...

Լրտեսական կրքեր

Լրտեսական կրքեր

Հայաստանի ներքաղաքական կյանքում, եթե այդպիսին ընդհանրապես գոյություն ունի, հիմնական հարցադրումները սրանք են՝ Քոչարյանն ու Սե՞րժն են ավելի շատ մեղավոր Արցախի փաստացի կորստի համար, թե՞ Նիկոլը, և սրանցից ովքե՞ր են իրականում գործում հայկական շահերի դեմ, այլ կերպ ասած՝ ովքե՞ր են «թուրքական գործակալներ»։ Հասարակությունն էլ ուղիղ եթերով հետևում է այս լավ բեմադրված թամաշային ու բաժանվել է երկու մասի։ Մի մասը համարում է, որ «թուրքական գործակալները» նիկոլենք են, մյուս մասը՝ որ քոչարյանենք են, ու այս հարցի շուրջ «ներհասարակական կոնսենսուսը» ոչ մի կերպ չի կայանում։

Ինչո՞ւ։ Որովհետև հասկանալու համար, թե ովքեր են ավելի մեծ վնաս հասցրել «հայկական շահերին»՝ նախ պիտի կարողանալ հստակ ձևակերպել այդ շահերը, իսկ դա մեզանում անշնորհակալ գործ է համարվում։ Մինչդեռ թվում էր՝ դա առանձնապես բարդ չէ։ Հայաստանը տարածաշրջանի ամենափոքր պետությունն է՝ և՛ տարածքով, և՛ բնակչությամբ, և՛ տնտեսության ծավալներով, և՛ էներգետիկ ռեսուրսներով, ու իբր այդքանը քիչ է՝ նաև միակ երկիրն է, որը դեպի ծով ելք չունի։ Հետևաբար՝ «հայկական շահը» պիտի լիներ տարածաշրջանում տևական խաղաղության հաստատումը, ընդ որում՝ այնպես, որ Արցախն էլ ամբողջությամբ մնար հայկական և անվտանգության հուսալի երաշխիքներ ունենար։

Ունե՞ր արդյոք Հայաստանն այդպիսի հնարավորություն։ Այո, ուներ։ 1997-ին։ Բայց Ռոբերտ Քոչարյանը խաչ քաշեց այդ հնարավորության վրա, ընդ որում՝ ոչ թե «գաղափարական պատճառներով», այլ որովհետև այդտեղ իշխանությունը վերցնելու և հարստանալու փայլուն հնարավորություն տեսավ։ Ու նույնքան փայլուն էլ օգտվեց այդ հնարավորությունից։ Վերցրեց իշխանությունը, տասը տարի վայելեց, ահռելի հարստություն կուտակեց, իշխանությունը հանձնեց Սերժ Սարգսյանին (որովհետև եթե ուրիշը գար իշխանության՝ թույլ չէր տալու վայելել կուտակածը) և հեռացավ։ Այսինքն՝ հանուն անձնական շահի գործեց պետական շահի դեմ։ Հետագայում ճիշտ նույն կերպ վարվեց նաև Սերժ Սարգսյանը ու նույն կերպ էլ կհեռանար, պարզապես ագահությունը ստիպեց տասը տարի նախագահ լինելուց հետո որոշ ժամանակ էլ որպես վարչապետ ղեկավարել երկիրը։ 

Ունե՞ր արդյոք Նիկոլ Փաշինյանը «հայկական շահերով» առաջնորդվելու հնարավորություն։ Իհարկե ուներ, անգամ 44-օրյա պատերազմի ընթացքում։ Բայց նա էլ գերադասեց ինչքան հնարավոր է շատ տարածքներ հանձնել ու ինչքան հնարավոր է շատ զոհերով, որպեսզի հանկարծ իրեն դավաճան չասեն, ու չկորցնի իշխանությունը։ Եվ պատկերացրեք՝ ստացվեց։ Կործանեց ամեն ինչ, բայց կարողացավ իշխանությունը պահպանել։ Այլ կերպ ասած, նա նույնպես գերադասեց առաջնորդվել անձնական շահով՝ ընդդեմ պետական շահի։

Ու հիմա փաստացի այնպես է ստացվել, որ խորհրդարանում ներկայացված երեք ուժերի լիդերներն էլ գործել են «հայկական շահերի» դեմ։ Հասարակությունն էլ, բնականաբար, գլուխ է ջարդում՝ հասկանալու համար, թե սրանցից որը ո՛ր երկրի գործակալն է։ Որովհետև, որպես կանոն, թշնամական գործակալներն են աշխատում սեփական երկրի դեմ։ Այլ հարց է, որ այս դեպքում, հասկանալի է, խոսքը թշնամական հատուկ ծառայություններից կանոնավոր աշխատավարձ ստացող գործակալների մասին չէ։ Այս դեպքում հայկական շահերի դեմ գործողներն իրենք պիտի հոգան իրենց վարձատրության մասին՝ բնականաբար, սեփական երկրի բյուջեի ու կոռուպցիոն սխեմաներում ներգրավվելու հաշվին։

Իսկ խորհրդարանում ներկայացված ուժերի «անհաշտ հակառակորդ» լիդերները երևի մտքում ծիծաղում են այդ «լրտեսական կրքերի» վրա, որովհետև հեռվից հեռու լավ էլ հասկանում են իրար։ Ի վերջո՝ մի քիչ լավ, մի քիչ վատ, բայց նույն բանն են արել ու հիմա էլ շարունակում են անել։ Կարևորը՝ «պասերով»։

Մարկ Նշանյան

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   2551 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ