...

Նիկոլ Փաշինյանի երազը


Կաթողիկոսական ընտրությունների երկրորդ փուլի քարոզարշավի վերջին օրն է։ Երկրորդ փուլ են անցել ինքն ու Ռոբերտ Քոչարյանը, ու հիմա Հ1-ի տաղավարում՝ Պետրոս Ղազարյանի մոտ, բանավիճում են։ Պետրոսը դիմում է Քոչարյանին․ «պարոն Քոչարյան, այ օրինակ Նիկոլը պաշտոնապես ամուսնացած չէ, իսկ Դուք ամուսնացած եք, պատրա՞ստ եք հանուն Կաթողիկոսի գահի հրաժարվել Ձեր ամուսնությունից»։ Քոչարյանը սկսում է քթի տակ երգել «Օ Բելլա չա՛ո, Բելլա չա՛ո, Բելլա չա՛ո-չա՛ո-չա՛ո․․․», իսկ ինքը, ոգևորված, սկսում է գոռգոռալ, որ հանուն կաթողիկոսության՝ Աննային երկու տարով Չինաստան է ուղարկում։ «Մի րոպե, պարոն Փաշինյան, մի՛ ընդհատեք», իբր բարկանում է Պետրոսն ու շարունակում․ «Եվ ընդհանրապես, պարոն Քոչարյան, Դուք հավատացյա՞լ եք, ապավինո՞ւմ եք Աստծուն»։ «Բա իհարկե, նույնիսկ իմ կյանքի ամենածանր պահերին, երբ, օրինակ, մի խումբ ահաբեկիչներ են ներխուժել ԱԺ դահլիճ և 8 հոգու սպանել, ես մտքումս ասել եմ «դե փա՛ռք Աստծո, փա՛ռք Աստծո»։ Ինչ վերաբերում է Աստծուն ապավինելուն, ապա ես մինչև հիմա տանս մի քանի կուբամետր այդպիսի գրությամբ թղթեր եմ պահում․․․»։ «Բա ես ի՞նչ անեմ, որ բիթքոյնի վրա տենց գրություն չկա, մենակ դոլարների վրա կա», տեղից գոռում է ինքը․․․

Պետրոսը շարունակում է․ «պարոն Քոչարյան, Դուք կուսակրո՞ն եք․․․ լավ, բարդ բառեր չասեմ, կո՞ւյս եք։ Գոնե կենդանակերպի նշանով․․․»։ «Կենդանակերպը դո՛ւ ես, արա՛», գոռում է Քոչարյանը։ «Ես նկատի ունեի գառասկոպը», սփրթնում է Պետրոսը, «գառասկոպով ի՞նչ եք»։ «Ձևա», պատասխանում է Քոչարյանը։ «Ձև չի», տեղից առարկում է ինքը, բայց Քոչարյանը շարունակում է․ «իսկ այ ինքը ոչխար ա»։ «Ոչխար չի, պարոն Քոչարյան, Երկվորյակ ա», առարկում է Պետրոսը, բայց Քոչարյանը շարունակում է․ «ես գառասկոպը նկատի չունեի, թե չէ՝ գիտեմ, որ երկվորյակ ա, ուղղակի չեմ հասկանում՝ մյուսի՞ն խի չեք կանչել, թե՞ Փաշազադեն Հ1 չի գալիս»։ 

Ինքը տեղից վեր է ցատկում, որ պատասխանի, բայց հանկարծ սոսկումով նկատում է, որ իրականում մինչ այդ ինչ եղել է՝ աչքին է երևացել, ինքը ոչ թե Հ1-ի տաղավարում է, այլ մեծ ու լուսավոր, բայց ճաղապատ լուսամուտներով սենյակում, դիմացն էլ ոչ թե Պետրոսն ու Քոչարյանն են, այլ երկու անծանոթ մարդիկ՝ սպիտակ խալաթներով։ Սրանցից մեկը գրիչը մոտեցնում է իր դեմքին ու ասում․ «հիմա ես գրիչը աջուձախ կտանեմ, Դուք առանց Ձեր վիզը թեքելու ուշադիր նայեք գրիչի ծայրին․․․»։ «Ծայր ասեցիք՝ հիշեցի, ես որ կաթողիկոս դառնամ՝ ծայրագույն վարդապետ էլ եմ, չէ՞, դառնալու», իներցիայով հարցնում է ինքը։ «Վարդապետը չգիտեմ, բայց ծայրագույն՝ հաստատ», ասում է սպիտակ խալաթավորն ու նայելով կոլեգայի դեմքին՝ գլուխը հուսահատ օրորում։ Սանիտարները ներս են մտնում, թիկունքից մոտենում ու թևատակերից բռնած՝ դուրս բերում սենյակից․․․

Արթնանում է ծանր գլխացավով ու վազում համակարգչի մոտ։

ՎԱՐԿԱՆԻՇ

   209 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ