...

Նիկոլի հաջողության գաղտնիքները։ 3․ Պատերազմ և կեղծ «կարմիր գծեր»

Նիկոլի հաջողության գաղտնիքները։ 3․ Պատերազմ և կեղծ «կարմիր գծեր»

Նիկոլ Փաշինյանի՝ ինչ-որ բաներ ասելու և ճիշտ հակառակն անելու հաջորդ ամենաակնառու դրվագը 44-օրյա պատերազմն էր։ Այդ մղձավանջի ամբողջական պատկերը, իհարկե, երբևէ կբացահայտվի, բայց փաստն այն է, որ 44 օր շարունակ իշխանություններն ասում էին «հաղթելու ենք» ու միաժամանակ ամեն ինչ անում, որպեսզի պարտությունն անխուսափելի ու վերջնական դառնա։ Ինչու անխուսափելի՝ որովհետև պատերազմի չորրորդ օրը մոբիլիզացիան փաստացի դադարեցվեց, ու շեշտը դրվեց «ինքնակազմակերպվող կամավորական ջոկատների» վրա, իսկ պատերազմի այդօրինակ փնթի ղեկավարումն այլ ելքի հնարավորություն պարզապես չէր թողնում։ Իսկ ինչու վերջնական՝ որովհետև պատերազմը կեսից դադարեցնելու իրական հնարավորություններ կային, բայց այդ դեպքում հայկական բանակի ջախջախումը կիսատ կմնար, այսինքն՝ կիսատ կմնար նաև «Ղարաբաղը տանք, հանգիստ ապրենք» ծրագիրը։ 

Արդյունքում՝ էլի՛ կիսատ մնաց, ու քանի որ առջևում արտահերթ ընտրություններ էին (խոսքը 2021-ի խորհրդարանական ընտրությունների մասին է), Նիկոլ Փաշինյանը ոչ միայն որոշ ժամանակով հանդուրժեց այդ կիսատությունը, այլև հենց դա էլ դարձրեց իր նախընտրական քարոզչության հիմքը։ Մարդը նպատակ ուներ վերջնականապես հանձնել Արցախն ու «ազատվել գլխից էլ, գլխացավից էլ», բայց ճիշտ հակառակն էր ասում՝ «Հայաստանը շարունակելու է մնալ Արցախի անվտանգության երաշխավորը, հասնելու ենք Հադրութի ու Շուշիի դեօկուպացիային, կարգավորման գործընթացում էլ առաջնորդվելու ենք «անջատում հանուն փրկության» սկզբունքով»։ Բնականաբար՝ ընտրություններում «պողպատե մանդատ» ստանալուն պես մոռացավ այդ խոստումներն ու անմիջապես հրաժարվեց Արցախի հարցով բանակցություններից՝ հայտարարելով, թե Հայաստանը գործ չունի, արցախահայության անվտանգության ապահովման պատասխանատուն Ռուսաստանն է։ Եվ հռչակեց նոր «կարմիր գիծ»՝ ՀՀ ինքնիշխան տարածքը։ 

Մեծ հաշվով՝ ժողովուրդը տրվեց այդ խաբեությանը, որովհետև շատերն ասում էին «դե հա, մարդը ճիշտ ա ասում, պատերազմում պարտվել ենք, ռուսներն էլ Ղարաբաղում անվտանգություն են ապահովում, ու նրանց ձեռնտու է, որ այնտեղ հայեր ապրեն, էլ մենք ինչի՞ ենք իրար խառնվում, իրենց ձեռնտու է՝ թող իրենք էլ ապահովեն, իսկ մենք մեր ինքնիշխան տարածքի մասին մտածենք»։ Բայց Նիկոլը Նիկոլ չէր լինի, եթե այս դեպքում նույնպես ասածի ճիշտ հակառակը չաներ։ Խոսքով ՀՀ ինքնիշխան տարածքը «կարմիր գիծ» հռչակեց, իսկ գործնականում այդ տարածքից մոտ 200 քառակուսի կիլոմետր զիջեց՝ ենթականերին ստիպելով «բացատրել», թե բա հո ամայի-անբնակ սարերի համար պատերազմի մեջ չէի՞նք մտնելու։ Ու որպեսզի ժողովուրդն ըմբռնումով մոտենա դիրքորոշման այդ ցինիկ մուտացիային՝ զուգահեռաբար քարոզում էին, թե իբր համարյա ազգովի վախկոտ դասալիքներ ենք, և օրումեջ բանակում ադրբեջանական լրտեսներ էին բացահայտում ու գիշեր-ցերեկ գովազդում այդ բացահայտումների տեսանյութերը։ Սա նույնպես քարոզչական մեծ էֆեկտ ունեցավ, որովհետև մարդիկ ասում էին «դե էդ խեղճ մարդն ի՞նչ անի, էսքան դասալիքներով ու լրտեսներով ո՞նց նոր պատերազմի մեջ մտնենք, ստիպված՝ սրտի անհուն կսկիծով համակերպվում ա»։

Ավելի ուշ պիտի պարզվեր, որ ոչ թե «սրտի անհուն կսկիծով համակերպվում է», այլ ճիշտ հակառակը՝ Արցախի հայաթափումն ու կորուստը համարում մեծ հաջողություն և Հայաստանի իրական անկախության մեկնակետ, իսկ հայ-ադրբեջանական սահմանին Ադրբեջանի ռազմական շանտաժի պարտադրանքով նրանց իսկ պարտադրած կետերում տնկված սյուները՝ «անվտանգության երաշխիք» ու «անկախ պետականության անկյունաքար»։ 

Մարկ Նշանյան

Շարունակելի

ՎԱՐԿԱՆԻՇ

   3901 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ