...

Նոր ամերիկյան մանդատ կամ «առլինգտոնյան փոցխը»

Նոր ամերիկյան մանդատ կամ «առլինգտոնյան փոցխը»

Թե ինչ են բանակցում Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներն ԱՄՆ-ում՝ դժվար է ասել, որովհետև դա ՀՀ «3 միլիոն վարչապետների» խելքի բանը չէ, իշխանություններն «ինչ պետք է՝ այն էլ բանակցում են»։ Բայց ամերիկացի բարձրաստիճան դիվանագետները, ըստ «Ամերիկայի ձայն»-ի, որոշ մանրամասներ այնուամենայնիվ հայտնել են։ Տեղեկություններն ընդհանուր առմամբ կցկտուր են, բայց երեք դրվագներ իրավիճակի վերաբերյալ ընդհանուր պատկերացում կազմելու հնարավորություն այնուամենայնիվ տալիս են։ 

Եվ այսպես, դրվագ առաջին։ «Ամերիկյան կողմը հիասթափություն է հայտնել բանակցությունների վերաբերյալ Մոսկվայի բացասական արձագանքի կապակցությամբ»։ Պարզ ասած՝ Ռուսաստանը դժգոհ է, որ բանակցություններն ընթանում են ամերիկյան միջնորդությամբ։ Այդ դժգոհությունը, հասկանալի է, առաջին հերթին Հայաստանի նկատմամբ է, որովհետև Հայաստանն է ՀԱՊԿ անդամ և Ռուսաստանի ֆորմալ «ռազմավարական դաշնակիցը», ավելին՝ Ռուսաստանը Հայաստանի և Արցախի՛ անվտանգության ֆորմալ երաշխավորն է, և ոչ թե Ադրբեջանի, հետևաբար՝ ռուսների ընկալմամբ, հայե՛րն են փորձում «թռնել» իրենց վրայից (կամ տակից), և ոչ թե ադրբեջանցիները։

Երկրորդ դրվագ։ «Կողմերի միջև քննարկվող հարցերից մեկը երկու երկրներում էթնիկ փոքրամասնությունների նկատմամբ վերաբերմունքն է և նրանց իրավունքների ու անվտանգության ապահովումը»։ Խնդիրը նույնիսկ այն չէ, որ Արցախի ապագայի նշաձողն իջեցվեց մինչև «էթնիկ փոքրամասնության իրավունքներ», խնդիրն այն է, թե Հայաստանում այդ ի՞նչ «էթնիկ փոքրամասնություն» կա, որի իրավունքներն ու անվտանգությունը պիտի քննարկվեն հայ-ադրբեջանական բանակցություններում։ Եթե այդ հարցը քննարկվում է, նշանակում է՝ «Հարաբերությունների կարգավորման շուրջ համաձայնագիր» վերնագրված փաստաթղթում ներառվելու է կամ արդեն իսկ ներառվել է նաև ՀՀ տարածք ադրբեջանցի փախստականների վերադարձի հարցը։ Իսկ սա իր հերթին նշանակում է, որ արցախահայության անվտանգությունն ու իրավունքները պիտի պաշտպանված լինեն ճիշտ այնքան, որքան ՀՀ վերադառնալիք «ադրբեջանական էթնիկ փոքրամասնության» անվտանգությունն ու իրավունքները։ Եթե ՀՀ իշխանությունները որևէ այլ բացատրություն ունեն՝ պատրաստ ենք լսել։

Երրորդ դրվագ։ «ԱՄՆ-ը ձգտում է, որպեսզի կողմերը․․․ կարողանան միասին ապրել, ամրապնդել տնտեսական կապերը և նույնիսկ իրենց հավաքական անվտանգությունը տարածաշրջանում»։ Առանցքայինն այստեղ «հավաքական անվտանգություն» ձևակերպումն է։ Թարգմանաբար սա նշանակում է, որ Հայաստանը և Ադրբեջանը պիտի գտնվեն անվտանգության նույն համակարգում և միասնաբար ապահովեն իրենց անվտանգությունը հնարավոր սպառնալիքներից, որոնք, ամերիկյան ընկալմամբ, կարող են գալ միայն Ռուսաստանից և Իրանից։ Պարզ ասած՝ ԱՄՆ-ը ձգտում է հասնել նրան, որ Հայաստանը, Թուրքիան և Ադրբեջանը միասնաբար «ռուս-իրանական սպառնալիքի դեմն առնեն»։ 

Այս երեք դրվագների համադրումը մոտավորապես ցույց է տալիս, թե ինչպես են Հայաստանի և Ադրբեջանի իշխանությունները պատկերացնում «խաղաղության դարաշրջանը»։ Մոդելը հետևյալն է՝ Հայաստանն արմատապես վերանայում է իր աշխարհաքաղաքական կողմնորոշումը և «տարածաշրջանում դիրքավորվում է ոչ թե որպես սեպ, այլ որպես հարևան և գործընկեր», մի 100-120 հազար ադրբեջանցի վերադառնում է Հայաստան, ինչի դիմաց Ադրբեջանը թույլ է տալիս, որ մի այդքան հայ էլ որպես «էթնիկ փոքրամասնություն» ապրի Արցախում, երկու երկրների միջև խաղաղություն է հաստատվում, որից հետո արդեն «երկու հարևաններով» միասնաբար կանխում են ռուսական էքսպանսիայի վտանգը։ Դետալների շուրջ թեժ առևտուր, իհարկե, դեռ կարող է լինել, բայց ընդհանուր սխեման կարծես թե սա է։ 

Հայաստանի իշխանություններն էլ առանձնապես դեմ չեն, այլապես չէին մտնի նման բովանդակությամբ բանակցությունների մեջ։ Փաստացի՝ նրանց միակ մտահոգությունն այն է, որ Ադրբեջանը կարող է անգամ այդքանով չբավարարվել և հետագայում «քցել»՝ Հայաստան վերադարձած «ադրբեջանական էթնիկ փոքրամասնության անվտանգության ապահովման» պատրվակով նոր պատերազմ հրահրելով։ Իսկ հուսալի երաշխիքներ, որ նման բան տեղի չի ունենա, որևէ մեկը չի տալիս։ 

Մարկ Նշանյան

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   462 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ