունենա, թե մի օր ասելու է «դե լավ, ինչի՞ս ա պետք էս վարչապետի աթոռը, դժբախտ-դժգույն աթոռ ա»։ Չի լինելու այդպիսի բան։ Դա հնարավոր կլիներ, եթե Հայաստանում վերջապես հասկանայինք, որ առողջ բանականությունն ու իրական հայրենասիրությունն այնուամենայնիվ նույն բանն են։ Բայց առայժմ դեռ մառազմի խորացման փուլում ենք։

Մարկ Նշանյան

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   2362 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ