...

Նիկոլ Փաշինյանի վառած կանաչ լույսը

Նիկոլ Փաշինյանի վառած կանաչ լույսը

Հունվարի 11-ին ադրբեջանական բանակը հրետանու և անօդաչուների կիրառմամբ հարձակվել է Գեղարքունիքի ուղղությամբ, ՀՀ արտգործնախարարությունն էլ հայտարարություն է տարածել, թե «ադրբեջանական զինված ուժերի ստորաբաժանումների սադրանքը հերթական դրսևորումն է․․․» և այլն։ 

Ի՞նչ սադրանք, այդ երբվանի՞ց են պատերազմական գործողությունները սադրանք համարվում։ Ադրբեջանը մեր դեմ սովորական պատերազմ է մղում, որի ձևերն, այո, կարող են տարբեր լինել։ Մի դեպքում՝ գրավել տարածքը և «պաշտոնապես» բռնակցել, մեկ այլ դեպքում՝ պարբերաբար գնդակոծել, ստիպել, որ տարածքը դատարկվի, «հեռվից» վերահսկողություն սահմանել և այլն, բայց բուն նպատակը նույնն է՝ գործնականում զավթել հակառակորդի կենսատարածքը։ Այն, ինչ կատարվում է այս օրերին, «սահմանային միջադեպեր» նույնպես չի կարելի անվանել։ Սահմանային միջադեպն այն է, որ իրենք իրենց տարածքից կրակում են, մենք էլ մեր տարածքից պատասխանում ենք, բայց այս դեպքում մարտական գործողությունները մեր տարածքում են ընթանում։

Իսկ մեր քաղաքական ու մերձքաղաքական շրջանակներին առավելապես մի հարց է հետաքրքրում՝ տեսնես Նիկոլը կդիմի՞ ՀԱՊԿ-ին, կամ եթե դիմի՝ կարձագանքե՞ն, թե՞ «կգրեն սառույցին»։ Ընդ որում՝ այս «դիսկուրսն» ամենաշատը հենց իշխանություններին է ձեռնտու, որովհետև ստացվում է, որ իրենք մեղավոր չեն, դավաճան ու երկակի ստանդարտներով առաջնորդվող ՀԱՊԿ-ն է մեղավոր։

Իրականությունն այն է, որ Նիկոլ Փաշինյանն ինքն է կանաչ լույս վառել ադրբեջանական ագրեսիայի համար։ Ընդ որում՝ ոչ թե նոյեմբերի 10-ի փաստաթղթի տակ ստորագրելով, այլ ամիսներ անց, երբ տարբեր մակարդակներով հայտարարվում էր, թե «դե հո Սև լճի 30 տոկոսի համար պատերազմ չե՞նք սկսելու», «դրանք ամայի սարեր են, որտեղ տարվա կեսը ձյուն է», «մեր բանակը ոչ թե տարածքներն է պաշտպանում, այլ բնակչությանը» և այլն։ Հետաքրքրիր է՝ իսկ ուրիշ ի՞նչ արդյունքներ էինք ակնկալում նման հայտարարություններից հետո։ Ի՞նչ պիտի աներ թշնամին, եթե տեսնում է, որ սահմանները հստակ չեն, իրենք էլ ինչքան առաջ են գալիս՝ ոչ թե կոշտ դիմադրության են հանդիպում, այլ «խաղաղության դարաշրջանի բացման» ցանկության։

Հասկանալի է, որ Հայաստանն այսօր լայնամասշտաբ և տևական պատերազմի ռեսուրսներ չունի, բայց սեփական տարածքի ամեն թիզը վճռականորեն պաշտպանելու և ներխուժման ցանկացած փորձ ամենակոշտ մեթոդներով կանխելու ռեսուրսներ հաստատ ունի։ Այլ հարց է, որ ամեն անգամ կարող է աղմուկ բարձրանալ, թե «չհասկացանք, էդ ո՞ւմ երեխաների արյան հաշվին եք նման կոչեր անում», բայց Հայաստանը, ցավոք, ընտրության հնարավորություն չունի։ Մտան Գեղարքունիք՝ հանդուրժեցինք, Սև լճի շրջանում առաջացան՝ գերադասեցինք «խաղաղության դարաշրջանը», և ի՞նչ՝ խաղա՞ղ է, մեր զինվորներն էլ չե՞ն զոհվում։ Ու սա շարունակվելու է անընդհատ, որովհետև «խաղաղության դարաշրջանը» միայն մեզ է պետք, ոչ Ադրբեջանին է պետք, ոչ Թուրքիային, ոչ Ռուսաստանին։

Կարելի է, իհարկե, ագրեսիայի յուրաքանչյուր դրսևորումից հետո բողոքել միջազգային տարբեր կառույցներին, փաստեր ներկայացնել, դիմել ՀԱՊԿ-ին, ի ցույց դնել մեր խաղաղասիրությունն ու թշնամու ռազմատենչությունը և այլն, բայց փաստը մնում է փաստ՝ կամ մենք պաշտպանում ենք մեր սահմանները, կամ չենք պաշտպանում և ապավինում ենք արտաքին ուժերի ողորմածությանը։ 

Նիկոլ Փաշինյանն ընտրել է երկրորդ տարբերակը։ Ու հետևանքները դեռ երկար ենք զգալու։

Մարկ Նշանյան

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   2701 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ