...

Ո՞ւմ միջև է ընթանում միջանցքը բացելու առևտուրը

Ո՞ւմ միջև է ընթանում միջանցքը բացելու առևտուրը

Եվ այսպես, Ռուսաստանի արտգործնախարարը հայտարարեց, թե մոտ օրերս Լաչինի միջանցքը կբացվի, ու բառացիորեն ժամեր անց Արցախի գազամատակարարումը դադարեցվեց։ Սերգեյ Լավրովը Լաչինի միջանցքի փակման հարցում հասցրեց նաև անուղղակիորեն արդարացնել ադրբեջանական կողմին՝ հայտարարելով, թե նրանք փաստեր են ներկայացրել, որ այդ ճանապարհով Հայաստանից զենք-զինամթերք է հասցվել Ղարաբաղ։ ԼՂՀ նախագահ Արայիկ Հարությունյանն էլ հայտարարեց, թե իրենք ադրբեջանական կողմի հետ ինչ-որ քննարկումներ են ունեցել, բայց համաձայնության չեն եկել։ Իսկ Հայաստանի իշխանությունները, ինչպես հայտնի է, Լաչինի միջանցքի հարցով ընդհանրապես չեն բանակցում, որովհետև այդ հարցն իրենց իրավասության գոտուց դուրս են համարում (համ էլ՝ ինչպես Ալեն Սիմոնյանն ասաց, եթե բանակցեն՝ Ադրբեջանն իրենց առջև պահանջներ կդնի)։ Հիմա՝ հարց․ եթե Արցախի իշխանությունների հետ ադրբեջանցիների երկխոսությունը ձախողվել է, Հայաստանի իշխանություններն էլ «սկզբունքորեն» չեն բանակցում, ինչպե՞ս և ի՞նչ պայմաններով են միջանցքի բացումը պատկերացնում «միակ բանակցողներ» Ռուսաստանն ու Ադրբեջանը։

Պատասխանն ակնհայտ է։ Ռուսներն ու ադրբեջանցիները կարող են պայմանավորվել (եթե, իհարկե, արդեն իսկ չեն պայմանավորվել), որ Լաչինի միջանցքում ադրբեջանական անցակետ ևս տեղադրվի, ու «մարդասիրական բեռների անխափան տեղաշարժը» վերահսկեն համատեղ։ Ուշադրություն դարձրեք՝ եթե նման որոշում կայացվի, ո՛չ Հայաստանի, ո՛չ Արցախի իշխանությունները ոչինչ անել չեն կարող։ Հասկանալի է՝ դա բացարձակապես անընդունելի համարող հայտարարություններից բացի։ Որովհետև եթե դու հայտարարում ես, որ Լաչինի միջանցքի անխափան գործունեության ապահովումը բացառապես ռուս խաղաղապահների գործառույթն է, դրանով իսկ այդ նույն խաղաղապահներին իրավունք ես տալիս, որ իրե՛նք որոշեն, թե ինչպես են հարմար գտնում իրականացնել այդ գործառույթը։ Ընդ որում՝ եթե դա տեղի ունենա, որոշ ժամանակ «մարդասիրական բեռներն» իսկապես էլ կարող են հասնել Արցախ (թեև նոյեմբերի 9-ի փաստաթղթում խոսվում է ոչ թե «մարդասիրական», այլ բոլոր տեսակի բեռների մասին)։ Բայց դա առանձնապես չի փոխի իրավիճակը՝ հենց թեկուզ միայն այն պատճառով, որ Արցախը սնուցող գազատարն ու էլեկտրահաղորդման գծերը տեղ-տեղ դուրս են մնացել Լաչինի միջանցքից, հետևաբար՝ ռուս խաղաղապահների «պատասխանատվության գոտում» չեն ու անընդհատ «վթարվելու են»։

Բայց նույնիսկ այսքանը չի բավարարում Ադրբեջանին։ Նրանք ուզում են վերահսկել ոչ միայն միջանցքը, այլև «ռուս խաղաղապահների պատասխանատվության գոտին» ամբողջությամբ։ Մասնավորապես՝ ներքաղաքական կյանքը (վերջնագրային տեսքով պահանջում են Ռուբեն Վարդանյանի պաշտոնանկությունն ու արտաքսումը), տնտեսական կյանքը (պահանջում են վերահսկողություն հանքավայրերի նկատմամբ), անվտանգության ոլորտը (պահանջում են ՊԲ լիակատար զինաթափում և դա մոնիտորինգի ենթարկելու մեխանիզմներ), և այլն։ Ու հիմա խնդիրը հետևյալն է՝ Լաչինի միջանցքի հարցում ադրբեջանական պահանջներին «ըմբռնումով մոտենալուց» հետո ռուս խաղաղապահները նրանց մյուս պահանջներին նո՞ւյնպես «ըմբռնումով կմոտենան» ու կհամաձայնվե՞ն ադրբեջանցիների հետ կիսել գործառույթները իրենց՝ մոտ 3 հազար քառակուսի կիլոմետր տարածքով «պատասխանատվության գոտում»։

Եթե ուրիշ ճար (կամ «զահլա») չունենան՝ ըստ երևույթին կամաց-կամաց հենց այդպես էլ կանեն ու կփորձեն ժամանակ շահել։ Հընթացս, իհարկե, մեղադրելով հայկական կողմին, որը, ժամանակ շահելու հարցում իրենց օգնելու փոխարեն, չգիտես ինչու շտապում է՝ գործնականում օգնելով ադրբեջանական կողմին։

Մարկ Նշանյան

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   509 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ