...

Նիկոլ Փաշինյանի ճակատագրական սխալը

Նիկոլ Փաշինյանի ճակատագրական սխալը

Ինչո՞ւ են Հայաստանի իշխանությունները խաղաղություն մուրում ու ստանում սողացող պատերազմ, ինչո՞ւ են խոսում խաղաղության դարաշրջանի մասին ու հայտնվում տոտալ շրջափակման մեջ, ինչո՞ւ են դատարկաբանում «ժողովրդավարության բարձրագույն լիգայի» մասին ու այդ նույն «ժողովրդավարական աշխարհի» կողմից համարյա պաշտոնապես ընկալվում որպես «իզգոյ» երկիր, և ինչո՞ւ են այդքանից հետո կարողանում պահպանել իշխանությունը։

Մեր հասարակության մեծամասնությունը մարդկանց (պետական պաշտոնյաներին, զինվորական վերնախավին, քաղաքական գործիչներին և այլն) գնահատում է ոչ թե ըստ գործունեության արդյունքների, այլ ըստ նրանց անձնական որակների։ Պետական պաշտոնյաները գնահատվում են ըստ նրա, թե ով ինչքան է թալանել, գեներալներն՝ ըստ նրա, թե ով ինչքան դիզվառելիք է լափել, և այդպես շարունակ, այսինքն՝ կոմպետենտությունը երկրորդ պլան է մղված։ «Ջանդամը», թե տխմար որոշումներով կամ անգործությամբ իրենց ոլորտները քարուքանդ չեն արել, կարևորը՝ որ նախկիններից ավելի սրիկա, թալանչի ու հանցագործ չլինեն։ Նիկոլ Փաշինյանն էլ շատ լավ հասկանում է սա, ու ամեն անգամ, երբ դեմ են տալիս իր կործանարար սխալները, նույն բաներն է ասում՝ «թալանչին դուք եք, դավաճանը դուք եք, հողատուն դուք եք» և այլն։ Մինչդեռ Հայաստանի այսօրվա անհույս վիճակի պատճառը հենց իր՝ Նիկոլ Փաշինյանի կոպտագույն սխալներն են (անկախ նրանից՝ այդ սխալները պայմանավորված են նրա անձնական որակներո՞վ, թե՞ կոմպետենտության իսպառ բացակայությամբ)։

Ո՞րն է եղել Նիկոլ Փաշինյանի ամենամեծ սխալը։ Իշխանության գալուց հետո նա, բնականաբար, հասկանում էր, որ Հայաստանի հիմնական խնդիրը ղարաբաղյան հակամարտության կարգավորումն է լինելու։ Եվ, իր ասելով, ամենայն մանրամասնությամբ ուսումնասիրել է բանակցային ողջ գործընթացն ու առկա իրավիճակը։ Եթե այդպես է, ապա նա պիտի հասկանար, որ ընդամենը երկու տարբերակ կա՝ կամ գնում է տարածքային էական զիջումների (առանց ԼՂՀ կարգավիճակի հարցում հստակ հեռանկարի), կամ երկիրը տանում է լայնամասշտաբ պատերազմի՝ հաղթանակի հասնելու նվազագույն շանսերով (զինվորականները հաստատ զեկուցել էին այդ մասին)։ Եվ նա որոշում է կայացնում։ Սխա՛լ որոշում։ Կարող էր դիմել ժողովրդին ու ասել՝ գիտե՞ք ինչ, վիճակը սա է, ստիպված ենք զիջումների գնալ (որովհետև նախկիններն են մեղավոր, բերել-հասցրել են այս օրվան, ֆլան-ֆստան), բայց դա նշանակություն չունի, եղածը եղած է, ու հիմա ուրիշ ճար չունենք։ Բայց նա հասկանում էր, որ դա կարող է վտանգել իր իշխանությունը, ու որոշեց «բանակցությունները սկսել իր կետից», այսինքն՝ երկիրը տանել պատերազմի։ Իր կարծիքով՝ ցանկացած ելքի դեպքում անձամբ ինքը շահած էր դուրս գալու։ Պատերազմում հաղթեինք՝ դառնալու էր չտեսնված-չլսված հերոս, պարտվեինք՝ Հայաստանն ազատվելու էր «ղարաբաղյան կապանքներից», ձերբազատվելու էր ռուսական ազդեցությունից ու Վրաստանի օրինակով դառնալու էր արևմտյան քաղաքակրթության մաս, ինքն էլ մնալու էր պատմության մեջ որպես «փրկության ճարտարապետ»։ Իրականում նա պարտավոր էր հաշվարկել, որ ոչ հաղթանակն է հնարավոր, ոչ էլ պարտությունից հետո ռուսական ազդեցությունից դուրս պրծնելն ու «խաղաղության դարաշրջան» բացելը։ Հաղթանակ հնարավոր չէր հենց թեկուզ միայն այն պատճառով, որ «նախկինները 25 տարի շարունակ թալանել են բանակը» (ինքն էր, չէ՞, ասում), իսկ պարտությունից հետո միաժամանակ «խաղաղության դարաշրջան բացել» ու ռուսական ազդեցությունից դուրս պրծնել հնարավոր չէ այն պարզ պատճառով, որ հաղթած Ադրբեջանը Սյունիքն էլ է պահանջելու, Սևանի ավազանն էլ, Մասիսն էլ, ու հնարավոր չի լինելու պաշտպանել դրանք՝ զուգահեռաբար ռուսների հետ «քյալլա տալով»։

Հաշվարկե՞լ է արդյոք այս ամենը Նիկոլ Փաշինյանը։ Եթե անգամ հաշվարկել է, ապա սխալ եզրակացության է հանգել ու սխալ որոշում է ընդունել։ Եվ այդ սխալի արդյունքում կորցրել ենք հազարավոր կյանքեր, կորցրել ենք հայրենիքի մի մասն ու ջախջախված վիճակում դարձել պատանդ ռուս-թուրք-ադրբեջանական «ռազմավարական գործընկերության» տիրույթում։ Նման կատաստրոֆիկ սխալից հետո որևէ իշխանություն այլևս իրավունք չպիտի ունենար մոտենալ պետական կառավարման համակարգին, բայց նա ոչ միայն չի ընդունում իր սխալը, այլև անհասկանալի համառությամբ շարունակում է նույն «քաղաքականությունը»՝ պարզապես ավելի խեղճացած կեցվածքով։

Իսկ ժողովուրդն ու «հասարակական-քաղաքական շրջանակները» սա թողած քննարկում են, թե ով է ավելի շատ կոռումպացված, ում գրպանի օլիգարխներն են ավելի լկտի, ում օրոք էին պաշտոնյաներն ավելի ապուշ․․․ Այսինքն՝ մտնում են այն միակ դաշտը, որտեղ Նիկոլ Փաշինյանը դեռ ինչ-որ ասելիք ունի։

Մարկ Նշանյան

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   2846 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ