...

Լուրջ ճանապարհ է կառուցվում, թող մի քիչ էլ նեղություն քաշեն

Լուրջ ճանապարհ է կառուցվում, թող մի քիչ էլ նեղություն քաշեն

Իսկ «մի քիչ նեղություն» ասվածը, փաստորեն, բոլորովին էլ մի քիչ չէ։

Ինչպես պարզվում է, Հյուսիս-հարավ ճանապարհի կառուցման աշխատանքների պատճառով Հարավ-արևմտյան Ա1, Բ4 թաղամասերի, Մարս գործարանի և Սվաճյան, Շերամ փողոցների հատվածներում ճանապարհն անանցանելի է դարձել։ Բնակիչները, բավական երկար ճանապարհը շրջանցելու համար սեփական կյանքը վտանգելով, անցնում են պանելների վրայով: Մեզ հետ զրույցում մարդիկ դժգոհեցին. «Ահազանգել ենք պատկան մարմիններին, սակայն ոչ ոք չի պատասխանում։ Գոնե մի ժամանակավոր անցում կառուցեին, որ ստիպված չլինեինք հարյուրավոր մետրեր շրջանցել տուն, աշխատանքի, դպրոց կամ մանկապարտեզ հասնելու ու վերադառնալու համար: Ճանապարհի մի կողմից մյուսն անցնելու համար ստիպված ենք տեղադրված պանելների վրայով անցնել»։ Բնակիչներից մեկն էլ՝ տիկին Սեդան, մեզ հետ զրույցում մանրամասնեց. «Աշխատանքից ուշ ենք վերադառնում, ընդամենը մի երթուղի ունենք՝ 34 համարը, որը ժամը հինգից հետո էլ ուղևորներին չի սպասարկում: Հիմա էլ Հյուսիս-հարավ ճանապարհով մեր ճանապարհն են փակել։ Եթե անցում չկա, կամուրջ չկա, ի՞նչ է, մենք օդային ճանապարհո՞վ պիտի երթևեկենք: Քաղաքապետարանը մեզ օդային տրանսպորտ կտրամադրի՞: Անձնական մեքենաներ շատերը չունեն, շատ-շատերը տաքսիներով երթևեկելու հնարավորություն չունեն: Պանելների վրայով էլ տարիքավորները չեն կարող թռչել»: 

Բնակիչների բողոքի հետքերով դիմեցինք Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավար Սաշա Կատվալյանին։ Պարզվեց՝ վերջինս լավատեղյակ է խնդրին: Սակայն պարզաբանումները հակասական են. «Այդ պանելները ժամանակավորապես են դրված այդ հատվածում, բնակիչները ուրիշ տեղից՝ ծննդատնից էլ (???) մուտք ունեն ու վստահաբար ստում են, որ երկար ճանապարհ են անցնում: Ես չգիտեմ, թե ինչու մեզ չեն դիմել: Մեքենաներով կարող են անցնել: Եվ հետո, ճանապարհի լուրջ հատված է կառուցվում, բնականաբար պիտի նեղություն էլ կրեն: Իսկ ինչ վերաբերում է թիվ 34 երթուղու աշխատանքին, ճանապարհը գրունտային է, մեքենաները կվնասվեն»: Փաստորեն, մեքենաների վնասվելու հանգամանքը էական պատճառ է, որ բնակիչները զրկված լինեն տրանսպորտային սպասարկման հնարավորությունից, իսկ մարդկային կյանքերի անվտանգությունը էական պատճառ չէ, որպեսզի դրա համար թիվ 34 երթուղու մաշված միկրոավտոբուսները վնասվեն։ Ժամը 17.00-ից հետո ավտոբուս չլինելու բնակիչների դժգոհությանն էլ Կատվալյանը պատասխանեց այսպես. «Դիմեք տրանսպորտի վարչություն»: Վարչական շրջանի ղեկավարի խոսքով՝ Հյուսիս-հարավ ճանապարհի այդ հատվածի շինարարությունը ավարտին կհասնի նոյեմբերին: Իսկ բնակիչները շարունակում են դժգոհել, որ քաղաքապետարանի պատասխանատուներն ու անձամբ վարչական շրջանի ղեկավարները խնդիրը չեն ուսումնասիրել, իրենց հետ չեն հանդիպել և իրենց բաժին հասած դժվարություններին անհաղորդ են: Փաստորեն «մի քիչ նեղություն»-ը բնակիչների ամենաօրհասական խնդիրներին է առնչվում, բայց բախվում է վարչական շրջանի պատասխանատուների ամենօրյա անտարբերությանը։

Մելանյա Ծառուկյան

ՎԱՐԿԱՆԻՇ

   5202 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ