...

Նորից «հարատև կռվի» փոցխի առաջ

Նորից «հարատև կռվի» փոցխի առաջ

Ինչո՞ւ չի բացվում Գորիս-Ստեփանակերտ ճանապարհը։ Ամենատարածված պատասխանը՝ որ Ադրբեջանը ցեղասպան պետություն է, նպատակ ունի վերջնականապես հայաթափել Արցախը և այլն, մի կողմ թողնենք․ դա հասկանալի է և առանձնապես նորություն չէ։ Բայց ինչո՞ւ ո՛չ Ռուսաստանը, ո՛չ Արևմուտքն ու միջազգային կառույցները բավարար ջանքեր չեն գործադրում ճանապարհը բացելու համար։ Եթե միանգամից մերժենք «որովհետև հայերին չեն սիրում» պատասխանը՝ ստիպված պիտի լինենք արձանագրել, որ արտաքին աշխարհի այսօրինակ պահվածքը շատ պարզ բացատրություն ունի․ այդ ճանապարհի անխափան աշխատանքը մեզանից բացի որևէ մեկին ձեռնտու չէ։ Թե ինչու՝ փորձենք հասկանալ։

Սկսենք Ռուսաստանից։ Մեր տարածաշրջանում նրանց պետք է ոչ թե տևական կայունություն, այլ մշտական, բայց վերահսկելի լարվածություն։ Այսօրվա վիճակը, երբ ճանապարհը փակ է, բայց որոշ «մարդասիրական բեռներ» այնուամենայնիվ անցնում են, լիովին ձեռնտու է ռուսներին։ Այդպիսով և՛ լարվածությունն է պահպանվում, և՛ շանս կա, որ ճնշումները կազդեն, հայկական կողմը ստիպված կլինի բացել «Զանգեզուրի միջանցքը», ու ռուսները միանգամից երկու միջանցք կվերահսկեն՝ այդպիսով մեծացնելով իրենց ազդեցությունն ինչպես Հայաստանի, այնպես էլ Ադրբեջանի վրա։

Իսկ ահա Արևմուտքին, մեծ հաշվով, ոչ թե վերահսկելի լարվածություն է պետք, այլ Հայաստանի դեմ նոր ագրեսիա, պարզ ասած՝ լայնամասշտաբ պատերազմ։ Որովհետև այդ դեպքում իրադարձությունները կարող են զարգանալ երկու սցենարով։ Կամ Ռուսաստանը չի ներքաշվում այդ պատերազմի մեջ ու դրանով իսկ վերջնականապես դուրս է մղվում Հարավային Կովկասից (ինչը ձեռնտու է Արևմուտքին), կամ Ռուսաստանը ներքաշվում է պատերազմի մեջ, և դրանով իսկ Ռուսաստանի համար «երկրորդ ճակատն» է բացվում (ինչը նույնպես ձեռնտու է Արևմուտքին)։ «Ոչ մի անձնական հարց, միայն բիզնես»։

Իսկ ինչպիսի՞ն է մե՛ր դիրքորոշումը։ Այս համընդհանուր խիստ հուզական (ինչը միանգամայն հասկանալի է) մթնոլորտում քչերն են նկատում, որ հայկական կողմը, մեծ հաշվով, կրկնում է այն սխալը, որը թույլ է տվել առնվազն քսան տարի շարունակ։ Այն է՝ մենք դարձյալ մեր գերխնդիրը համարում ենք ստատուս-քվոյի պահպանումը, բայց այս անգամ արդեն ոչ թե մեր հաղթանակից, այլ պարտությունից հետո հաստատված ստատուս-քվոյինը։ Որովհետև մեր պահանջները հենց դրան են հանգեցնում․ անհապաղ բացել Լաչինի միջանցքը, որպեսզի այն գործի այնպես, ինչպես գործել է վերջին երկու տարիներին, և ռուս խաղաղապահների ներկայությունն Արցախում դարձնել անժամկետ։ Իսկ ինքներս մեր առջև նման գերխնդիր դնելը սխալ է ոչ թե այն պատճառով, որ մեզ համար այնքան էլ ձեռնտու չէ (գուցե ստեղծված իրավիճակում ամենաձեռնտուն է), այլ որովհետև մեզանից բացի որևէ մեկը չի ուզում ստատուս-քվոյի պահպանում, հետևաբար՝ մեր և մնացած բոլորի շահերը շարունակում են հակադրվել։ Իսկ դա նշանակում է, որ մեզ չի հաջողվելու պահպանել անգամ ա՛յս ստատուս-քվոն։ 

Առավել ևս, որ ժամանակը մեր օգտին չի աշխատում։ Ադրբեջանը բացահայտորեն պատրաստվում է նոր պատերազմի, իսկ Հայաստանը շարունակում է գտնվել շրջափակման մեջ, իշխանություններն էլ բանակի հզորությունը վերականգնելու ոչ հնարավորություն ունեն, ոչ ցանկություն։ Ոչ էլ, ի դեպ, խաղաղության որևէ համաձայնագիր ստորագրելու։ Որովհետև «հարատև կռվի» մտածելակերպն է այդպիսին․ եթե 25 տարի առաջ հաղթանակը չեն ցանկացել «փաստաթղթավորել», հիմա ինչո՞ւ պիտի պարտությունը «փաստաթղթավորեն»։ Ջհանդամը, թե հետո ավելի ծանր իրավիճակում չենք հայտնվի։

Մարկ Նշանյան

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   958 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ