...

Միմյանց բոյկոտող արկածախնդիրները

Միմյանց բոյկոտող արկածախնդիրները

Եվ այսպես, խորհրդարանական ընդդիմությունը բոյկոտեց ԱԺ աշնանային նստաշրջանի առաջին նիստը և փոխարենը քննարկում է կազմակերպում «Հայաստանի իրական օրակարգը» թեմայով։ «Իրական օրակարգը», հասկանալի է, Հայաստանի և Արցախի փրկությունն է։ Ի դեպ՝ իշխանությունները ձևացնում են, թե իրենց օրակարգն էլ է դա, ու ստացվում է, որ քաղաքական երկու խմբակներ գիշեր-ցերեկ «փրկում են» Հայաստանն ու Արցախը, պարզապես դա անում են տարբեր շենքերում։ Հիմնական տարբերությունը դա է, մինչդեռ նմանություններն ավելի շատ են։ Երկու խմբակներն էլ հարկատուների հաշվին բարձր աշխատավարձեր են ստանում, երկուսն էլ ճիշտ նույն բառապաշարով մեղադրում են միմյանց, ու երկուսն էլ հրաժարվում են «Հայաստանն ու Արցախը փրկելու» առաջին քայլից, այն է՝ անկեղծորեն փորձել հասկանալ, թե ինչո՞ւ հայտնվեցինք այս վիճակում, և ո՞րն էր հիմնական սխալը։ Դա նույնն է, թե մի խումբ մարդիկ անընդհատ բութ համառությամբ տրորեն նույն փոցխը ու ամեն անգամ սկսեն թունդ բանավիճել բացառապես այն հարցի շուրջ, թե ինչպե՞ս է պետք բուժել ճակատի կապտուկները։

Ինչևէ։ Քաղաքականության մեջ բավականին տարածված մի երևույթ կա, երբ քաղաքական ուժը կամ գործիչը որևէ հարցում ախմախ որոշում է կայացնում, դա հանգեցնում է ծանր հետևանքների, բայց հենց այդ ծանր հետևանքներն էլ ներկայացվում են որպես կայացված ախմախ որոշման արդարացում։ Սա պայմանականորեն կարելի է անվանել «վիսկիի փրկության ռազմավարություն»։ Հայտնի պատմություն է․ մեկն ընկերոջն ասում է՝ «խանութից մի շիշ վիսկի առա, ուզեցի տանել տուն, հետո մտածեցի՝ բա որ հանկարծ ընկնեմ, ու շիշը ջարդվի՞։ Հենց տեղում էլ ամբողջ շիշը խմեցի, ու պարզվեց՝ իմաստուն որոշում էր, իսկապես էլ՝ մինչև տուն հասա, մի 7-8 անգամ փռվեցի գետնին»։ Սա ձեզ ոչինչ չի՞ հիշեցնում։ 1997-ին Հայաստանի ու Արցախի այսօրվա փրկիչներն ասում էին «եթե ազատագրված տարածքներն ինչ-որ բանի դիմաց վերադարձնենք, Ադրբեջանը նոր պատերազմ կսկսի, ավելի լավ է ոչ մի բան էլ չվերադարձնենք», հիմա էլ ասում են «բա տեսա՞ք, որ ճիշտ էինք ասում, 23 տարի հետո Ադրբեջանը նոր պատերազմ սկսեց ու ամեն ինչ գրավեց»։ Ու բացարձակապես անիմաստ է այդ մարդկանց բացատրելը, որ այն ժամանակ այդ տարածքները վերադարձվելու էին Արցախի (Լաչինի շրջանն էլ հետը) փաստացի անկախության միջազգային ճանաչման ու անվտանգության միջազգային երաշխիքների դիմաց, որ Հայաստանի շրջափակումը վերացվելու էր, հետևաբար՝ Ադրբեջանը չէր կարողանալու տնտեսական զարգացման տեմպերով մի քանի անգամ գերազանցել Հայաստանին ու խախտել ուժերի բալանսը, և այլն։ 

Այսօրվա «փրկիչները» (և՛ իշխանությունները, և՛ ընդդիմությունը), իհարկե, գիտեն սա, բայց ոչ մի դեպքում չեն խոստովանի։ Որովհետև խոստովանել՝ կնշանակեր ընդունել, որ այսօրվա վիճակի բուն պատճառը 1997-ին թույլ տրված կոպտագույն սխալն էր, սխալի «շահառուներն» էլ իրենք են։ 

Սեփական սխալն ընդունելն, ի դեպ, զուտ բարոյական խնդիր չէ։ Այս դեպքում դա երկրորդական է։ Շատ ավելի կարևոր է այն, որ այդ սխալը չընդունելով ու մինչև հիմա էլ դա որպես «իմաստուն որոշում» ներկայացնելով՝ քաղաքական այս արկածախնդիրները շարունակում են գիտակցաբար խաբել հասարակությանը և դրանով իսկ երկիրը տանել նորանոր աղետների։ Այլ հարց է, որ արկածախնդիրները բաժանվել են երկու խմբի ու իբր անհաշտ պայքարում են միմյանց դեմ։ Իրականում այդ պայքարն ընդամենը «այն մասին է», թե խմբակներից որն ավելի լավ կխաբի հասարակությանը ու ավելի հայրենասեր կերևա։ Իսկ ահա խաբելու անհրաժեշտության հարցում կոնսենսուսը լիարժեք է։ Չէ՞ որ ճշմարտությունն ասելը կնշանակեր ընդունել սեփական հանցանքը։

Մարկ Նշանյան

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   977 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ