...

Կատարն ու կատարածուները

Կատարն ու կատարածուները

Հայ-բրազիլական կառնավալ

Այս շաբաթն ավարտվեց մի շարք կարևոր իրադարձություններով: Մարոկկոյի հավաքականը դուրս եկավ կիսաեզրափակիչ՝ ճամփին դուրս թողնելով Իսպանիային, Բելգիային, Պորտուգալիային: Արգենտինան ու Խորվաթիան էլ են կիսաեզրափակիչում. մեկը ներվային խաղում հաղթեց Նիդերլանդներին, խորվաթներն էլ համը հանեցին՝ վարի տալով այդքան սպասված Մեսսի-Բրազիլիա դիմակայությունը: 

Բայց այս առաջնության զարդը, անկասկած... չէ, ոչ լացող Ռոնալդուն էր, ոչ էլ՝ լացող Նեյմարը, այլ ուրախ-զվարթ ծիծաղող Ալեն Սիմոնյանը: Այնքան էր ուրախացել Կատար կատարած պաշտոնական այցից, որ չէր կարողանում զսպել զգացմունքները ֆուտբոլի խաղի ժամանակ, տրիբունաներում, և իր այդ խինդ-ուրախությամբ հաճույքով կիսվում էր հայ ֆուտբոլասեր հանրության հետ: Հաշվի առնելով այցի նշանակությունը՝ ենթադրում ենք, որ Ալեն Սիմոնյանի ծիծաղը տրիբունաներում պաշտոնական բնույթ էր կրում: 

Եվրաչտեսիլը

Նույնքան ուրախ-զվարթ մթնոլորտ էր նաև Երևանում, որտեղ մեկ այլ համաշխարհային մրցույթ էր ընթանում՝ «Մանկական Եվրատեսիլը»: Այստեղ ամեն ինչ ավելի կանխատեսելի էր, Մարոկկոն էլ անակնկալներ չմատուցեց, փոխարենը հրաշալի անակնկալ էր Հրապարակի շենքերը չարաճճի երեխայի պես ծակծկելը: Եթե հավատանք պաշտոնական, իշխանական քարոզչամեքենային, 6000 ծակծկոց է եղել, որոնցից 5999-ում գայկաները մտցրել է 5-րդ ալիքի լրագրողը: Դե, դա ասում ենք՝ դատելով իշխանական քարոզչամեքենայի բարձրացրած աղմուկի դեցիբելներից, իսկ էն մեկը Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանն է մտցրել: 

Նոր կրպակներ, նոր տարածքներ

Մի հատ գայկան քթից բերին: Ախր ամոթ է, էլի: Առավոտից երեկո մարդը տանջվում է, ամեն ինչ անում է, որ քաղաքը զարգանա, նույնիսկ տևական ծանր մարտերից հետո կարողացել էր Հրապարակի մոտ լռեցնել հակառակորդի կրակակետ հանդիսացող կրպակներից մեկը, բայց մեկ է, էլի քննադատում են, անշնորհակալ մարդիկ են, ի՞նչ ասես: Բայց Ավինյանը հուսահատվող տղերքից չէ, չի նայելու աջ ու ձախ, շուտով կտեսնեք, թե ոնց է հերթական կրպակի հարցերը լուծում: Ասում են՝ այդ կրպակը Հատիս լեռան մատույցներում է: Տեսնենք, տեսնենք:

Վազող տողով

Ահա այսպիսին էին Հայաստանի և ֆեյսբուքահայության գլխավոր իրադարձությունները: Է՞լ ինչ կար: Հա՜, վայ, մոռացել էինք, մտքներիցս թռել էր, բա Արցա՞խը: Այսինքն, Արցախն ի՞նչ: Ճանապարհ կփակեն ադրբեջանցիները, չեն փակի, մեզ ի՞նչ, հենա, Ալեն Սիմոնյանն ասել է, չէ՞, ախպեր, մենք գործ չունենք, ռուսների գործն է, ինչ ուզում է, թող անեն: Մի խանգարեք, սպասեք, Արգենտինայի գրոհը պրծնի, հետո կխոսենք: Սենց մանր-մունր թեմաներով մի շեղեք մեր գլխավոր օրակարգից: Այն, որ Ադրբեջանը անընդհատ սադրանքներ է կազմակերպում, փորձում բուն Արցախի տարածքում նոր դիրքեր վերցնել, կամ՝ բնապահպանական թեմաների անվան ներքո պատվիրակություններ ուղարկել ռուսների կողմից վերահսկվող տարածքներ, Հայաստանի դիրքորոշումն այն է, որ մենք.... մի րոպե, մի րոպե, Մարտինե´ս, պաս տու, այ տղա, Մեսին ազատ կանգնած է, վայ քու... հա, ի՞նչ էի ասում, մոռացա, լավ, հաջորդ անգամ, հիմա ընդմիջում է:

Պինդ մնա, պրոֆեսոր ջան

Եվ վերջում, մի տխուր լուր Արևելագիտության ֆակուլտետի դեկան Ռուբեն Մելքոնյանի համար: Ծանր և երկարատև պրպտումներից հետո լույս է տեսել ՀՀ նախկին փոխարտգործնախարար Ժիրայր Լիպարիտյանի նոր գիրքը. «Հայաստանի երրորդ հանրապետություն»: Խեղճ պրոֆեսորը նոր էր Լիպարիտյանի մասին գիրք գրել, տանջվել, չարչարվել, շնորհանդես կազմակերպել, ելույթ ունեցել, հիմա նորից պիտի բոլոր գործերն ու մանդատը թողնի, նոր գիրք գրի, այն մասին, թե ինչպես է Լիպարիտյանը քանդել գյոզալ «Նաիրիտը», թե ոնց է Բաքուն գրավելու օպերացիան ձախողվել այդ «արևմտա-թուրքական շահերի պաշտպանի» պատճառով: Դեմն էլ Նոր տարի է: Սաղ հարամվեց:

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ