...

Մենք նույնիսկ մեր մտահոգությունն ենք սխալ ձևակերպում

Մենք նույնիսկ մեր մտահոգությունն ենք սխալ ձևակերպում

Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման՝ ըստ էության դեռ չսկսված ու անորոշ հեռանկարներով գործընթացը կարգին մտահոգել է մեր հասարակությանը։ Ու քանի որ նաև դրսից են «մտահոգացնում», Հայաստանում իրավիճակը մոտ է խուճապայինին։ Ու խնդիրը նույնիսկ այն չէ, որ բանակցություններում Հայաստանը ներկայացնելու է Նիկոլ Փաշինյանի հերթական «ուսապարկը» (դա ընդամենը նշանակում է, որ իրականում բանակցությունները վարելու է անձամբ Նիկոլ Փաշինյանը, իսկ այդ ջահելի գործառույթն ընդամենը բանակցությունների սեղանի շուրջ հայկական կողմի աթոռը դատարկ չթողնելն է)։

Մտահոգիչը քննարկվելիք թեմաներն են։ Բա որ հանկարծ Թուրքիան պահանջի ճանաչե՞լ հայ-թուրքական ներկայիս սահմանը։ Չէ՞ որ դրանով խաչ կքաշվի պահանջատիրության վրա։ Այն, որ ամբողջ աշխարհը վաղուց ճանաչում է այդ սահմանը, ոչինչ չի նշանակում, Թուրքիան կարող է «հանգիստ քնել» միայն այն դեպքում, եթե Հայաստանը նույնպես ճանաչի, հակառակ դեպքում նրանց միշտ հետապնդելու է հայկական ներխուժման մղձավանջը։ Համենայն դեպս տարատեսակ պրոֆեսիոնալ «սևրոլոգները», «վիլսոնագետներն» ու «պահանջատերիստները» հենց այդպես են ներկայացնում հարցը։ Կամ պատկերացնո՞ւմ եք՝ Թուրքիան պահանջի թույլ տալ օգտվել Հայաստանի ճանապարհներից։ Վերջ, Հայաստանը երեք աշխատանքային օրվա ընթացքում կկործանվի։ Ո՞վ է տեսել, որ որևէ երկիր այլ երկրի թույլ տա օգտվել իր ճանապարհներից։ Տնտեսական էքսպանսիայի մասին ընդհանրապես չենք խոսում․ հենց որ թուրքական կապիտալը մտավ Հայաստան՝ երկիրը դատարկվելու է, դառնալու ենք թուրքական վիլայեթ։ Սա էլ այն «գործարար շրջանակների» տեսակետն է, որոնք իրենց բիզնեսները վաղուց տեղափոխել են արտասահման ու այնտեղ վաստակած գումարներով Հայաստանում քարոզում են, որ շրջափակման մեջ մնալը երկրի ինքնությունը պահպանելու միակ ճանապարհն է։ 

Հիմա՝ ավելի լուրջ։ Իհարկե, հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը (ինչի հավանականությունն, ի դեպ, շատ փոքր է) իսկապես էլ իր հետ կարող է բերել ոչ միայն հնարավորություններ, այլև շատ լուրջ սպառնալիքներ։ Երբ երեխան դառնում է չափահաս ու մտնում մեծ կյանք, այդ կյանքում լինում են և՛ հնարավորություններ, և՛ վտանգներ, ու երեխայի որակներից է կախված՝ հնարավորությունների՞ց կօգտվի, թե՞ կճզմվի «հասուն կյանքի» հարվածների տակ։ Հայաստանը հիմա հենց այդ փուլում է, ընդ որում՝ գտնվելով հնարավոր ամենաանբարյացակամ արտաքին միջավայրում։ Եվ Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման դեպքում բոլոր վտանգներն իսկապես կան ու իրական են։ Բայց դրանցից խուսափելու ձևը փակվելն ու «տնից դուրս չգալը» չէ։ Խուսափելու համար պետք է ունենալ ուժեղ և մրցունակ տնտեսություն, կայացած պետական ինստիտուտներ, այնպիսի օրենսդրական կարգավորումներ, որոնք կպաշտպանեն երկրի ֆինանսատնտեսական համակարգն էքսպանսիայից, կհամակարգեն ու կկարգավորեն օտարերկրյա ներդրումները, կայացած հատուկ ծառայություններ և բանակ, որոնք կվերահսկեն ներքին և արտաքին անվտանգային ռիսկերը, և այլն։

Պարզ ասած՝ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումն իսկապես մտահոգիչ է։ Բայց մտահոգիչ է ոչ թե այն պատճառով, որ իր մեջ ռիսկեր է պարունակում, այլ որովհետև չունենք այնպիսի իշխանություններ, որոնք ունակ կլինեն չեզոքացնել այդ ռիսկերը, էլ չենք խոսում այդ կարգավորումից որևէ բան շահելու կարողությունների մասին։ Փոխարենը ունենք այնպիսի իշխանություններ, որոնք թուրքական տնտեսական էքսպանսիայով էլ կուրախանան, ճանապարհի փոխարեն միջանցք տալով էլ, միայն թե պահպանեն իրենց իշխանությունը։

Իսկ մենք նույնիսկ մեր մտահոգությունները չենք կարողանում ճիշտ ձևակերպել։

Մարկ Նշանյան

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   1641 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ