Հաղորդավար - Բարև ձեզ, հարգելի հեռուստադիտողներ։ Եթերում կրկին «Ո՞վ է ուզում դառնալ միլիարդատեր» հեռուստախաղն է, և այսօրվա մասնակիցը Նիկոլ Փաշինյանն է (դահլիճից լսվում է ինչ-որ մեկի հրամանը՝ «ծա՛փ տվեք, արա՛», և բոլորը ծափահարում են)։ Պարոն Փաշինյան, նախքան խաղը սկսելը թույլ տվեք հարցնել՝ ինչպե՞ս եք պատրաստվում ծախսել 10 միլիոն դրամը, եթե շահեք։
Նիկոլ Փաշինյան - Ո՞նց թե «եթե շահեք», ինչի Հայաստանում այնպիսի հաղորդավար կա՞, որը կհամարձակվի իմ պատասխանը սխալ համարել։ Երկրորդն էլ՝ ես ոչ թե 10 միլիոն եմ շահելու, այլ 10 միլիոնով շահույթի ավելացում եմ ստանալու։ Ինչ վերաբերում է ծախսելուն․․․ Երևի 10 անգամ կճաշեմ ընտանեկան ջերմ միջավայրում։ Աննայի հետ ճաշելը մի միլիոն էր, չէ՞։
Հաղորդավար - Եվ այսպես՝ առաջին հարցը, և 10 հազար դրամ։ Հայ պետական և քաղաքական գործիչ, որը Ձեզ բնորոշել է որպես «ազգակործան պատուհաս», և որի մասին Դուք ասել եք, որ նա վերջում միշտ ճիշտ է դուրս գալիս։ Տարբերակներ․․․
Ն․ Փ․ - Մի րոպե, մի րոպե, չհասկացա, իմ դեմ հիբրիդային պատերազմ ե՞ք վարում, էդ հարցը հանեք։ Համ էլ՝ հարցը կոռեկտ չի, որովհետև նրա տված այդ գնահատականը պիտի վերջո՛ւմ ճիշտ դուրս գար, բայց իմ դեպքում հենց սկզբից էլ ակնհայտ էր, այսինքն՝ հարցը սխալ եք ձևակերպել։ Այնպես որ՝ այդ 10 հազարը տվեք ինձ, անցեք հաջորդ հարցին։
Հաղորդավար - Լավ, պարոն Փաշինյան։ Հաջորդ հարցը, և 20 հազար դրամ։ Ինչպե՞ս է կոչվում այն երևույթը, երբ որևէ երկիր կատարում է երկրորդ երկրի բոլոր նվաստացուցիչ պահանջները, իսկ այդ երկրորդ երկիրը շարունակում է զինվել, սպառնալ պատերազմով և առաջին երկրի տարածքի մեծ մասն իրենը համարել։ Տարբերակներ․ ա՝ «Կապիտուլյացիա», բ՝ «Մանիպուլյացիա», գ՝ «Դեգրադացիա», դ՝ «Խաղաղություն»։
Ն․ Փ․ - Իհարկե «Խաղաղություն»։ (Դահլիճից նորից հնչում է «ծա՛փ տվեք, ար՛ա» հրամանը, բայց միայն 2 ծափ է հնչում)։ Իսկ ովքեր ծափ չտվեցին՝ շուտով որպես օտարերկրյա գործակալներ իրենց բերաններում կզգան պետության համը։
Հաղորդավար (դժկամությամբ ծափ տալուց հետո) - Երրորդ հարցը, և 50 հազար դրամ։ Ո՞ր կենդանի արարածն է ի վիճակի 3 ամիս մնալ առանց սննդի և 40 օր՝ առանց ջրի։ Տարբերակներ․ ա՝ ուղտը, բ՝ թոշակով ապրող հպարտ քաղաքացին, գ՝ ՔՊ-ական պատգամավորները, դ՝ Նավասարդ Կճոյանը։
Ն․ Փ․ - Բարդ հարց տվեցիք։ Կարելի՞ է օգտվել «զանգ ընկերոջը» հնարավորությունից։ Ալո՛, Ալե՛ն, լսի մի հատ հարց տամ․․․ հերի՛ք ա շնորհակալություն հայտնես, ժամանակ չկա։ Դու կարա՞ս 40 օր ջուր չխմես․․․ ըհը, «ա» տարբերակը բացառում ենք․․․ սպասի մի հատ էլ զանգեմ սոցապ նախարարին․․․ «բ» տարբերակն էլ բացառեցինք․․․ ՔՊ-ական պատգամավորներն առանց ուտել-խմելու սկի 15 րոպե չեն դիմանա․․․ Փաստորեն՝ մնաց Նավասարդ Կճոյանը։
Հաղորդավար - Այո՛, և դա ճիշտ պատասխանն է։ Չէ՞ որ նա հոգևոր սնունդով է ապրում։
Ն․ Փ․ - Հա, ես էլ ասեմ՝ էն օրը խի էր ինձանից «Երկրի հակառակ կողմը» գիրքը խնդրում․․․
Շարունակելի