...

Ո՞ւմ օրակարգով են առաջնորդվում ռուս խաղաղապահները

Ո՞ւմ օրակարգով են առաջնորդվում ռուս խաղաղապահները

Միայն մարտի 5-ի դիվերսիայի հաջորդ օրը հանրությանը հայտնի դարձավ, որ դրանից չորս օր առաջ ադրբեջանական կողմը փաստացի վերջնագիր էր ներկայացրել Արցախին ու սպառնացել՝ կամ ընտրում եք Ադրբեջանի կազմում ինտեգրվելու ուղին, կամ լինելու են ավելի կոշտ ու կտրուկ քայլեր։ Մարտի 6-ին՝ դիվերսիայի հաջորդ օրը, Արցախի նախագահը հայտարարեց, որ իրենք իրենց որոշումը կայացրել են ու չեն հրաժարվելու ինքնորոշման և անկախության իրավունքից, ու նույն օրը երեկոյան Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարություն տարածեց, ըստ որի՝ ռուս խաղաղապահները պիտի անհապաղ կատարեն իրենց պարտականությունները և բացառեն «Հայաստանից Ղարաբաղ զենք-զինամթերքի մատակարարումները», հակառակ դեպքում իրենք ստիպված կլինեն «զինաթափել և չեզոքացնել Ղարաբաղի ապօրինի զինված կազմավորումները»։

Վիճակը սա է, իսկ մնացածը՝ «սա Պուտինին հասցված հերթական ապտակն էր», «ադրբեջանցիների նվերն էր Սպարապետի ծննդյան օրվա առթիվ» և այլն, ընդամենը լիրիկական զեղումներ են։ Ճիշտ այնպես, ինչպես հայաստանյան տարբեր տրամաչափի չինովնիկների հայտարարությունները, թե «այդ քայլով Ադրբեջանն ապացուցեց, որ պատրաստվում է նոր պատերազմի»։ Նո՞ր պիտի ապացուցի, մի՞թե ակնհայտ չէ, որ Ադրբեջանը նոր պատերազմի պատրաստվում է 2020 թ․ նոյեմբերի 10-ից, իսկ «խաղաղության դարաշրջանն» ընդամենը Նիկոլ Փաշինյանի հորինած այն թմրանյութն է, որով նա պիտի բթացներ մարդկանց՝ սեփական ազգակործանության իրական մասշտաբները թաքցնելու և կաշին փրկելու համար։

Ինչևէ։ Հիմա փորձենք հասկանալ, թե ինչպե՞ս է ստացվում, որ նույն դիվերսիայի պատճառով Ադրբեջանը բացահայտորեն դժգոհում է ռուս խաղաղապահների գործունեությունից (իրենց գնահատմամբ՝ անգործությունից), իսկ Արցախում որոշակի շրջանակներ պատրաստվում են պահանջել այդ նույն խաղաղապահների հրամանատարի հրաժարականը (ուշադրություն դարձրեք՝ խոսքն այլ պետության զինվորական պաշտոնյայի մասին է)։ Հասկանալի է, չէ՞, որ ռուս խաղաղապահները, անկախ նրանից, թե ով կլինի հրամանատարը, առաջնորդվելու են ոչ թե Բաքվի, Ստեփանակերտի կամ Երևանի, այլ Մոսկվայի հրահանգներով։ Իսկ այդ հրահանգները, բնականաբար, պայմանավորված են լինելու Ռուսաստանի շահերով։ Պարզապես Ադրբեջանը հարցը շատ հստակ է դնում․ կամ ռուս խաղաղապահներն առաջիկա երկուսուկես տարիների ընթացքում հենց իրենք պիտի ապահովեն «Ղարաբաղի էթնիկ հայերի ինտեգրացիան», ինչը ենթադրում է որևէ անվերահսկելի կապի բացառում Հայաստանի և Արցախի միջև, Պաշտպանության բանակի զինաթափում և լուծարում, ադրբեջանցի փախստականների վերադարձ ու նրանց անվտանգության ապահովում և այլն, կամ երկուսուկես տարի անց պիտի հեռանան։ Արցախն այլ կերպ է պատկերացնում ռուս խաղաղապահների առաքելությունը։ Նրանք պիտի ապահովեն անխափան կապը Հայաստանի հետ և բացառեն ադրբեջանական որևէ ռազմական սադրանք՝ այնքան ժամանակ, քանի դեռ Արցախի և Ադրբեջանի միջև բանակցությունների միջոցով չի գտնվել խնդրի վերջնական լուծումը, որը պիտի բացառի Արցախի «ինտեգրումն» Ադրբեջանի կազմում։ Հիմա հարց՝ այս երկու իրարամերժ դիրքորոշումներից ո՞րն է ավելի մոտ Ռուսաստանի իրական շահերին և փաստացի հնարավորություններին, եթե հաշվի առնենք, որ ռուս խաղաղապահների տեղակայման ժամկետը խիստ սահմանափակ է, կարողությունները նույնպես խիստ սահմանափակ են՝ Արցախի շուրջ իրավիճակը լիովին վերահսկելու համար, Ռուսաստանն էլ ի վիճակի չէ Ադրբեջանին ստիպել կարգավիճակի շուրջ բանակցություններ սկսել Արցախի հետ։ 

Պատասխանը, ցավոք, ակնհայտ է, ու դա է պատճառը, որ ռուս խաղաղապահները, մեծ հաշվով, գործում են «ադրբեջանական օրակարգի» շրջանակներում։ Ճիշտ է՝ դժկամորեն, ժամանակ ձգելով, բայց այնուամենայնիվ՝ ադրբեջանական կողմի պահանջներն են կատարում։ 

Հայաստանի իշխանություններն էլ, ի դեպ, կարծես թե առանձնապես դեմ չեն։ Ինչո՞ւ պիտի դեմ լինեն, եթե դա հերթական անգամ մեղքն ուրիշների վրա բարդելու հրաշալի հնարավորություն է տալիս։

Մարկ Նշանյան

Читать на русском

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   1179 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ