...

Նիկոլի ծրագիրն ավելին է, քան անբարոյականությունը, այն սխալ է

Նիկոլի ծրագիրն ավելին է, քան անբարոյականությունը, այն սխալ է

Նիկոլ Փաշինյանի հայտնի ելույթն ու հաջորդ օրը ներկայացրած «պարզաբանումները» ցնցեցին Հայաստանի հասարակական-քաղաքական կյանքը, բայց արձագանքները, ցավոք, առավելապես հուզական էին, հիմնականում՝ հայհոյանքներ։ Մարդը հստակ ծրագիր է ներկայացնում, ասում է, որ Հայաստանը պատրաստ է Արցախը ճանաչել Ադրբեջանի կազմում և այսուհետ Արցախին օգնելու է ընդամենը երկու կետով՝ ֆինանսապես և միջազգային ատյաններում մարդասիրական բնույթի հարցեր բարձրացնելով, մարդը հստակ ասում է, որ հույս ունի դրա դիմաց «խաղաղության դարաշրջան բացել» և թույլ չտալ, որ Հայաստանը շարունակի մնալ ռուս-թուրքական հավերժական առճակատման թատերաբեմ, ու ստանում է զուտ էմոցիոնալ հակազդումներ՝ «դավաճան», «թուրքական շահերի սպասարկու», «հողատու», «անբարոյական», «մարդասպան», «ստախոս» և այլն (ամենամեղմերն ենք նշում)։

Խնդիրն այն չէ՝ արդարացի՞ են այդ գնահատականները, թե ոչ։ Խնդիրն այն է, որ դրանք ցույց են տալիս հասարակության և քաղաքական դաշտի բացարձակ մեծամասնության կարծիքը Նիկոլ Փաշինյանի բարոյական որակների մասին, մինչդեռ պետության ղեկավարի գնահատման չափանիշները բոլորովին այլ պիտի լինեն․ առաջին՝ ճի՞շտ որոշումներ է կայացնում, թե սխալ, և երկրորդ՝ ի վիճակի՞ է ավարտին հասցնել այդ որոշումների իրականացումը, թե ոչ։ Պարզ ասած՝ հիմնական պրոբլեմն այն չէ, որ Նիկոլ Փաշինյանը ստախոս է, անբարոյական և այլն, պրոբլեմն այն է, որ նրա՝ խորհրդարանական ամբիոնից ներկայացրած ծրագիրն ի սկզբանե հնարավոր չէ իրականացնել ու նոր աղետներ է բերելու։ Եթե պետության ղեկավարը երկիրը տանում է մի ճանապարհով, որի վերջնակետն անդունդն է, ի՞նչ կարևոր է՝ այդ մարդն ազնի՞վ է, թե՞ ստախոս, անբարոյակա՞ն է, թե՞ պարկեշտ, կամ՝ ազնի՞վ մղումներով է անում դա, թե՞ սովորական մորթապաշտությունից դրդված։ Ի վերջո՝ եթե մեկը ցանկանում է բանտից փախչել ու չորրորդ հարկից ցատկում է ուղիղ փշալարերի վրա, դա ոչ թե ազատատենչության ապացույց է, այլ հիմարության, որովհետև արդյունքում մնալու է նույն բանտում, բայց՝ ավելի երկար ժամանակով ու արնաքամ։ Իսկ իրապես ազատատենչը հանգամանորեն փախուստի ծրագիր կմշակեր, կնախապատրաստվեր․․․

Իսկ ինչո՞ւ է Նիկոլ Փաշինյանի «ծրագիրն» անիրականանալի (ու հետևաբար՝ հիմար)։ Առաջին՝ որովհետև Ադրբեջանի կազմում թողնելով՝ Արցախը հայկական պահել չի ստացվելու։ Ռուսաստանը ցանկանա էլ՝ չի կարողանալու ապահովել դա։ Նիկոլ Փաշինյանն, իհարկե, ձևացնում է, թե չի հասկանում դա, ու մտածում է, որ «դե ոչինչ, մի քանի տարի հետո ևս մի մեղայական ելույթ կունենամ, կասեմ՝ այո՛ սխալվել եմ, իմ խաչն էր» և այլն։ Երկրորդ՝ «խաղաղության դարաշրջան» նույնպես չի կարողանալու բացել, որովհետև խաղաղությունը երկարաժամկետ հեռանկարում նշանակում է Ռուսաստանի դուրսմղում մեր տարածաշրջանից, իսկ ռուսական ներկայությունն այստեղ միշտ ունեցել է նույն լեյտմոտիվը՝ «փրկել հայերին» (հետևաբար՝ հայերը միշտ պիտի փրկվելու կարիք ունենան)։ Սա իրողություն է, որի հետ հաշվի չնստել հնարավոր չէ, որովհետև Ռուսաստանը Հայաստանում բավարար լծակներ ունի նոր պատերազմ հրահրելու համար, Թուրքիան ու Ադրբեջանն էլ բավարար ախորժակ ու ռեսուրսներ ունեն առիթից օգտվելու և Հայաստանից ևս մի քանի մեծ կտոր թռցնելու համար։ Այսինքն՝ դուր է գալիս դա մեզ, թե ոչ, բայց Նիկոլի «խաղաղության դարաշրջանի» կանխատեսելի արդյունքը լինելու է այն, որ Արցախի հայաթափումից հետո Ռուսաստանը մեզ «փրկելու է» Սյունիքում ու Սևանի ավազանում, իսկ դրա դիմաց ոչ խաղաղություն ենք ստանալու, ոչ էլ դուրս ենք պրծնելու երկաթե վարագույրից։ Հակառակը՝ դեռ մի բան էլ ավելի ենք օրհնելու «էն սհաթը»։

Կա՞ն արդյոք այս սցենարը կանխելու տարբերակներ։ Այս հարցի պատասխանը քաղաքական ուժերը պիտի տան։ Ոչ թե (կամ՝ ոչ միայն) հայհոյեն Նիկոլին ու նրա ծրագիրը, այլև հստակ այլընտրանք առաջարկեն։ Որպես առաջին քայլ «բանակցողին փոխելը» հասկանալի ու տրամաբանական է, բայց պիտի նաև երկրորդ քայլը հստակեցվի։ Հակառակ դեպքում ոչինչ չի ստացվի, ու պետք չէ սկզբում ակնկալել, որ հասարակությունը ոտքի կկանգնի, հետո էլ մազոխիստական հաճույքով արձանագրել, թե հասարակությունն անտարբեր է, անգամ այս դեպքում ոտքի չկանգնեց։ 

Հ․Գ․ Հիշում եք, չէ՞, հայտնի անեկդոտը։ Մեկն ընկերոջն ասում է «լսի՛, բա իմացել ե՞ս, որ էն երրորդ հարկի պրոֆեսորը գոմիկ ա», սա էլ ասում է՝ «ո՞նց, էդ գոմիկը պրոֆեսոր ա՞»։

Մարկ Նշանյան

Читать на русском

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   3144 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ