...

«Կարմիր գծերն» արդեն գյուղերի վարչական սահմաններո՞վ են անցնում

«Կարմիր գծերն» արդեն գյուղերի վարչական սահմաններո՞վ են անցնում

Ադրբեջանցի մի քանի զինվորների՝ ՀՀ տարածքում հայտնվելն ու մոտ 20 կմ խորանալն ավելին է, քան մեր իշխանությունների սովորական փնթիության հերթական ապացույցը։ Դա Նիկոլ Փաշինյանի իշխանության՝ «խաղաղության դարաշրջանի» վերաբերյալ իրական պատկերացումների ամենաճշգրիտ ցուցիչն է։ 

Նախ՝ բուն միջադեպի մասին։ Եթե դա տեղի ունեցած լիներ, ասենք, հայ-ադրբեջանական շփման գծի արևելյան հատվածում, կասեինք՝ դե հիմա այդ շփման գիծը ձևավորվել է ընդամենը երկուսուկես տարի առաջ, մինչ այդ այնտեղ ոչ մի դիրք ու խրամատ չի եղել, գուցե մերոնք չեն հասցրել նոր դիրքեր կահավորել, և այլն։ Բայց ադրբեջանցիները մտել են Նախիջևանի կողմից, այսինքն՝ այն հատվածից, որտեղ դեռևս 1994 թվականից հայկական բանակը լավ էլ դիրքավորված էր ու վերահսկում էր իրավիճակը։ Անհեթեթ է նաև այն բացատրությունը, թե «ադրբեջանցիները մառախուղի պատճառով մոլորվել են», և այլն։ Այսինքն՝ ստացվում է, որ մեր սահմանները միայն արևոտ եղանակին ու օրվա ցերեկային ժամերի՞ն են համեմատաբար պաշտպանված։ Թե՞ ավելի հավանական է, որ հայկական դիրքերում պարզապես մարդ չի եղել՝ ամենաբարձր մակարդակով որոշվել է, որ «ամայի սարերում» դիրքեր ունենալն անիմաստ է, ու հրամայվել է ընդհանրապես լքել այդ հենակետերը։

Որքան էլ տարօրինակ է, բայց սա իսկապես ամենահավանական տարբերակն է։ Նիկոլի օրոք պաշտոնապես հայտարարվեց, չէ՞, որ մեր բանակը պիտի ոչ թե «ամայի սարերը» պաշտպանի, այլ բնակչությանը։ Տրամաբանորեն՝ սրա հաջորդ քայլն այն պիտի լիներ, որ զինվորներն իջեցվեին լեռներից ու տեղաբաշխվեին բնակավայրերի մոտ։ Ուրիշ բան, որ նույնիսկ դա՛ չի արվել, որովհետև ադրբեջանցի զինվորներից մեկին ոչ թե հայ զինվորները կամ սահմանապահներն են բռնել, այլ գյուղացիները, այսինքն՝ գյուղերում հենակետեր չեն եղել։ 

Կարիք չկա բացատրել, որ Նիկոլ Փաշինյանի հորինած այս «անվտանգության համակարգն» անհեթեթություն է, որովհետև ըստ դրա ստացվում է, որ ադրբեջանական ստորաբաժանումները կարող են անարգել հատել սահմանը, կիլոմետրերով առաջ գալ ու հայտնվել որևէ գյուղի մոտ, իսկ գյուղացիները, նրանց տեսնելով, պիտի զանգեն ու զորք կանչեն՝ այնպես, ինչպես հրդեհի ժամանակ հրշեջներ են կանչում, կամ հիվանդանալիս՝ շտապ օգնություն։ Ընդ որում՝ իշխանությունները հաստատ գիտակցում են այս «համակարգի» անհեթեթությունը։ 

Բայց խնդիրն էլ հենց այն է, որ դա լիովին տեղավորվում է Նիկոլ Փաշինյանի որդեգրած քաղաքականության շրջանակներում։ Եթե փորձենք ներկայացնել մի նախադասությամբ՝ դրա էությունը մոտավորապես հետևյալն է․ «մենք Արցախի անվտանգության հետ գործ չունենք, ռուսներին պետք է՝ թող իրենք էլ ապահովեն արցախահայության անվտանգությունը, իսկ Հայաստանի սահմաններն էլ, միևնույն է, չենք կարողանալու ինքնուրույն պաշտպանել, էլ որպես ի՞նչ ենք թիթիզություններ անում, ավելի լավ չի՞ ընդհանրապես չդիմադրենք ու աշխարհով մեկ աղմուկ բարձրացնենք՝ բոլորի աչքը կոխելով Խորհրդային Հայաստանի քարտեզները, բալքիմ բախտներս բերի՝ ադրբեջանցիներն ազդվեն ու չհարձակվեն»։ Ընդ որում՝ Նիկոլ Փաշինյանը սա ձևակերպում է որպես «հավատարմություն խաղաղության օրակարգին» ու միաժամանակ ցանկացած դեպքում հնարավորություն է ստանում արդարանալ, թե «դե ես ի՞նչ անեմ, փաստորեն բախտներս չբերեց, ադրբեջանցիները չազդվեցին»։ 

Մարկ Նշանյան

Հ․ Գ․ Համ էլ՝ ելակի առաքիչների մեքենաները բարձրլեռնային դիրքեր չեն կարողանում բարձրանալ, «ավտոների տակը խփում ա»։

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   2648 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ