...

«Նշաձողը վերացնելու»՝ հոտնկայս վճարված գինը

«Նշաձողը վերացնելու»՝ հոտնկայս վճարված գինը

Ստրասբուրգում Նիկոլ Փաշինյանի ելույթին հաջորդած հոտնկայս ծափահարությունն այն գինն էր, որը Եվրամիությունը վճարեց նրան՝ անգամ Արցախի ամբողջական հայաթափման գնով ռուսական ազդեցության գոտուց դուրս պրծնելու վճռականության դիմաց։ Այդպես կուշտուկուռ գեներալներն են պատերազմում ոտքը կորցրած զինվորի դոշից թիթեղյա մեդալ կախում, նրան «հերոս» անվանում, ուսին թփթփացնում և ուղարկում տուն՝ մտքներում ծիծաղելով, թե «խելք ունենայիր՝ ոտքդ չկորցնեիր», այդպես ճամբարափոխներին են հյուրասիրում ու ցուցադրական պատիվներ տալիս, առանց ճշտելու՝ մտադի՞ր են ընդունել իրենց ճամբարը, թե՞ դեռ «հավելյալ ծառայություններ» պիտի մատուցի․․․ Ամեն դեպքում՝ հոտնկայս ծափահարությունների դրվագը մեր հերթական «բարոյական հաղթանակն» էր։ Ալիևին հաստատ հոտնկայս չեն ծափահարի, անգամ բռնապետ կանվանեն, հետո կգնան նրա հետ բազմամիլիարդանոց պայմանագրեր կստորագրեն, իսկ մենք ինքներս մեզ կմխիթարենք, որ նրա տարածն ընդամենը «անբարոյական հաղթանակ» էր։

Հիմա՝ բուն ելույթի մասին։ Մեկը դա կարող է հերթական «մայմունությունը» համարել, մի ուրիշը կարող է հայտարարել, թե ելույթը լսելիս հիացմունքից համարյա օրգազմի է հասել, որովհետև ոսկեղենիկ հայերենով հնչած այդ ելույթով Հայաստանը մուտք գործեց քաղաքակիրթ և ժողովրդավարական աշխարհ, բայց սրանք ընդամենը էմոցիոնալ գնահատականներ են։ Ելույթի տեքստը, ի դեպ, իսկապես էլ տպավորիչ էր ու բավականին հիմնավորված (ժողովրդավարության մասին լոլոների հատվածը չհաշված), բայց ո՞րն էր, ի վերջո, դրա բուն ասելիքը, և արդյո՞ք Հայաստանն այդ լսարանից ինչ-որ ակնկալիքներ կարող է ունենալ։

Եթե կարճ՝ ասելիքը մոտավորապես սա էր․ «Հարգելի Արևմուտք, դուք ինձ համոզում էիք, որ եթե Ղարաբաղի կարգավիճակի հարցում նշաձողը մի քիչ իջեցնեմ՝ Հայաստանի շահերի պաշտպանության շուրջ լայն կոնսոլիդացիա կձևավորվի։ Ես նշաձողի թեման ընդհանրապես փակեցի, ավելին՝ Ղարաբաղն այլևս չկա։ Ինձ ասում էիք, որ լավ կլինի՝ Հարավային Կովկասում անվտանգության ընդհանուր համակարգ լինի։ Ես եկել եմ՝ ասելու, որ դրան էլ եմ համաձայն և ուզում եմ, որ Հարավային Կովկասի բոլոր երկրներն ապրեն բաց սահմաններով։ Հայաստանը պատրաստ է տրամադրել իր բոլոր ճանապարհները, եկեք դրա անունը դնենք «Խաղաղության խաչմերուկ» և աշխատեցնենք հանուն մեր և ձեր շահերի։ Հասկանալի է՝ առանց Ռուսաստանի, բա հո իզուր տե՞ղը չէի 15 րոպե խոսում այն մասին, թե ինչպես նրանք մեզ «քցեցին»։ Մի խոսքով՝ ձեր ասածների մեծ մասն արել եմ, մյուս մասն էլ պատրաստ եմ անել, բայց Ադրբեջանը չի թողնում, ավելին է պահանջում։ Հիմա ձեր հերթն է, բարի եղեք Ադրբեջանին ստիպել կատարել իր բաժին քայլերը, իսկ եթե չկարողանաք կամ չցանկանաք՝ կստացվի, որ իզուր էլ հավատացի ձեզ ու վարի տվեցի Ղարաբաղը, միևնույն է՝ ռուսներից պրծում չկա»։ 

Համաձայնվեք՝ եթե պաթոսն ու հռետորական հնարքները մի կողմ ենք թողնում, բավականին պարզունակ ուղերձ է։ Պարզունակ, որովհետև Նիկոլ Փաշինյանն ակնհայտորեն չի հասկացել ամենակարևորը՝ թե ինչու Եվրամիությունն ամենամեծ ցանկության դեպքում անգամ չի կարող Ադրբեջանին ստիպել խաղաղության պայմանագիր ստորագրել Հայաստանի հետ և դրանով իսկ բացել «Խաղաղության խաչմերուկը»՝ Արևմուտքի կուրացիայի ներքո։ Ու խնդիրը միայն Ադրբեջանի օրեցօր բացվող ախորժակը չէ։ Խնդիրը նաև այն է, որ եթե Ադրբեջանը նման բան անի, անմիջապես կտրուկ փչացնելու է հարաբերությունները Ռուսաստանի հետ, իսկ Բաքվում Հայաստանի օրինակով տեսան, թե ինչ աղետալի հետևանքներ կարող է ունենալ դա։ Այնտեղ հասկացել են, որ եթե երկուսով անտառ եք մտնում, և արջը հարձակվում է, փրկվելու համար պարտադիր չէ արջից ավելի արագ վազել, ընկերոջից արագ վազելը բավական է։ Ադրբեջանն «ավելի արագ վազեց», և մենք կորցրեցինք Արցախը, հիմա ինչո՞ւ պիտի նրանք փոխեն իրադարձությունների զարգացման տրամաբանությունը, եթե ընթացքն իրենց օգտին է։

Արդյունքում ստացվում է, որ Նիկոլ Փաշինյանը Եվրամիության «դուռն էր գնացել» մի խնդրանքով, որի բավարարման հավանականությունը գործնականում զրո է։ Իսկ սովորաբար ինչպե՞ս են վարվում ինչ-որ բան խնդրողի հետ, առավել ևս՝ երբ գիտակցում են, որ թեև խնդրանքն արդարացի է, բայց բավարարել չեն կարող։ Ճիշտ է, ծափահարում են։ Երբեմն՝ նաև հոտնկայս։ Բա ուրիշ ի՞նչ անեն, եթե դիմացինը չի հասկանում անգամ, թե ումից ինչ կարելի է խնդրել, և ինչ՝ չի կարելի կամ անիմաստ է։

Մարկ Նշանյան

ՎԱՐԿԱՆԻՇ

   844 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ