...

«Մտրակները» տեսնում ենք, «քաղցրաբլիթների» մասին՝ միայն լսում

«Մտրակները» տեսնում ենք, «քաղցրաբլիթների» մասին՝ միայն լսում

Հայաստանի համար Ռուսաստանի և Արևմուտքի պայքարն ակնհայտորեն թևակոխում է նոր՝ ավելի լարված փուլ, ու ցանկացած կտրուկ քայլ կարող է տարածաշրջանային նոր ցնցումների հանգեցնել։ Փաշինյանական «նոր Հայաստանը» հայտնվել է «անհասկացող» երեխայի վիճակում, որին իրենց բակում տարիքով ավելի մեծերը մի քանի հոգով ծեծել են ու հիմա «մեծահոգաբար» առաջարկում են, որ սրանից հետո խելոք մնա, ինչ ասում են՝ սուսուփուս լսի, թե չէ էլի՛ կծեծեն, կողքի բակի տղաներն էլ խորհուրդ են տալիս չենթարկվել ու ընդհանրապես՝ «էլ էդ խուժանների հետ գործ չունենալ», և խոստանում են նոր ծեծ թույլ չտալ։ 

Իրականում և՛ Ռուսաստանը, և՛ Արևմուտքը Հայաստանի նկատմամբ իրականացնում են նույն «մտրակի և թխվածքաբլիթի քաղաքականությունը», պարզապես «մտրակներն» ու «թխվածքաբլիթներն» են տարբեր։ Երբ Ռուսաստանը հայտարարում է, որ մտադիր չէ դուրս գալ Հարավային Կովկասից, և Հայաստանում դա շատ լավ հասկանում են, սա ըստ էության «ռուսական մտրակի» ցուցադրությունն է։ Որովհետև հասկանալի է, որ Ռուսաստանը Հարավային Կովկասում մնալու միայն մի գործուն մեխանիզմ ունի՝ Հայաստանի համար այնպիսի գոյաբանական սպառնալիքներ ստեղծել, որ Հայաստանն ինքը ստիպված լինի համակերպվել «մշտական ֆորպոստի» կարգավիճակի հետ ու Ռուսաստանին խնդրի մնալ։ Ընդ որում՝ «մտրակը» Թուրքիան է (և ոչ թե Ադրբեջանը, որովհետև աշխարհաքաղաքական հարցերում այդ երկիրն «այնքան չկա», որ առանց Թուրքիայի հրահանգի ինքնուրույն քայլեր անի)։ Իսկ «ռուսական քաղցրաբլիթը» խաղաղությունն է և հաղորդակցությունների ապաշրջափակումը։ Հասկանալի է՝ պայմանով, որ ՀՀ տարածքում դրանց վերահսկողությունը հենց Ռուսաստանն իրականացնի։ 

Իսկ ահա Արևմուտքի «մտրակը» ոչ թե թուրքական սպառնալիքն է, այլ «ռուսական սապոգը»։ Պարզ ասած՝ մեզ վախեցնում են, որ եթե ռուսական ազդեցության գոտուց դուրս գալու «համարձակ որոշումը» չընդունենք՝ հավերժ մնալու ենք ռուսական ծայրագավառ, ընդ որում՝ առանց ֆիզիկական անվտանգության երաշխիքների (ինչպես ցույց տվեց «ռուսական սապոգի» պահվածքը ադրբեջանցիների՝ ՀՀ տարածք ներխուժման ու Արցախի հայաթափման դեպքերում)։ Արևմտյան «քաղցրաբլիթն» էլ շատ ավելի գայթակղիչ է՝ եվրաինտեգրման հեռանկար, վիզաների ազատականացում, հետագայում ԱՄՆ-ի «ոչ ՆԱՏՕ-ի անդամ դաշնակցի» կարգավիճակ և այդպիսով՝ թուրքական սպառնալիքի չեզոքացում, և այլն։ 

Այս իրավիճակում մեր քաղաքական դաշտի ու առաջին հերթին՝ իշխանությունների հիմնական սխալն այն է, որ դրած՝ քննարկում են, թե ո՞ր «քաղցրաբլիթն» է ավելի լավը, մինչդեռ Հայաստանի վիճակն այնպիսին է, որ առաջին հերթին պետք էր քննարկել, թե ո՞ր «մտրակի» հարվածներն ավելի ցավոտ կլինեն։ Պարզ ասած՝ ի վիճակի կլինի՞ արդյոք Արևմուտքը Թուրքիային համոզել, որ Ադրբեջանին թույլ չտա ռուսների հրահրմամբ հերթական անգամ հարձակվել Հայաստանի վրա, ու եթե Արևմուտքը դա չկարողանա անել, կհաջողվի՞ Հայաստանին հասնել խաղաղության՝ առանց Սյունիքի ու Սևանի ավազանի մի մասի՝ կարճ ժամանակում կորցնելու անխուսափելի հեռանկարի։ Մյուս կողմից էլ՝ եթե Հայաստանն այնուամենայնիվ ընտրի «ռուսական քաղցրաբլիթը», արդյո՞ք դա որևէ երաշխիք կտա, որ «փախստականների վերադարձի» անվան տակ Սյունիքն ու Սևանի ավազանի մի մասը չեն բնակեցվի ադրբեջանցիներով, ու նրանց անվտանգության ապահովման համար ՀՀ տարածքում «ռուս-թուրքական համատեղ մոնիտորինգային կենտրոններ» չեն ստեղծվի՝ Արցախի օրինակով, և արդյո՞ք դրանից հետո Հայաստանը կմնա ինքնիշխան պետություն։

Համաձայնվեք՝ այս բարդագույն հանգույցից համեմատաբար փոքր կորուստներով դուրս գալու համար Հայաստանին ադեկվատ իշխանություններ են պետք։ Իսկ «մերոնք» Հայաստանն Ավստրիայի ու Շվեյցարիայի հետ են համեմատում։ Դա հասկանալի է՝ նրանք այդ երկրներում ավելի հաճախ են լինում, քան, ասենք, Կապանում կամ Վարդենիսում, բայց Հայաստանի արտաքին միջավայրը, ցավոք, դրանից չի փոխվում։

Մարկ Նշանյան

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   393 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ