...

Ոչ սիրային եռանկյունու կապանքներում

Ոչ սիրային եռանկյունու կապանքներում

Ի՞նչ է տեղի ունենում Արցախում, ինչո՞ւ է տեղի ունենում հատկապես հիմա, որո՞նք են Ադրբեջանի ու Ռուսաստանի հեռահար նպատակները, և ինչպե՞ս կզարգանան իրադարձությունները մեզ համար։ Հիմնական վարկածները երեքն են։

1․ Ադրբեջանը գործում է ինքնագլուխ։

Ըստ այս վարկածի, Բաքվում որոշել են, որ պահը շատ հարմար է՝ Ռուսաստանը «խրված է» Ուկրաինայում, չի ցանկանա փչացնել հարաբերություններն Ադրբեջանի ու Թուրքիայի հետ, այսինքն՝ կոշտ քայլերի չի գնա, հետևաբար՝ իրենք կարող են քայլ առ քայլ առաջ գալ, գյուղեր ու բարձունքներ գրավել, որպեսզի արագացնեն Արցախի հայաթափումը։ Եվ իսկապես էլ, մշտապես ադրբեջանցիների ուղիղ նշանառության տակ ապրելն անհնար է, առավել ևս՝ հումանիտար աղետի պայմաններում։ Իսկ եթե դա էլ «չաշխատի» ու նոր պատերազմ սկսվի, ադրբեջանցիները նախապես «զբաղեցրած» բարձունքների շնորհիվ շատ ավելի շահեկան դիրքերում կլինեն։ 

2․ Ադրբեջանն ու Ռուսաստանը գործում են համաձայնեցված։

Այս վարկածի տրամաբանությունը հետևյալն է։ Ադրբեջանին հետաքրքրում է ոչ այնքան Արցախը (նրանք այդ հարցը լուծված են համարում), որքան Հայաստանն «իզգոյացնելը»։ Դա արվում է այսպես․ իրենք ժամանակ առ ժամանակ ռուս խաղաղապահների կշտամբող հայացքների ներքո ինչ-որ ուղղություններով հարձակվում են, Հայաստանի իշխանություններն ամեն անգամ աղերսագրերով դիմում են Ռուսաստանին, այնտեղից էլ ամեն անգամ իրենց օգնության դիմաց Հայաստանից ինչ-որ բան են պահանջում։ Ասենք՝ միջազգային տարբեր կառույցներում քվեարկել Ռուսաստանի օգտին, ճանաչել Ղրիմը, Դոնբասն ու Լուգանսկը, և այլն, մի խոսքով՝ «հստակ կողմնորոշվել»։ Դա, հասկանալի է, միանգամայն ձեռնտու է Ադրբեջանին, որովհետև այդ դեպքում Հայաստանն ամբողջ աշխարհի կողմից կընկալվի որպես «ագրեսորի ֆորպոստ» ու նույնպիսի պատժամիջոցների կենթարկվի, իսկ իրենք կընկալվեն որպես «ագրեսորի ֆորպոստի դեմ պայքարողներ», այսինքն՝ համարյա «քաղաքակրթության առաջամարտիկներ»։ Ռուսաստանին նույնպես դա ձեռնտու է, որովհետև այս իրավիճակում ի դեմս Հայաստանի ևս մի «անվերապահ դաշնակից» (իսկ հեռանկարում՝ միութենական պետության պատրաստի թեկնածու) ունենալը կարևոր է։ Ընդ որում՝ Ադրբեջանին դա չի սպառնում (Թուրքիան թույլ չի տա)։ Պարզ ասած՝ ադրբեջանական սողացող ագրեսիան Ռուսաստանը կարող է օգտագործել որպես մեզ հնազանդեցնելու ամենաարդյունավետ գործիք։

3․ Ադրբեջանն ու Հայաստանը գործում են համաձայնեցված։

Այս վարկածի տրամաբանությունը հետևյալն է։ Նիկոլ Փաշինյանի իշխանությունն արդեն հայտարարել է, որ Ադրբեջանի ներկայացրած հինգ կետերն ընդունելի են, այսինքն՝ վաղ թե ուշ բանակցությունները պիտի սկսվեն ու համաձայնագրի տեսք ստանան։ Բայց Հայաստանում դա կարող է հանրային բողոքի լուրջ ալիք բարձրացնել, հետևաբար՝ Նիկոլ Փաշինյանը պիտի փորձի հանրությանը ցույց տալ, որ այլ ելք չկա, ինչքան ուշացնենք՝ այնքան թշնամին առաջանալու է, ռուս խաղաղապահների վրա էլ չարժե հույս դնել, ուստի իրեն այլ ելք չի մնում․․․ Իսկ Ադրբեջանի լկտիացումն այդ «թեզի» լավագույն քարոզչական հիմնավորումն է։ Ուշադրություն դարձրեք նաև, որ Հայաստանի և Ադրբեջանի իշխանությունների միջև ուղիղ հաղորդակցության խողովակներ կան, իսկ ռուս խաղաղապահների հետ խոսելիս ադրբեջանցիները որպես փաստարկ հենց Նիկոլ Փաշինյանի ստորագրած փաստաթղթի կետերն են մատնանշում։

Ինչևէ։ Այլ վարկածներ նույնպես հնարավոր են, բայց փաստն այն է, որ այս հովհարային «խաղաղության դարաշրջանում» հասարակությունը վստահ չէ անգամ այն հարցում, թե ո՞ւմ կողմից է «խաղում» սեփական իշխանությունը։ Եթե, իհարկե, ընդհանրապես խաղից դուրս վիճակում չէ։

Մարկ Նշանյան

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   2521 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ