...

Live ռեժիմով ինքնակործանվող երկիրը

Live ռեժիմով ինքնակործանվող երկիրը

Ոչ մի ժողովուրդ երևի այսքան մեծ ոգևորությամբ «օնլայն» չի հետևել սեփական երկրի կործանմանը։ Ավելի ճիշտ՝ ոչ մի երկրի կործանում այսքան հանգամանորեն չի լուսաբանվել live ռեժիմով։ Ընդհանուր տպավորությունն այնպիսին է, թե մարդկանց առավելապես Երևանի փողոցներում տեղի ունեցող հարայհրոցն է հետաքրքրում, իսկ թե ինչ է տեղի ունենում Հայաստանի շուրջ՝ երկրորդական ու մեզ հետ կապ չունեցող հարց է։

Նիկոլ Փաշինյանն, օրինակ, ԱԺ դահլիճում ուզում էր ինչ-որ «բացահայտումներ» անել, ու մեծ հավանականությամբ՝ հերթական անգամ խոսքն այն մասին էր լինելու, որ ինքն այս վիճակի հետ հեչ կապ չունի, ամեն ինչի համար նախկիններն են մեղավոր։ Այսինքն՝ հասարակությունն ընդամենը հերթական լեզվակռվին էր ականատես լինելու, մինչդեռ Նիկոլ Փաշինյանը պարտավոր է ոչ թե անցյալը «բացահայտել», այլ ներկան, այսինքն՝ հստակ ներկայացնել, թե իրականում ինչ է կատարվում Հայաստանի ու Արցախի շուրջ, ինչի շուրջ է արդեն պայմանավորվել Ադրբեջանի հետ, ինչի շուրջ է պատրաստ պայմանավորվել առաջիկայում, և այլն։

Օրինակ՝ մայիսի 4-ին, այն նույն օրը, երբ ՔՊ-ականներն ԱԺ դահլիճում ինքնամոռաց ծափահարում էին Փաշինյանի «փախան, փախան» խոսքերի ներքո, Ալիևը հայտարարեց, թե «Զանգեզուրի միջանցքի» հարցն արդեն լուծված է (ընդամենը 2-3 ամիս առաջ ասում էր, որ անպայման լուծվելու է), իրենք էլ Ադրբեջանը Նախիջևանին կապող 8 գծով մայրուղու շինարարությունն արդեն սկսել են։ Ավելին՝ շինարարությունը վաղուց սկսված է նաև Նախիջևանի կողմից, անգամ մաքսակետի շենքերն են կառուցված։ Նիկոլ Փաշինյանն ասելու բան չունի՞։ Հասկանալի է, չէ՞, որ Ադրբեջանը հենց այնպես նման ծավալի շինարարություն չէր սկսի ու նախապես ինչ-որ բան է պայմանավորվել Հայաստանի իշխանությունների հետ։ Կամ, ասենք, Նիկոլը հայտարարում է, թե Արցախի հարցում մեզ համար կարևորը ոչ թե կարգավիճակն է, այլ մեր հայրենակիցների անվտանգության երաշխիքները, ու գրեթե անմիջապես էլ Ալիևից պատասխան է ստանում՝ «մենք Ղարաբաղում ապրող հայերին ընկալում ենք որպես Ադրբեջանի քաղաքացիներ» (այսինքն՝ նրանց անվտանգությունն ապահովվելու է ճիշտ այնքան, որքան Ադրբեջանի մյուս քաղաքացիներինը, և ոչ ավելի)։ Փաշինյանն ասելիք չունի՞։ Ալիևը հայտարարում է, թե սահմանազատման-սահմանագծման հիմքում կարող են դրվել նաև այն քարտեզները, որոնցով «Զանգեզուրն» ու «Իրևանը» Ադրբեջանի մաս են, ու զուգահեռաբար խոսում է Հայաստանից փոխհատուցում պահանջելու հայցի մասին։ Նիկոլ Փաշինյանն այս երկու հայտարարությունների միջև կապ չի՞ տեսնում, թե՞ կապն էլ է տեսնում, «լուծումն» էլ, բայց գերադասում է գաղտնի պահել՝ նախապատվությունը տալով անցյալի «բացահայտմանը»։ 

«Ընդդիմության» լիդերներն, ի դեպ, նույնպես գերադասում են չխոսել կոնկրետ խնդիրների մասին, որովհետև այդ դեպքում ստիպված պիտի լինեն նույն կոնկրետությամբ ասել, թե ի՞նչ են իրե՛նք պատրաստվում անել իշխանափոխությունից հետո։ Արդյունքում՝ ամբողջ աշխարհի աչքի առաջ հետևողականորեն նախապատրաստվում է Հայաստանի վերջնական կապիտուլյացիան հնարավոր ամենաաղետալի տարբերակով, իսկ Երևանում սրանք դեռ իրար առաջ են փողոց փակում, իրար են «թուրք» անվանում ու սոցկայքերում հաղթականորեն տարածում ինչ-որ մեկի ապօրինաբար քերծված ճկույթի կամ «ասկյարաբարո» պատռված բաճկոնի լուսանկարը։ Չէ՞ որ դա ավելի դիտարժան է, իսկ Սյունիքը, բարեբախտաբար, դեռևս «դժգույն-դժբախտ» չէ։ 

Մարկ Նշանյան

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   3148 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ