...

Նախագահի հրաժարականն ու անլրջության խրախճանքը

Նախագահի հրաժարականն ու անլրջության խրախճանքը

Նախագահ Արմեն Սարգսյանի հրաժարականի հանրային արձագանքներն ամբողջ խորությամբ բացահայտեցին քաղաքակրթական այն անդունդը, որում հայտնվել է մեր հասարակությունը։ Տեղի է ունեցել շատ կարևոր բան՝ պետական կառավարման ողջ համակարգի թերևս միակ պաշտոնյան, ով Հայաստանից դուրս շատից-քչից հեղինակություն ուներ, դուռը շրխկացնելով հեռացել է, իսկ «հասարակական-քաղաքական միտքը» սոցկայքերում պաղպաղակի ու համբուրգերի մասին էժանագին հումորներ է անում ու խրխնջացող սմայլիկներ դնում։

Արմեն Սարգսյանի հրաժարականն այսպես թե այնպես անխուսափելի էր, և զարմանալին թերևս այն է, որ դա այսքան ուշ տեղի ունեցավ։ Պայմանական «պրոֆեսորը» չի կարող երկար ժամանակ աշխատել պայմանական «չորրորդ դասարանի կրթությամբ» ղեկավարի ենթակայության տակ, առավել ևս՝ եթե այդ ղեկավարը նաև էությամբ բռնապետիկ է։ Այնպես որ՝ այդ հրաժարականը ոչ այնքան Արմեն Սարգսյանի «մասին» էր, որքան Նիկոլ Փաշինյանի։ Եվ Արմեն Սարգսյանն իր հրաժարականի տեքստում բավականին թափանցիկ ասում է այդ մասին՝ «Նախագահի հնարավորություններն ընկալվում են ոչ թե որպես առավելություն պետության համար, այլ տարբեր քաղաքական խմբերի կողմից դիտարկվում են որպես իրենց սպառնացող վտանգ»։ «Տարբեր քաղաքական խմբեր» ասելով էլ, հասկանալի է, առաջին հերթին իշխող քաղաքական ուժին նկատի ունի։ 

Համաձայնվեք՝ Նիկոլ Փաշինյանն իսկապես էլ ահավոր խանդով է վերաբերվում ցանկացած մեկին, ով կարող է պետության համար ինչ-որ դրական բան անել ու դրանով իսկ վաստակել հասարակության համակրանքը։ Նրա պատկերացմամբ՝ «կինոյի տղան» միայն ինքն է, և «հպարտ քաղաքացիները» միայն իրենով պիտի հիանան, իսկ եթե ուրիշ մեկն էլ է փորձում ինչ-որ բան անել, ինքը դա ընկալում է որպես իրենից իշխանությունը խլելու փորձ։ Եվ, ի դեպ, առաջին դեպքը չէ, որ նա մեծամտաբար հրաժարվել է իրենից շատ ավելի խելացի ու փորձառու մարդկանց օգնությունից։ Ավելին՝ անմիջապես հիվանդագին կասկածամտությամբ ու ատելությամբ է լցվել նրանց հանդեպ։ Ամենայն հավանականությամբ՝ ինչ-որ պահի Արմեն Սարգսյանին այդ ամենը պարզապես հոգնեցրել է, ու նա որոշել է հեռանալ։

Ինչ վերաբերում է այն հարցին, որ Սահմանադրությունը նախագահին լուրջ գործունեություն ծավալելու լիազորություններ չի տալիս, ապա դա իսկապես էլ այդպես է, բայց կոնկրետ այս դեպքում դա անհաղթահարելի խոչընդոտ չէր։ Սահմանադրությունն, օրինակ, ԱԺ փոխնախագահին էլ հայ-թուրքական հարաբերություններով զբաղվելու լիազորություն չի տալիս, բայց Նիկոլ Փաշինյանը շատ հանգիստ այդ երկրորդական պաշտոնյային «օժտում է այդպիսի լիազորություններով»։ Այսինքն՝ խնդիրը ոչ թե սահմանադրական լիազորությունների շրջանակն է, այլ Նիկոլ Փաշինյանի քաղաքական կամքը, որովհետև ցանկության դեպքում նա առանց այդ լիազորությունների էլ կարող էր Արմեն Սարգսյանի միջազգային կապերն ու փորձը ծառայեցնել պետության շահերին։ Դրա փոխարեն Փաշինյանի քաղաքական թիմը երկար ժամանակ զբաղվում էր նրան սևացնելով։ Եվ ոչ միայն նրան, այլև ցանկացած մեկին, ում ինտելեկտուալ կարողություններն ակնհայտորեն բարձր են իրենից ու դրանով իսկ՝ իր համար վտանգավոր։

Հ․ Գ․ 2018 թ․ «թավշյա, ոչ բռնի, ժողովրդական հեղափոխությունից» օրեր անց նախագահ Արմեն Սարգսյանը փակ հանդիպում էր ունեցել լրատվական դաշտի մի քանի առանցքային դեմքերի հետ, որի ընթացքում, ասես իմիջիայլոց, այսպիսի հարց էր բարձրացրել՝ «եթե հանկարծ վաղը մեծ պատերազմ սկսվի, Հայաստանում ո՞վ է բարձրացնելու հեռախոսը և զանգահարելու Պուտինին»։ Հասկանալի է՝ խոսքն ընդհանրապես ֆորսմաժորային իրավիճակներում արտաքին աշխարհի հետ արժանապատվորեն շփվելու հնարավորության մասին էր։ 44-օրյա պատերազմը ցույց տվեց, որ Նիկոլ Փաշինյանն այդ տրամաչափը չուներ։ Իսկ ֆորսմաժորային իրավիճակները Հայաստանի համար դեռ առջևում են։ 

Մարկ Նշանյան

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   3287 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ