Խմբագրության տրամադրության տակ են հայտնվել Մարզահամերգային համալիրում Նիկոլ Փաշինյանի մեծ ասուլիսի մոնտաժված կամ ընդհանրապես չհրապարակված հատվածները, որոնցից մի քանիսը ներկայացնում ենք ձեր ուշադրությանը։ Եվ այսպես․
Նզովքից վախենալու մասին- «․․․ Բայց ես ո՞նց կարամ նզովքից վախենամ, ես օրը հինգ անգամ ծնկաչոք աղոթում եմ ու ճակատս խփում գետնին։ Էն օրն էլ գլուխս ցավում էր, մտածեցի՝ կարող ա՞ ուղեղի ցնցում եմ ստացել, գնացի բժշկի, ասեց՝ ուղեղի ցնցումը բացառված է (տեխնիկական պատճառներով), բժշկական պատճառ չկա, երևի չոռ ա կպել։ Չնայած՝ ինձ տեսնելով, շատերն ասում են, որ չոռը Հայաստանին ա կպել։ Հի-հի․․․»։
Սամվել Կարապետյանի մասին- «․․․ Այ, եթե ինձ չեք հավատում՝ Նազելին կհաստատի․ չագուճը յուղած-պատրաստ սեղանիս դարակում դրած ա։ Դամբուլի արաղի ու թթու վարունգի բանկայի կողքը։ Հիմա կհարցնեք՝ թթու վարունգի բանկան ի՞նչ գործ ունի վարչապետի դարակում։ Դա վարչապետի դարակը չի, դա ՀՀ քաղաքացի Նիկոլ Փաշինյանի դարակն ա, թթու վարունգն էլ նրա համար ա, որ ամեն անգամ տեղական արտադրանքը վայելելուց հետո պետության համը զգամ բերանիս մեջ։ Հա, ի՞նչ էի ասում։ Սամվել Կարապետյանը․․․ Սամվել Կարապետյանը․․․ Հե՛ն ա, իրա նման մեկն է՛լ կար, հիմա Բաքվի բանտում ա։ Իրա նկատմամբ է՛լ Ադրբեջանում քրեական գործ կա։ Բայց ես հո չե՞մ ասում, որ Սամվել Կարապետյանին հանձնելու ենք Ադրբեջանին։ Պարզապես նրա պատժի հետագա կրումը արտապատվիրակելու ենք Բաքվի որևէ քրեակատարողական հիմնարկի․․․»։
Եկեղեցու դեմ արշավի մասին- «․․․ Թույլ տվեք այդ հարցին է՛լ սաղմոսով պատասխանեմ։ Ի՞նչ, սաղմոսները Լևոն Տեր-Պետրոսյանն ա՞ թարգմանել։ Ես նրան չեմ ատում, ես նրան խղճում եմ, որովհետև Էրդողանի գիրքը թողած՝ սաղմոսներն ա թարգմանել․․․ Հա, ի՞նչ էի ասում։ Ոնց որ Սերժին ենք մերժել՝ նենց էլ Կտրիճին ենք մերժելու։ Դե սիրո ու համերաշխության մթնոլորտում մի 20-25 հատ դագաղ կտանենք եպիսկոպոսների տների դեմը, միտինգներ կանենք, պետք եղավ՝ Սահակ Պարթևի թոռը ելույթ կունենա․․․ դե կեղծ թոռը ո՞րն ա, հո անձնագիր չե՞նք պահանջելու․․․ Իսկ էն որ ասում են օրգաններ ցույց տալ, բան․․․ Կարամ հենց հիմա էլ ցույց տամ։ Չնայած՝ Տերն ասում է «երանի նրանց, ովքեր կհավատան առանց տեսնելու»․․․ Հա, իմիջիայլոց՝ դա խաղաղության համաձայնագրին է՛լ է վերաբերում։ Չէ, ոչ թե այն իմաստով, որ ես խաղաղության համաձայնագիր եմ ուզում, իսկ ինձ օրգան են ցույց տալիս։ Ես առանց տեսնելու հավատալու մասին եմ ասում․․․»։
«Զանգեզուրի միջանցքի» մասին- «․․․ Բանը․․․ Էն լսել ե՞ք, որ Մուսոլինին ուզում ա ծխելը թարգի․․․ Բայց ախր էդ թեման չի, էլի, հյուսիսային եղջերուները հո մենակ մամուռ չե՞ն ուտում, աշխարհը փոխվել է, արհեստական բանականություն կա, մեծ-մեծ ծրագրեր կան, մենք ավելի ճկուն ենք, մի անգամ «Հայփոստի» կողքով անցնելիս մի երեխա պաղպաղակ էր ուտում, իսկ մենք մեր ապագան այսօր ենք տեսնում, որովհետև․․․ բանը․․․ բա էս ամեն ինչը ինչի՞ մասին ա, ՀԷՑ-ը հո մենակ բորդյուրնե՞րը չեն, բա մածունից ու գրեչկայից եք խոսում․․․ լավ, մի հատ է՛լ սաղմոս արտասանեմ․․․ չնայած՝ չէ, էլ չեմ արտասանելու․․․ բա ընկալումների վերաբերյալ մեր պատկերացումների տրանսֆորմացիայի հիմքում ի՞նչն ա․․․ Հուսամ՝ պատասխանեցի Ձեր հարցին․․․»։